Հայաստանի մեծությամբ երրորդ քաղաքում, որ արդեն մեկ տարի ժամանակավոր իշխանություն ունի և կառավարման ճգնաժամի մեջ է, չի բացառվում նոր՝ արտահերթ ընտրությունների անցկացումը։
«Արդեն կա էնպիսի համամասնություն, արդեն էնպիսի իրավիճակ է այդ նույն ավագանում, որ ինքն իրականում այլևս չի արտացոլում այն ընտրությունը, որը կատարել են մարդիկ։ Կարծում եմ, որ այս ժամանակահատվածը, ընդհանուր տրամադրությունները և այլն հուշում են, որ ամեն դեպքում կարիք կլինի նոր ընտրությունների, ու իրականում կա այդ ընդհանուր լեգիտիմության ու քաղաքի կառավարման մեջ բնակչության մասնակցության անորոշության հարցը», - ասում է ՏԻՄ փորձագետ Վարդինե Գրիգորյանը։
Նրա կարծիքով, դեռ ամիսներ առաջ պետք է ճգնաժամն արտահերթ ընտրություններով հանգուցալուծվեր, բայց իշխանությունները դրան չգնացին։ Փոխարենն օրենքը հարմարեցրին այնպես, որ հնարավոր լիներ համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար նշանակել։
Փաստացի կես տարի իշխանություն չունենալուց հետո խորհրդարանը փոփոխեց ՏԻՄ օրենքն ու վարչապետը պաշտոնակատար նշանակեց քրեական հետապնդման ենթարկվող Մամիկոն Ասլանյանի օրոք նրա տեղակալի պաշտոնն զբաղեցրած Արկադի Փելեշյանին։ Բայց դա չօգնեց հաղթահարելու ստեղծված վիճակը՝ ավագանին այսպես էլ չաշխատեց, բյուջե չհաստատվեց, քաղաքում ու դրան միացած գյուղերում որևէ ծրագիր չիրականացվեց, խնդիրները մնացին չլուծված. - «Տարբեր համայնքներում երբ համաձայնության չեն գալիս քաղաքական ավագանու կողմից համայնքի ղեկավարի ընտրության, պետք է հնարավորություն ունենան մասնակցելու երկրորդ փուլի։ Ու էս դեպքում երկրորդ փուլով ընտրողներին հնարավորություն տալ որոշել, թե ով է լինելու համայնքնի ղեկավարը»։
Ուղիղ մեկ տարի առաջ էր, երբ խոշորացված Վանաձորում ավագանու ընտրություններ տեղի ունեցան, որտեղ ամենաշատ թվով ձայներ ստացավ հինգ տարի քաղաքը ղեկավարած Մամիկոն Ասլանյանի գլխավորած դաշինքը։ Միայն դրանից հետո հայտնի դարձավ, որ նախկին համայնքապետի նկատմամբ դեռ ամիսներ առաջ քրեական գործ է հարուցված՝ պաշտոնավարման տարիներին թույլ տված կոռուպցիոն չարաշահումների համար։ Անգամ նախընտրական քարոզարշավին այս մասին որևէ մեկը չէր բարձրաձայնել։
Ընտրություններից օրեր անց, երբ պիտի նորընտիր ավագանին համայնքի ղեկավար ընտրեր, Մամիկոն Ասլանյանը կալանավորվեց։
Մինչ իրավապահները քննում էին կալանավորված Ասլանյանի գործը, ավագանի չանցած «Լուսավոր Հայաստանը» դատարաններում վիճարկում էր ընտրությունների արդյունքները։ Չնայած թե՛ ընտրական հանձնաժողովների ու թե՛ դատարանի հաշվարկով «Լուսավոր Հայաստանը» չէր կարող թեկուզ մեկ մանդատ ունենալ ավագանիում, բայց դատական ներքին ատյանների որոշումները բողոքարկվեց վերևներում։ Ավելին, մի առանձին հայցի հիման վրա էլ վարչական դատարանը որոշեց, որ Վանաձորի ավագանին իրավունք չունի նիստեր գումարել ու համայնքի ղեկավար ընտրել, քանի դեռ ընտրությունների վիճարկման փուլերն ավարտված չեն։
ՏԻՄ փորձագետն անընդունելի է համարում, որ փաստացի արդեն մեկ տարի դատարանը տեղական ինքնակառավարման մարմնին արգելում է աշխատել. - «Ամեն դեպքում ավագանու նիստերի արգելքը իրավաչափ չէր։ Չենք կարող ասել, որ դատարանը պետք է ունենա բացարձակ իշխանություն։ Իսկ էս դեպքում ինքը կիրառում է բացարձակ իշխանություն՝ փաստացի ոտնահարելով մի ամբողջ համայնքի իրավունքները սեփական համայնքը ղեկավարելու, սեփական տեղական ինքնակառավարման մարմիններ ունենալու և աշխատելու»։
Տարածքային կառավարման նախարարությունում հրաժարվում են խոսել այս թեմայով՝ ինչ որոշում կլինի արդեն մեկ տարի ժամանակավոր իշխանություն ունեցող Վանաձորում խնդիրը լուծելու համար։ Ըստ էության այս տարի այդպես էլ օդից կախված մնացին նաև կառավարության ու համայնքի համատեղ միջոցներով խոշոր շինարարական ծրագրերը, որ դեռ անցած տարի էին հաստատվել։ Այստեղ փողոցներ կան, որոնց վերանորոգումն արդեն անհրաժեշտություն է դարձել։
Իշխանությունները լուռ են նաև Վանաձորում։ Դեռ մայիսին՝ պաշտոնակատար նշանակելուց հետո Լոռու մարզպետն ասում էր, թե ամեն ինչ կարգին է, ժամանակավոր իշխանությունն ունենալու է ընտովի ղեկավարի բոլոր լիազորությունները. - «Կառավարությունն ու իշխանությունը երբեք թույլ չի տա, որ Վանաձոր խոշորացված համայնքում տեղի ունենալ կոլապս»։
Բայց այդպես չեղավ։ Ընտրություններից հետո հնարավոր է եղել ընդամենը մեկ նիստ գումարել։ Այս հարցում կարծիքներն իրարամերժ էին՝ այդ նիստն իրավազո՞ր է, թե՞ ոչ։ Իշխանության ներկայացուցիչները, որ չէին էլ ներկայացել նիստին, պնդում էին, որ ավագանու առաջին նիստը պետք է լինի բացառապես համայնքի ղեկավարի ընտրության հարցով։ Բայց ավելի ուշ իրենք նախաձեռնեցին նիստեր արդեն բյուջեի հաստատման համար։
«Մամիկոն Ասլանյան» դաշինքի անդամները, որոնք պնդում էին, թե նիստերի չեն գնա, քանի դեռ իրենց դաշինքի ղեկավարը կալանքի տակ է, այսօր չեն բացառում, որ հնարավոր է մասնակցեն նիստերին։ «Մամիկոն Ասլանյան» խմբակցության անդամ Գայանե Քալանթարյանն ասում է՝ կուսակցությունում դեռ որոշում չունեն, բայց ինքն անձամբ հակված է մասնակցելու. - «Լավագույն լուծումները տալիս են բանակցային լուծումները, և լավագույն լուծումները բխում են կոմպրոմիսային որոշումներից և լուծումներից։ Համեմանայն դեպս, կարելի է նաև հավաքել ավագանու բոլոր խմբակցությունների անդամներին»։
Ընդդիմության մեկ, երկու ձայնը կօգնեն իշխանական խմբակցություններին քվորում ունենալ ու որոշումներ ընդունել։