Մատչելիության հղումներ

Խնդիրը ռուս խաղաղապահի մեջ չէ,  մանդատի մեջ է. Դավիթ Բաբայան 


Արցախի արտգործնախարարի պաշտոնակատար Դավիթ Բաբայան։
Արցախի արտգործնախարարի պաշտոնակատար Դավիթ Բաբայան։

Արցախում համոզված են, որ Լաչինի միջանցքում ստեղծված ճգնաժամի լուծման բանալին ռուս խաղաղապահներին միջազգային մանդատով օժտելն է, որպեսզի նրանք կարողանան խաղաղություն պարտադրել, ինչպես, օրինակ, Կոսովոյում կամ Բոսնիայում:

Արտգործնախարարի պաշտոնակատար Դավիթ Բաբյանը, ով Լաչինի միջանցքը փակ լինելու պատճառով շուրջ երեք շաբաթ է, Երևանից չի կարողանում Արցախ մեկնել, «Ազատության» հետ զրույցում ասաց, որ նույնիսկ եթե ռուսներին փոխարինեն այլ երկրների խաղաղապահներ, առանց միջազգային մանդատի որևէ հարց չի լուծվելու։

Ռուս խաղաղապահներին միջազգային մանդատով օժտելու կամ միջազգային զորախումբ Արցախ ուղարկելու մասին երեկ խոսեց նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ եթե Ռուսաստանը չի կարողանում ապահովել Արցախի անվտանգությունը, ապա պետք է դիմի ՄԱԿ -ի Անվտանգության խորհրդին՝ ռուս խաղաղապահներին միջազգային մանդատով օժտելու կամ Արցախ լրացուցիչ բազմազգ խաղաղապահ զորախումբ ուղարկելու հարց բարձրացնի։

«Եթե այդ մանդատը չկա, չեն կարողանում ուժ կիրառել նույն այդ «էկոլոգ-տեռորիստների» նկատմամբ, ո՞նց անեն։ Այստեղ սա է ամենակարևորը, առանցքային բաղադրիչը՝ մանդատը։ Այսինքն՝ ՄԱԿ-ից ստանալ համապատասխան լիազորություններ։ Ինչ վերաբերում է այս զորախմբին, այստեղ խնդիրը ռուսները չեն։ Մենք պետք է լավ հասկանանք։ Խնդիրը Արդբեջանն ու Թուրքիան են։ Հիմա եթե առանց մանդատ գա այլ ինչ-որ խաղաղապահ, Ֆինլանդիայից, ի՞նչ է, Թուրքիան և Ադրբեջանը խելո՞ք են իրենց պահելու։ Իհարկե ոչ։ Էլի ռուսներից ավելի շատ են քաշվում, քան կքաշվեին, ասենք, ֆիններից, նորվեգացիներից... ամենայն հարգանքով այդ երկրների նկատմամբ», - ասաց Բաբայանը

Նա զարմանում է, թե ինչու են բոլորը խոսում միայն ռուս խաղաղապահների մասին՝ մոռանալով, որ Ադրբեջանն է փակել Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը։

«Այս պահին հարվածել ռուս խաղաղապահներին, նշանակում է խեղդամահ անել Արցախը», - ասում է արտգործնախարարի պաշտոնակատարը։ - «Ո՞վ ա մեղավոր էս ամեն ինչում։ Ռո՞ւսն ա մեղավոր։ Ինչո՞ւ եք այդ գիծը տանում»։

Դավիթ Բաբայանը հորդորում է միջազգային հանրությանը մի կողմ դնել Արևմուտք - Ռուսաստան հակասությունները և 120 հազար մարդու հումանիտար աղետից փրկելու համար կոնկրետ քայլեր ձեռնարկել. - «Բերեք կոտորեք, սպանեք արցախցիներին, թե ինչ ա իրենք իրար հետ խնդիր ունեն՝ Արևմուտքն ու Ռուսաստանը... Խաղաղապահ առաքելությունը հումանիտար է, չէ՞, ի՞նչ կապ ունի աշխարհաքաղաքական խնդիրների հետ։ Մի կողմ դրեք, խնդրում եմ, գոնե մեր պարագայում մի կողմ դրեք, էս հարյուր քսան հազար մարդուն սովամահ չանենք»։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ կառավարության նիստում անընդունելի համարեց «Լեռնային Ղարաբաղի հայաթափման լուռ վկա դառնալու Ռուսաստանի գործելակերպը»։ Արցախի ընդդիմությունից մինչդեռ հակադարձում են՝ հենց Փաշինյանն է լուռ հետևում, թե ինչպես է Արցախը հումանիտար աղետի ենթարկվում։

Արցախի Խորհրդարանի «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանի շեշտադրմամբ՝ իհարկե, շատ ճիշտ կլիներ, որ Արցախում միջազգային մանդատով օժտված խաղաղապահ զորակազմ լիներ, բայց այդ մասին Փաշինյանը պետք է ոչ թե հայտարարություններ, այլ գործնական քայլեր անի. - «Գոնե Հայաստանի Հանրապետությունը այսօր քայլեր ձեռնարկի Արցախին այս իրավիճակից հանելու համար, չբավարարվի զուտ կառավարության նիստերում կատարած հայտարարություններով»։

«Ազատության» դիտարկմանը, թե ինչ-որ բան արվում է, օրինակ, որոշվել է չորս միլիարդ դրամի օգնություն տրամադրվել Արցախին, Գալստյանը հակադարձեց. - «Թեկուզ էսօր չորս միլիարդ դոլար բերես Արցախ, եթե խանութներում չկա առաջին անհրաժեշտության պարենային սնունդ, ապա միայն ու միայն գումարային հարցով Արցախում այդ խնդիրը չի լուծվի»։

Դաշնակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Արթուր Մոսիյանն ընդգծում է, որ ռուս խաղաղապահների մասին խոսելիս, Փաշինյանը թող հիշի, որ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության տակ նաև իր ստորագրություն է դրած. - «Էս օրերի ընթացքում մոտավորապես օտար պետությունների ղեկավարների նման են արձագանքել, և թող իրա պատասխանատվությունը ուրիշի վրա չգցի։ Առաջին պատասխանատուն և մեղավորը էս ամբողջ բանի համար ինքն ա։ Փաշինյանը պարզապես առիթը բաց չի թողնում հակառուսական հայտարարություն անելու՝ առանց մտածելու, թե դա Ղարաբաղին օգուտ ա, թե վնաս»։

Արձագանքելով Արցախին 4 միլիարդ դրամի աջակցություն տրամադրելու Հայաստանի վարչապետի որոշմանը, դաշնակցական պատգամավորը հարցնում է, թե դա ինչպես է օգնելու շրջափակված Արցախին. - «Ապաշրջափակվո՞ւմ է դրանով Ղարաբաղը... Կամ ինքը էդ փողի փոխարեն մի անգամ Արցախի Հանրապետություն բառակապակցությունը օգտագործի և արցախահայությանը չսարքի էստեղ ապրող ինչ-որ մի էթնոս, Արցախում ապրող հայերի իրավունքներ»։

Հայաստանի իշխանությունը ճանապարհի փակումից ի վեր հայտարարում է, որ գործադրում է հնարավոր բոլոր դիվանագիտական ջանքերը ճգնաժամը հանգուցալուծելու համար։ Դրանց շարքում նշում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում միջանցքի հարցով քննարկումը։ Կես տարի առաջ Հայաստանի վարչապետն ասել էր, որ Ադրբեջանն է խոչընդոտում ռուս խաղաղապահների մանդատի և լիազորությունների շրջանակի հաստատմանը, և որ Երևանը այս հարցով առանձին փաստաթուղթ է կնքել Մոսկվայի հետ։

Թե ինչ է այն ենթադրում, մինչ օրս պարզ չէ, փաստաթուղթը չի հրապարակվել։ Այս խնդրի հետ կապված դեկտեմբերի կեսին հարցեր ենք ուղղել Հայաստանի կառավարությանը, պատասխան դեռ չենք ստացել։

Հստակ չէ նաև, թե ինչու Երևանն ինքը չի դիմում ՄԱԿ-ին՝ ռուս խաղաղապահներին միջազգային մանդատ տալու հարցով։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG