Մատչելիության հղումներ

Արցախի շրջափակման 19-րդ օրն է


Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհի՝ Լաչինի միջանցքի արգելափակման 19-րդ օրն է:

«Իրավիճակը բավականին ծանր է, բայց այստեղ ապրող մարդիկ հավատում են, որ դա մեծ պայքար է հանուն անկախության, և դրա համար էլ նրանք ուժեղ են մնում, ու չնայած բոլոր մարտահրավերներին և բոլոր դժվարություններին՝ մենք համախմբված ենք ու մեզ շատ ուժեղ ենք զգում։ Չնայած բոլոր ճնշումներին, որ փորձում է մեզ վրա գործադրել Ադրբեջանը՝ մենք դիմակայում ենք և դառնում ենք ավելի ուժեղ այս շրջափակման պայմաններում», - France 24 հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը:

Միջանցքը փակած՝ որպես էկոակտիվիստներ ներկայացող ադրբեջանցիների մասին հարցին պետնախարարն արձագանքել է. - «Մենք կառավարության և հանքարդյունաբերող ընկերության ղեկավարության հետ համատեղ հայտարարություն ենք տարածել, որ պատրաստ ենք ընդունել միջազգային էկոլոգիական փորձագետների, որպեսզի գան և ստուգեն մեր հանքարդյունաբերությունը: Կարծում ենք, որ այն աշխատում է լավագույն չափանիշներով, և մենք նաև ցանկանում ենք, որ ստուգեն ոչ միայն մեր, այլև ամբողջ տարածաշրջանում հանքարդյունաբերությունը, և ստուգեն մասնագետները, ոչ թե ինչ-որ այսպես կոչված «էկոակտիվիստներ», որոնք մենք բոլորս պարզեցինք, որ իրական բնապահպան չեն։ Նրանց մեծ մասը մարդիկ են, որոնք ծառայում են Ադրբեջանում հատուկ ծառայություններում»: «Ի դեպ, եթե Ֆրանսիայում մարդիկ հետաքրքրվեն և ստուգեն, թե վերջին 10 տարում քանի անգամ են բնապահպանական ակցիաներ տեղի ունեցել Ադրբեջանում, մենք կզարմանանք, քանի որ այդ թիվը զրո է։ Այսպիսով, սա Ադրբեջանի կառավարության կողմից կազմակերպված շոու է, և իրականում բնապահպանական շարժում չէ», - Արցախի պետնախարարի գրասենյակի փոխանցմամբ՝ ընդգծել է Վարդանյանը:


Ռուսաստանի խաղաղապահ առաքելությունից առկա դժգոհությունների վերաբերյալ հարցին էլ պետնախարարը պատասխանել է. - «Ես շատ երկրներում հետևել եմ խաղաղապահների աշխատանքին, օրինակ՝ ֆրանսիացիները, որոնք շատ անգամներ ուղարկվել են Աֆրիկա, և մենք բոլորս գիտենք, որ դա սովորաբար ենթադրում է սահմանափակ թվով զինվորներ, սահմանափակ մանդատ և զենք գործածելու սահմանափակ իրավունքներ։ Ուստի մի կողմից հասկանալի է ժողովրդի հիասթափությունը, բայց միևնույն ժամանակ մենք պետք է գիտակցենք, որ առանց ավելի լայն մանդատի, առանց ավելի մեծ թվով զինվորներ, առանց իրենց տանն ապրող և 35 տարի իրենց անկախության համար պայքարող հայերին պաշտպանելու ավելի հստակ իրավունքների ապագա չի լինի։ Ուստի կարծում եմ, որ շրջափակումը ցույց տվեց, որ թե որտեղից պետք է ավելի մեծ և ուժեղ մանդատ ստանալ՝ նաև ՄԱԿ-ից»:

XS
SM
MD
LG