Մատչելիության հղումներ

Կաշենի հանքավայրը ժամանակավորապես փակելու որոշումը Արցախում զիջում չեն դիտարկում


Կաշենը, արխիվ
Կաշենը, արխիվ

Արցախի կառավարությունը «Բեյզ Մեթըլս» ընկերության հետ համատեղ որոշել է ժամանակավորապես դադարեցնել հանքավայրի շահագործումը։ Պաշտոնական հաղորդագրության մեջ նշվում է. «Հաշվի առնելով հարևան երկրի «էկոակտիվիստների» ստեղծած անառողջ միջավայրն ու միջազգային հանրությանը մոլորեցնելու փորձերը՝ որոշում է կայացվել դիմել միջազգային կազմակերպություններին՝ «Բեյզ Մեթըլս» ընկերության գործունեության հետ կապված միջազգային էկոլոգիական փորձաքննություն իրականացնելու համար»:

Արցախի կառավարությունը դիմել է ՄԱԿ-ի կառույցներին և միջազգային մյուս մասնագիտական կազմակերպություններին՝ փորձաքննության իրականացումը սեղմ ժամկետներում կազմակերպելու նպատակով: Կառույցների անունները չեն նշվում։

Արդյոք Կաշենի հանքավայրը ժամանակավորապես փակելու որոշումը զիջում չէ՞ր։ Մինչ իշխանությունները հրաժարվում են արձագանքել, Լեռնային Ղարաբաղի խորհրդարարանի ընդդիմությունը կառավարության քայլը զիջում չի համարում: Խորհրդարանի ընդդիմադիր «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանն ասում է՝ այս որոշմամբ ևս մեկ անգամ միջազգային հանրությանը ցույց են տալիս, որ պատրաստ են միջազգային մոնիտորինգային խումբ ընդունել ոչ միայն Կաշենում, այլ նաև տարածաշրջանում։ Գալստյանի փոխանցմամբ՝ Արցախում չեն պատրաստվում թույլ տալ ադրբեջանցիներին միակողմանիորեն որևէ գործողություն անել, քանի որ պնդում են՝ Կաշենը Արցախի տարածքում է, և այդտեղ մոնիտորինգի իրավունք ունեն միայն Արցախի իշխանությունն ու միջազգային հանրությունը։

Լաչինի միջանցքը ադրբեջանցիները փակեցին, երբ արցախցիները դեկտեմբերի 10-ին թույլ չտվեցին նրանց մտնել Կաշենի հանքավայր։

«Այս որոշումը չպետք է դիտարկել էկոակտիվիստների ինչ-որ ձեռքբերման կամ հաջողությունների կոնտեքստում: Սա զիջում չէ, սա բարի կամքի և ընդհանրապես մեր պատրաստակամության դրսևորումն է, որ ինչ վերաբերում է էկոլոգիական անվտանգությանը, մենք պատրաստ ենք այդ հարցը ամենաբարձր հարթակներում կյանքի կոչել, բայց ոչ ագրեսոր Ադրբեջանի և իրականությունն աղավաղող երկրի սուբյեկտիվ մոնիտորինգային խմբի հետ», - նշեց «Դաշնակցություն» խմբակցության ղեկավար Արթուր Մոսիյանը:

Նրա համոզմամբ՝ բոլորի համար պարզ է, որ էկոլոգիական խնդիր չկա, և Արցախի կառավարությունը, հանքի շահագործումը ժամանակավորապես դադարեցնելով, փորձում է ցույց տալ, որ Ադրբեջանը կեղծ պատրվակով է շրջափակել Արցախը. «Իսկ եթե խնդիր կա էլոկոգիական, դրա համար դիմել ենք այդ քայլին, որ միջազգային կառույցները գան և փաստեն՝ կա խնդիր, թե չկա»:

Արդյո՞ք Արցախում կհամաձայնեն, որ միջազգային փորձագետների հետ միասին մոնիտորինգին մասնակցեն նաև ադրբեջանցի փորձագետները. Դավիթ Գալստյանն ասաց՝ եթե բնապահպանական ուսումնասիրությունները վերաբերելու են տարածաշրջանին և ոչ թե միայն Կաշենին, ապա այդ դեպքում կարող է գործել եռակողմ ձևաչափ, որին կարող է մասնակցել նաև Ադրբեջանը, քանի որ օրինակ՝ Դադիվանքի մոտ սնդիկի բաց հանք կա, և պարզ չէ՝ արդյոք Ադրբեջանը պահպանում է բնապահպանական նորմերը: Շուշիում թունելներ փորելու հետևանքով ադրբեջանցիները ջրի հետ կապված բնապահապանական խնդիրներ են առաջացրել և այլն. «Բայց եթե միայն պետք է Կաշենում արվի, ապա Կաշենում ադրբեջանական կողմն անելիք չունի: Ինձ թվում է՝ ամենից կարճ ժամանակահատվածում այս հարցերն իրենց լուծումները կստանան»:

Արցախի բնապահպանական կոմիտեի փոխնախագահ Վահրամ Հայրապետյանն ասում է՝ պատրաստ են ընդունել միջազգային փորձագետներին, և որ այս տարվա մայիսից մինչև նոյեմբեր ընկած ժամանակահատվածում իրականացրել են մթնոլորտային օդի և մակերևույթային ջրերի մոնիտորինգ, արդյունքները լաբորատոր քննության են ենթարկվել Հայաստանում, ամեն ինչ սահմանված նորմերի շրջանակում է, և շեղումներ չունեն:

«Ընդ որում, մոնիտորինգը հիմնականում իրականացվել է նաև Կաշենի և Դրմբոնի տարածքներում, և մակերևույթային ջրերը, և մթնոլորտային օդը՝ որպես թիրախային և ռիսկային գոտի, բայց պարզվում է, որ այստեղ և մթնոլորտային օդում ազոտի, ծծմբի քանակությունը գտնվում է սահմանային թույլատրելի կոնցենտրացիա, շեղումներ չեն արձանագրվել», - նշեց նա:

Պարզ չէ, թե արդյոք ՄԱԿ -ը և միջազգային մյուս մասնագիտական կառույցները կարձագանքեն Արցախի իշխանությունների դիմումին և մոինտորինգային խումբ կուղարկեն Լեռնային Ղարաբաղ, և արդյոք կան նախնական պայմանավորվածություններ։ Հստակ չէ նաև, թե որքան երկար հանքը փակ կմնա։

Արցախի տնտեսության շարժիչ ուժը համարվող Կաշենի հանքավայրը բազմաթիվ արցախահայերի համար եկամտի միակ աղբյուրն էր։ Օրինակ՝ Դրմբոնի գյուղապետ Աշոտ Հակոբյանն ասում է, որ իրենց համայնքում գրեթե ամեն ընտանիքից մեկը աշխատում էր հանքում։

Ի՞նչ են անելու հիմա: «Փորձելու ենք ապրել»,- ասում է Դրմբոնի գյուղապետը։

Ըստ հանքարդյունաբերական տեղեկագրերի՝ «Բեյզ Մեթըլս» ընկերությունը Կաշենում 2013 թվականից է սկսել արդյունահանել պղինձ-մոլիբդենային հանքաքար՝ տարեկան շուրջ 2 մլն տոննա հանքաքարի վերամշակման հզորությամբ: Ընկերությունն ունի շուրջ 1300 աշխատող, Արցախի թիվ մեկ հարկատուն է, Արցախի ՊԵԿ-ի տվյալներով, այն անցած տարի շուրջ 9 միլիարդ դրամ հարկ է վճարել։

XS
SM
MD
LG