Մատչելիության հղումներ

Անընդունելի է Լեռնային Ղարաբաղի հայաթափման լուռ վկա դառնալու Ռուսաստանի ավելի ու ավելի տեսանելի դարձող գործելակերպը. ՀՀ վարչապետ


Լաչինի միջանցքի շուրջ 18 օր փակ լինելու հետևանքով Ղարաբաղում հումանիտար իրավիճակն օր-օրի սրվում է, այսօր կառավարության նիստի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Լեռնային Ղարաբաղի հարյուրավոր ընտանիքներ շարունակում են մնալ կիսված՝ հայտնված լինելով բլոկադայի տարբեր կողմերում, նշեց վարչապետը՝ շարունակելով՝ առաջին անհրաժեշտության ապրանքների պակասը դառնում է ավելի ու ավելի զգալի, խանութների ցուցափեղկերը դատարկվել են, հանրային օբյեկտներում սննդի մատակարարման սահմանափակումներ են մտցվում, հանրությունը գտվում է սոցիալ-հոգեբանական լարված վիճակում։

Արցախին աջակցելու նպատալով աշխատանքային խումբ է ստեղծվում

Գործադիրի ղեկավարը տեղեկացրեց, որ հումանիտար ճգնաժամի կառավարման հարցում Լեռնային Ղարաբաղի ժողովրդին աջակցելու նպատալով աշխատանքային խումբ կձևավորվի՝ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ, որի խնդիրն, ըստ Փաշինյանի, Լեռնային Ղարաբաղի իշխանությունների հետ հումանիտար հարցերի մշտադիտարկում իրականացնելն ու անհրաժեշտ հրատապ աջակցություն ցուցաբերելն է լինելու, այդ թվում՝ միջազգային կազմակերպությունների օգնությամբ։

Աշխատանքային խմբում կընդգրկվեն առողջապահության, աշխատանքի և սոցիալական հարցերի, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարները, ինչպես նաև այլ գերատեսչությունների ներկայացուցիչներ։

4 մլրդ դրամի լրացուցիչ աջակցություն Արցախին

Փաշինյանը նաև տեղեկացրեց, որ կառավարության այսօրվա որոշմամբ, Լեռնային Ղարաբաղին 4 մլրդ դրամի լրացուցիչ աջակցություն կցուցաբերվի։

«ԼՂ ժողովրդին անհրաժեշտ հումանիտար, սոցիալ-հոգեբանական աջակցություն ցուցաբերելը բացարձակ անհրաժեշտություն է։ Հումանիտար ճգնաժամի միջազգային հանրահռչակումը նույնպես մեր ամենօրյա աշխատանքի մասը պիտի դառնա», - ասաց վարչապետը։

Կրկին ընդգծելով, որ Լաչինի միջանցքի փակումը 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 6-րդ կետի կոպիտ խախտում է՝ Փաշինյանն այդ կետը խախտելու մեջ մեղադրեց Ադրբեջանին ու Ռուսաստանին՝ նկատելով՝ Ադրբեջանն այդ կետով երաշխավորում է Լաչինի միջանցքով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների երթևեկության անվտանգությունը, իսկ Ռուսաստանի խաղաղապահ զորախումբը վերահսկողության տակ է պահում Լաչինի միջանցքը։

Բաքվի պնդումները, թե Լաչինի միջանցքը բաց է երթևեկության համար, սին են և իրականության հետ կապ չունեցող

Միջազգային հարթակներում Ադրբեջանի կողմից շրջանառվող այն դրույթը, թե Լաչինի միջանցքը բաց է երթևեկության համար, սին են և իրականության հետ ոչ մի կապ չունեն, հայտարարեց Փաշինյանը՝ շեշտելով՝ Լաչինի միջանցքը փակվել է Ադրբեջանի կողմից, և սա նրա միջազգային պարտավորության կոպտագույն խախտում է։

«Անընդունելի է ԼՂ հայաթափման լուռ վկա դառնալու ՌԴ-ի ավելի ու ավելի տեսանելի դարձող գործելակերպը»

«Եթե Ռուսաստանը օբյեկտիվ կամ սուբյեկտիվ պատճառներով չի կարողանում ապահովել կայունությունն ու անվտանգությունը Լեռնային Ղարաբաղում, ինքը պիտի քննարկում նախաձեռնի ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում և ռուսական խաղաղապահ զորախմբին ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի մանդատով օժտելու կամ Լեռնային Ղարաբաղ լրացուցիչ բազմազգ խաղաղապահ զորախումբ ուղարկելու հարց բարձրացնի», - հայտարարեց գործադիրի ղեկավարը:

Հայաստանը Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորախմբի համոզված կողմնակիցն ու ջատագովն է, նշեց վարչապետը՝ անընդունելի համարելով «Լեռնային Ղարաբաղի հայաթափման լուռ վկա դառնալու Ռուսաստանի ավելի ու ավելի տեսանելի դարձող գործելակերպը»:

«Բոլոր նախանշանները կան պնդելու, որ Ադրբեջանը հերթական ռազմական սադրանք է պատրաստում, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղում, և իրադրության զարգացումները հրատապ պատասխանի սպասող հարցեր են բարձրացնում ռուսական խաղաղապահ զորախմբի գործունեության հետ կապված», - հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:

Փաշինյանը վերահաստատեց Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելու, սահմանների դելիմիտացիան ավարտին հասցնելու, տարածաշրջանային կոմունիկացիաները բացելու Հայաստանի պատրաստակամությունն ու հաստատակամությունը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG