Մատչելիության հղումներ

Պոլսահայ լրագրողը չի կարծում, թե Թուրքիա օգնություն ուղարկելու Հայաստանի քայլը քաղաքական դաշտի վրա մեծ ազդեցություն կունենա


Հայ փրկարարներն աղետի գոտում՝ Ադիյամանում, Թուրքիա, 9-ը փետրվարի, 2023թ
Հայ փրկարարներն աղետի գոտում՝ Ադիյամանում, Թուրքիա, 9-ը փետրվարի, 2023թ

Պոլսահայ լրագրող, գրող Վերճիհան Զիֆլիօղլուն չի կարծում, թե Թուրքիա մարդասիրական օգնություն ուղարկելու Հայաստանի քայլը քաղաքական դաշտի վրա մեծ ազդեցություն կունենա։

«Ազատության» հետ զրույցում լրագրողը միևանույն ժամանակ ընդգծեց՝ Թուրքիայի արձագանքը շատ դրական էր, մամուլը պարբերաբար խոսում ու ցուցադրում էր, թե ինչպես հայ-թուրքական սահմանը բացվեց ու մարդասիրական օգնությունը մտավ Թուրքիա։

Լրագրողի հետ զրույցից մի հատված ներկայացնում ենք ստորև․

«Ազատություն»․ - Թուրքիայում փրկարարական աշխատանքներին նաև հայ փրկարարներն են մասնակցում։ Հայաստանը 100 տոննա մարդասիրական օգնություն տրամադրեց Թուրքիային, մի քանի րոպեով բացվեց հայ-թուրքական սահմանը։ Ի՞նչ եք կարծում, ինչպե՞ս կանդրադառնա այս քայլը երկու երկրների հարաբերությունների վրա։

Զիֆլիօղլու․ - Մարդասիրական օգնությունը կարևոր էր, բոլոր երկրներն օգնության հասան, ինչո՞ւ ոչ Հայաստանը։ Չեմ կարծում, որ դա քաղաքական դաշտի վրա մեծ ազդեցություն ունենա։

«Ազատություն»․ - Ինչպիսի՞ն էր արձագանքը։ Դուք ևս հետևում եք թուրքական մամուլին, հեռուստատեսությանը, ինչպե՞ս արձագանքեց թուրքական մեդիան հայկական մարդասիրական օգնությանը։

Զիֆլիօղլու․ - Շատ լավ էր, շատ դրական էր, մեծ մամուլը, գործակալությունները՝ հեռուստատեսությունները ցույց տվեցին, կայքերը ևս սահմանների մասին լուրեր տարածեցին, թե ինչպես սահմանը բացվեց և օգնությունը հասավ Թուրքիա։ Շատ դրական էր։

Հայկական բեռնատարները հայ-թուրքական սահմանին՝ 30 տարի առաջ փակված Մարգարայի կամրջի վրա, 11-ը փետրվարի, 2023թ․
Հայկական բեռնատարները հայ-թուրքական սահմանին՝ 30 տարի առաջ փակված Մարգարայի կամրջի վրա, 11-ը փետրվարի, 2023թ․

«Ազատություն»․ - Զոհերի թվում նաև հայեր կան։ Գիտե՞ք, թե վերջին տվյալներով քանի հայ է զոհվել Թուրքիայում։

Զիֆլիօղլու․ - Որպես լրագրող, չեմ կարող թիվ հայտնել, որովհետև այնտեղ չեմ, բայց լսել եմ 10 հոգու մասին։ Հրեաների, հույների, այսինքն, փոքրամասնությունների մեջ ևս մահացած մարդիկ կան։

«Ազատություն»․ - Էրդողանի վարչակազմը քննադատվում է փրկարարական աշխատանքները ճիշտ չկազմակերպելու համար, ինչպես նաև կոռուպցիայի համար, որի հետևանքով բազմաթիվ շենքեր փլվեցին։ Ի՞նչ է հայտնի Ձեզ փրկարարական աշխատանքներից ու ընդհանուր ներկա իրադարձություններից։

Զիֆլիօղլու․ - Առաջին օրերին շատ խառն էր վիճակը, և պարզապես չկարողացան օգնություն հասցնել առաջին ժամերին, բայց երկրորդ օրը, ինչպես գիտեք, բավականին օտարերկրացիներ հասան օգնության, ինչպես և Հայաստանը։ Դժբախտաբար, ծավալը շատ մեծ է, և օտար մամուլը հայտնում է, որ զոհերի թիվը կարող է հասնել մոտ 70 հազարի։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG