Մատչելիության հղումներ

Հայաստանն ու Թուրքիան որոշել են բացել ցամաքային սահմանը այլ երկրների քաղաքացիների համար


Հայաստանը և Թուրքիան պայմանավորվել են բացել ցամաքային սահմանը երրորդ երկրների քաղաքացիների համար ամենասեղմ ժամկետներում:

Վիեննայում կայացած այսօրվա հանդիպմանը շուրջ 30 տարի դիվանագիտական հարաբերություններ չունեցող ու փակ սահմաններով ապրող երկու երկրների բանագնացներ Ռուբեն Ռուբինյանը և Սերդար Քըլըչը որոշել են մեկնարկել նաև Հայաստան-Թուրքիա ուղիղ օդային բեռնափոխադրումները:

Ըստ երկու արտգործնախարարությունների` հատուկ ներկայացուցիչները քննարկել են հարաբերությունների լիարժեք կարգավորմանը հասնելու հնարավոր քայլերը` ընդգծելով կարգավորման գործընթացն առանց նախապայմանների շարունակելու պայմանավորվածությունը:

Հայաստանի և Թուրքիայի միջև ցամաքային սահմանը փակ է 1993 թվականից: Դեռ մարտին Թուրքիայի արտգործնախարարը խոսել էր հայ-թուրքական սահմանի բացումից և նշել, որ քննարկվում են տեխնիկական բնույթի հարցեր:

Հատուկ բանագնացներ Ռուբեն Ռուբինյանը և Սերդար Քըլըչը չորրորդ անգամ են հանդիպում: Ավելի քան կես տարի ընթացող բանակցությունների միակ առարկայական արդյունքը մինչ այժմ երկու երկրների միջև ուղիղ ավիահաղորդակցության վերականգնումն էր, որը դադարել էր 2019-ի վերջին:

Հայ-թուրքական կարգավորման գործընթացը առարկայական փուլ մտավ անցած տարեվերջին, երբ կողմերը բանակցություններ սկսելու համար հատուկ ներկայացուցիչներ նշանակեցին:

XS
SM
MD
LG