Մատչելիության հղումներ

Ֆրանսիացի քաղաքական առաջնորդները Մակրոնին կոչ են անում երաշխավորել հայերի անվտանգությունը Արցախում և Հայաստանում


Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը խորհրդարանում, արխիվ
Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը խորհրդարանում, արխիվ

«Էմանյուել Մակրոնը պետք է ամեն ինչ անի Լեռնային Ղարաբաղում և Հայաստանի Հանրապետությունում հայերի անվտանգությունը երաշխավորելու համար». ֆրանսիացի ավելի քան մեկ տասնյակ քաղաքական առաջնորդներ՝ ինչպես ձախակողմյան, այնպես էլ աջակողմյան ճամբարից, համատեղ նամակ են հրապարակել Le Monde օրաթերթում` նախագահ Մակրոնին կոչ անելով անհապաղ միջամտել Հայաստանի և Արցախի շուրջ գործընթացներին՝ «կանխելու անուղղելին»:

Ֆրանսիայի խորհրդարանի երկու պալատների ներկայացուցիչները համատեղ նամակում նկարագրում են Ադրբեջանի կողմից շրջափակման մեջ հայտնված Արցախում տիրող իրավիճակը՝ հումանիտար մեծ աղետի վտանգ, 120 հազար մարդ, այդ թվում՝ 30 հազար երեխա, զրկված է կենսական պաշարներից՝ ներառյալ սննդից և բժշկական անհրաժեշտ միջոցներից։

Նամակի հեղինակները շեշտում են, որ ստեղծված իրավիճակը 2020 թվականից ի վեր հայերի, ընդ որում՝ ինչպես Արցախում ապրող, այնպես էլ Հայաստանի քաղաքացիների դեմ Ադրբեջանի հարձակումների սրման նոր փուլի սկիզբն է, և Բաքվի գործողություններն իրենց հիմք են տալիս ենթադրելու, որ Ադրբեջանը կանգ չի առնելու, ցանկացած առիթ օգտագործելու է՝ հալածելու հայերին էթնիկ զտման նպատակով:

Թվարկելով հայերի դեմ Բաքվի գործողությունները՝ պատերազմական հանցագործությունները, Հայաստանի ինքնիշխան տարածքի օկուպացիան, էթնիկ ատելության քարոզը, մշակութային ժառանգության ոչնչացումը, խաղաղ բնակչության դեմ կրկնվող հանցագործությունները, ֆրանսիացի օրենսդիրները նկատում են, որ ցանկացած այլ հանգամանքներում Ֆրանսիան կմիջամտեր։

Քաղաքական սկզբունքային տարաձայնություններ ունեցող օրենդիրները շեշտում են, որ անգամ իրենք են մի կողմ դրել իրենց քաղաքական մրցակցությունը, երբ գործը Հայաստանին և Արցախին աջակցություն հայտնելուն էր հասել, բայց և խոստովանում են՝ Ֆրանսիան իր այդ ճիչը հնչեցրեց ավելի քան մեկ դար ուշացումով։ Մինչդեռ ֆրանսիացի հայտնի քաղաքական գործիչ և մտավորական Ժան Ժորեսը դեռ 1896 թվականին էր կոչ անում փրկել հայերին՝ Ֆրանսիային մեղադրելով «թափված արյանը, անմարդկային և վայրագ արարքներին» «լուռ, հետևաբար՝ մեղսակից» լինելու համար:

«Արիասիրտ փոքրիկ դաշնակից» Հայաստանի և Արցախի շուրջ ստեղծված իրավիճակում ֆրանսիական առաջատար քաղաքական ուժերի առաջնորդները Ելիսեյան պալատի ղեկավարին մի շարք քայլեր են հուշում՝ դատապարտել Ադրբեջանին միջազգային իրավունքի դրույթների խախտման, Հայաստանի տարածքի օկուպացիայի, պատերազմական ոճրագործությունների համար, Արցախում նախատեսել հումանիտար ներկայություն, Հայաստանին ցուցաբերել անհապաղ տնտեսական օգնություն, հանդիպել Արցախի ներկայացուցիչներին, նաև Եվրամիության և Միացյալ Նահանգների գործընկերներին համոզել ձեռնարկել նույն քայլերը և միասին Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ սահմանել:

Ֆրանսիացի օրենսդիրները նաև հորդորում են երկրի նախագահին աշխատել Ստեփանակերտի օդանավակայանի գործարկման և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից միջազգային խաղաղապահ զորախումբ ուղարկելու ուղղությամբ:

Ֆրանսիայի օրենսդիր մարմնի ներկայացուցիչները համոզված են՝ Էմանյուել Մակրոնը կարող է կանխել պատմության կրկնությունը և ապացուցել, որ Ֆրանսիան ազատ է և կարող է ձերբազատվել քաղաքական կամ տնտեսական կարճատես ռազմավարություններից՝ հանուն իր հումանիստական իդեալների պաշտպանության:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG