Մատչելիության հղումներ

Վանաձորում վառվեցին գլխավոր տոնածառի լույսերը, ամանորյա զարդերի համար 15 մլն դրամ է ծախսվել


Վանաձորում վառվեցին գլխավոր տոնածառի լույսերը: Հայքի հրապարակի 16 մետրանոց բնական այս եղևնին ավելի քան 60 տարեկան է։ Հրապարակը կառուցելիս են այն տնկել ու դրա շնորհիվ Վանաձորում ամանորյա ծախսերը հնարավոր է միլիոններով կրճատել։

Բայց բնական տոնածառը գնալով լայնանում է, ու մոտ 4 հարկանի շենքի բարձրության եղևնին լուսավորելու համար այս տարի 4 հազար 200 մետր լույս է օգտագործվել։

Վանաձորի համայնքապետարանի մշակույթի բաժնի պետ Քրիստինե Մադոյանն ասում է՝ այս տարի ամանորյա բոլոր զարդերն ու պարագաներն ամբողջովին նոր են։ Նախկինում երբեք համայնքն իրենը չի ունեցել։ Քաղաքի ժամանակավոր իշխանությունը նախընտրել է ոչ թե վարձակալել, ինչպես նախկինում, այլ գնել։ Դրա համար համայնքը ծախսել է մոտ 15 միլիոն դրամ։ Մշակույթի բաժնի պետն ասում է՝ սրանով մեծ խնայողություններ են արել։ Տոներից հետո այն կպահեստավորվի` հաջորդ տարիներին դարձյալ օգտագործելու համար։

«Դա, կարծում եմ, շատ կարևոր և դրական քայլ է՝ հետագայում բյուջեից ավելի գումարներ չենք ծախսի զարդարանքների համար», - ասաց Մադոյանը։

Դեռ 2019 թվականին Վանաձորի Հայքի հրապարակը վերակառուցվել էր։ 245 միլիոն դրամով հրապարակում գորգ է կառուցվել՝ փոխվել է բազալտե ծածկույթը, նորացվել են շատրվաններն ու արդիականցվել հարակից շենքերի արտաքին լուսավորությունը։

Այն, որ Երևանում քննադատության առիթ դարձան հրապարակի հուշարձան համարվող շենքերի վրա տոնական լուսավորության համար արված անցքերը, Վանաձորում դրանք դեռ 3 տարի առաջ են արվել՝ ընդ որում կառավարության սուբվենցիոն ծրագրով։

Երևանի Հանրապետության հրապարակի շենքը, 2-ը կետմեբերի, 2022թ․
Երևանի Հանրապետության հրապարակի շենքը, 2-ը կետմեբերի, 2022թ․

Վանաձորի գլխավոր ճարտարապետ Սուրեն Աբովյանն ասում է՝ հրապարակի 65 տարի առաջ կառուցված ու հուշարձան համարվող վարչական ու բնակելի բոլոր հինգ շենքերի վրա մոտ 25 սմ հեռավորությամբ տեղադրված լամպերն այլևս չեն հանվելու, ուստի շենքերը դրանից վնաս չեն կրի։

«Վնաս չի կրում, սուբվենցիոն ծրագրերի էդ ամբողջ փաթեթը գնացել, հաստատվել է միջգերատեսչական հանձնաժողովի կողմից՝ ոնց որ կարգն է, առարկություն չի եղել էդ մասով։ Նաև, իմ կարծիքով, որևէ վնաս կամ վատթարացում էն ինչ-որ արվել է շենքերի պահով, չկա», - ասաց Աբովյանը։

Վանաձորի Հայքի հրապարակ, 23-ը դեկտեմբերի, 2022թ․
Վանաձորի Հայքի հրապարակ, 23-ը դեկտեմբերի, 2022թ․

Հրապարակի տոնական լույսերը վառելու արարողության ընթացքում համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արկադի Փելեշյանը խոստացավ՝ հաջորդ տարի նոր շինարարական ծրագրեր կանեն՝ հրաժարվելով պատասխանել՝ մինչև երբ է ղեկավարելու համայնքը, կամ, ի վերջո, Վանաձորը նոր տարում ընտրված ղեկավար կունենա, թե ոչ։

«Էս տարվա Ձմեռ պապիկը խոստանում է՝ մեծ շինարարական բում լինի Վանաձորում», - ասաց Փելեշյանը։

Ինչպես նախորդ տարի, այս տարի ևս Արցախում ստեղծված իրավիճակի պատճառով Վանաձորում ամանորյա շոուներ ու հրավառություններ չեն լինի։ Վանաձորցի երեխաներն այս տարի Ձմեռ պապիկից միայն խաղաղություն էին խնդրում։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG