Այսօր Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ Արցախից Հայաստանի Հանրապետության տարբեր մասնագիտացված բժշկական կենտրոններ են տեղափոխվել երեք հիվանդներ:
Արցախի առողջապահության նախարարության Հանրապետական բժշկական կենտրոնում երեք հիվանդները՝ «Սրտի փականային հիվանդություն, միտրալ և աորտալ փականների արտահայտված անբավարարություն», «Սրտի ռիթմի խանգարում, նախասրտերի ֆիբրիլյացիա՝ պարոքսիզմալ ձև» և «Ձախ կրծքագեղձի ինվազիվ ոչ յուրահատուկ կարցինոմա, էնդոմետրիոզ, արգանդի պարանոցի քաղցկեղ» ախտորոշումներով, օրեր շարունակ գտնվում էին տեղի բժիշկների հսկողության տակ։
Նախարարությունը հայտնում է նաև, որ Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը Ադրբեջանի կողմից արգելափակելու պատճառով տեղի բուժհաստատություններում շարունակում են դադարեցված մնալ պլանային վիրահատությունները։
«Արևիկ» բուժմիավորումում 12 երեխա գտնվում է նորածնային և վերակենդանացման բաժանմունքներում:
Հանրապետական բժշկական կենտրոնում 12 բուժառու գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, որից 5-ը՝ ծայրահեղ ծանր վիճակում։ Բժիշկների կողմից կատարվում է հնարավորը հիվանդների վիճակը կայունացնելու համար:
Որպես էկոակտիվիստներ ներկայացող ադրբեջանցիների կողմից դեկտեմբերի 12-ին Լաչինի միջանցքը փակելուց հետո մինչ օրս Կարմիր Խաչի միջնորդությամբ և ուղեկցությամբ Արցախից Հայաստան էին տեղափոխվել 5 ծանր հիվանդներ, որոնցից մեկը՝ 4 ամսական երեխա: