Այսօր Արցախի կառավարությունում էր ռուս խաղաղապահ զորակազմի հրամանատար Անդրեյ Վոլկովը: Երեկվանից հենց նրան են փնտրում մի խումբ արցախցիներ:
Ի՞նչ էին քննարկում Արցախի իշխանությունները գեներալ-մայորի հետ, այս մասին որևէ հաղորդագրություն կառավարությունը չի տարածել: Լրատվական ծառայությունը ոչ հերքում, ոչ հաստատում է հանդիպումը:
Արցախի նախագահականն այսօր հայտնել է երկու այլ հանդիպումների մասին: Արայիկ Հարությունյանն ուժային կառույցների ղեկավարների մասնակցությամբ խորհրդակցություն է հրավիրել, ապա քննարկում անցկացրել խորհրդարանում ներկայացված քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ: Այս երկու հանդիպումներին էլ մասնակցել է Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը: Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ քննարկվել են շրջափակման հետևանքով ստեղծված հումանիտար խնդիրները, ներքին և արտաքին անվտանգությանը վերաբերող հարցեր։ Այլ մանրամասներ չկան:
Երեկ կեսօրից մի խումբ արցախցիներ երթով գնացել են ռուս խաղաղապահների տեղակայման վայր՝ Վոլկովին մի շարք հարցեր տալու՝ ինչու են արցախցիները վանդակում հայտնվել, եթե ռուսական կողմը պարտավորվել է ապահովել իրենց անվտանգությունն ու անարգել երթևեկությունը Լաչինի միջանցքով: Վոլկովն այդպես էլ չէր եկել, ու մարդիկ գիշերն անցկացրել են օդանավակայանի տարածքում` ռուսական անցակետի մոտ:
«Ստիպելու ենք, որ Վոլկովը գա հանդիպման, ուղղակի ստիպելու ենք, նորմալ չհասկանա, աննորմալ ձևերով ենք ստիպելու», - ասում է այս ակցիայի նախաձեռնողներից Տիգրան Պետրոսյանը:
Նրա խոսքով՝ եթե հրամանատարն իրենց չլսի, իրենք էլ կփակեն ռուսների ճանապարհը։
Երեք ծանր հիվանդ տեղափոխվել է Հայաստան
Լաչինի միջանցքը փակ է արդեն 17 օր:
Այսօր առավոտյան Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ Արցախից 3 ծանր հիվանդներ թոքային արյունահոսությամբ, պլևրայի մետաստատիկ ախտահարմամբ ու լյարդային անբավարարությամբ տեղափոխվել են Երևան հենց Կարմիր խաչի մեքենաներով: Այժմ այստեղ հետազոտությունների փուլում են Հարազատները սպասում ու օրեր էին հաշվում:
«Հիվանդի վիճակը գնահատվում է ծանր, պիտի տեղափոխեին Երևան, ճանապարհը փակ լինելու պատճառով Կարմիր խաչի օգնությամբ տեղափոխում ենք Երևան»:
Ստեփանակերտի հանրապետական հիվանդանոցի տնօրեն Մհեր Մուսայելյանն ասում է`տեղում այս հիվանդները բուժում ստանում էին, սակայն երկրորդ փուլով պիտի մասնագիտացված բուժկենտրոն տեղափոխվեին. «Երկու հիվանդի մոտ պետք է կատարվի խորհրդատվություն և համապատասխան միջամտություն կրծքային վիրաբույժի կողմից, և մեկ հիվանդ ուռուցքային պատոլոգիայով ևս կրկին կրծքային պատոլոգիայով»:
Կարմիր խաչի՝ հիվանդներին Երևան բերած մեքենաներն այսօր Ստեփանակերտ վերադառնալիս իրենց հետո որոշակի քանակությամբ դեղորայք ու բուժպարագաներ տարան։ Արցախի հանրապետականի վերակենդանացման բաժանմունքնում այժմ 11 հիվանդ է, նրանցից 5-ը` ծայրահեղ ծանր վիճակում:
Սննդի, դեղորայքի վառելիքի ճգնաժամը խորանում է ժամ առ ժամ
Համբարձումյանների տան սառնարանում հիմա միայն մի քանի պահածո է մնացել, խանութներում ոչինչ չկա, տանը 5 անչափահաս երեխա կա. «Ամեն ինչ պակաս է, ոչ մի բան էլ չկա: Ներկա պահին պեսոկ չունենք, ձեթ չունենք, կարտոֆիլ չկա, խանութները սաղ դատարկ են»:
Կարինա Համբարձումյանը տագնապում է՝ սննդից բացի. փոքրիկին տակդիր է պետք, չկա, վերջերս ջերմում էր, դեղորայք չգտնվեց:
Տան փոքրիկի ամենասիրելի ուտելիքը տապակած կարտոֆիլն էլ չկա, դա արցախյան խանութներից ամենաարագն անհետացավ:
Ինչ է լինելու հետո՝ չգիտեն։ Ընտանիքը Շուշիից է տեղահանվել, տղաներից Սամվելի աչքը Շուշի -Ստեփանակերտ ճանապարհին է՝ շարժ չկա, ուրեմն դեռ պետք է դիմանան:
Ամանորյա որևէ նախապատրաստություն, բնականաբար չկա, ոչ սիրտ կա, ոչ էլ օրինակ կաղամբ տոլմայի համար: Հանրային ծառայություններն ու տնտեսական մրցակցությունը կարգավորող հանձնաժողովը մոնիտորինգ է արել 23 խոշոր առևտրի կենտրոններում: Դրանցից ոչ մեկում չի գտնվել միրգ, բանջարեղեն, ձեթ, շաքարավազ, հնդկաձավար, ոսպ, աղ, երշիկ, նրբերշիկ, ձու և այլն...
Արցախի կառավարությունը որոշել է սննդամթերքն ու հոսանքը խնայելու համար սահմանափակել հանրային սննդի ծառայությունները՝ բազմամարդ հանդիսությունները հարսանիք, ծնունդ, կնունք պետք է չեղարկվեն կամ հետաձգվեն։