Վանաձորի համայնքապետարանը դատի է տվել համայնքի նախկին ղեկավար Սամվել Դարբինյանին՝ պահանջելով հատուցել իր պաշտոնավարման տարիներին քաղաքին պատճառած վնասը, թեև ավելի վաղ դատարանը համարել էր, որ անցել է նախկին պաշտոնյային պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն ու դադարեցրել էր քրեական հետապնդումը։
Դատարանն անցած տարի ապացուցված էր համարել, որ Վանաձորի 17 տարվա ղեկավար Դարբինյանը 2000-ականներին ծառայության շահերին հակառակ է գործել, կեղծիք կատարել ու իր հարազատների անունով ապօրինի օտարել համայնքին պատկանող տարածքները, շենք-շինությունները և քաղաքին պատճառել առանձնապես խոշոր՝ ավելի քան 60 միլիոն դրամի վնաս։ Դատարանը նախկին քաղաքապետի մեղքը հաստատել, բայց կարճել էր գործը, նրան ազատել պատասխանատվությունից, քանի որ հանցանքը տեղի է ունեցել ավելի քան տասը տարի առաջ։
Միաժամանակ քրեական գործը կարճելուց հետո Լոռու մարզի դատախազը հայտարարել էր, թե նախկին համայնքապետի մեղքը հաստատված է, պատճառված վնասը հաշվարկված, ուստի համայնքապետարանն իրավունք ունի քաղաքացիական հայց ներկայացնել ու Դարբինյանի յուրացրած, վաճառած ու նվիրած տարածքները հետ պահանջել։
«Մենք քրեական դատավարությամբ սահմանված կարգով հիմնավորել ենք անձի կողմից այս արարքները կատարելու հանգամանքը ու այդ դատական ակտը, որը կայացրել է Լոռու մարզի առաջին արտյանի ընդհանուր իրավասության դատարանը, թույլ է տալիս, որպեսզի համայնքի իրավասու անձինք նշված գույքը համայնքի հաշվեկշիռ բերեն, ինչպես նաև պատճառված վնասը վերականգնելու ուղղությամբ համապատասխան հայցեր ներկայացնեն», - ասաց համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատար Արկադի Փելեշյանը:
Համայնքապետարանն օգտվել է այդ իրավունքից։ Արկադի Փելեշյանը համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատար նշանակվելուց մեկ օր անց դիմել է դատարան՝ վնասի փոխհատուցման պահանջով։ Դեռ հայտնի չէ՝ երբ դատարանը կսկսի քննել այն, բայց գործն արդեն վարույթ է ընդունել։
Ըստ դատական գործի՝ 2000-ականներին քաղաքապետ Դարբինյանը միանձնյա՝ առանց ավագանու որոշման աճուրդ է կազմակերպել, եղել հանձնաժողովի նախագահ, իր հարազատ եղբորը, որդուն ու այլ մտերիմներին աճուրդների մասնակից դարձրել ու հաղթող ճանաչել մրցույթներում։ Որոշ դեպքերում նույնիսկ ձևական աճուրդներ չի անցկացրել, այլ ուղղակի վաճառքի ձևով քաղաքի սրտում գտնվող տարածքներն օտարել է իր հարազատներին։
Արդեն կարճված գործը քննելիս Դարբինյանը դատարանում պնդել էր, թե իր նկատմամբ հարուցված քրեական գործն անհիմն է և, որ իրեն երբևէ մեղավոր չի ճանաչել և չի ճանաչում։ Նա «Ազատությանը» տված հարցազրույցում էլ էր նույնը պնդել։
«Աշխատանքային բոլոր գործողությունները կատարել եմ օրենքի տառին համաձայն, ձեր նման մտածողները մտածում են, որ միանձնյա եմ արել: Ես աճուրդի եմ դրել, իմ տղան էլ, ինչպես որ բոլոր քաղաքացիները, ինքն էլ է քաղաքացի եղել», - ասել է Դարբինյանը:
Բայց միաժամանակ դատարանում չէր առարկել առաջադրված մեղադրանքին։ Համաձայնել էր, որ իր նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվի ոչ թե արդարացման, այլ վաղեմության ժամկետն անցնելու հիմքով։
Նրա փաստաբան Ռուբեն Հակոբյանն «Ազատությանն» ասել էր. - «Քանի որ այսքան՝ արդեն 2,5 տարի միայն նախաքննություն էր տևել, ինքը 62 տարին բոլորել է, առողջական խնդիրներ, հոգնել, զզվել է այդ ձգձգումներից, բացի այդ քաղաքական պատվեր է, և իրավապահ մարմիններն ու դատարանները ակնհայտ քաղաքական ճնշման տակ են, հետևաբար, ինքը չի առարկում, որպեսզի այդ հիմքով քրեական հետապնդումը դադարեցվի»:
Մինչ 2019-ին հարուցված, երկու տարի հետո կարճված գործից հետո դատարանը կքննի ապօրինի օտարված շենք-շինություններն ու տարածքները համայնքին վերադարձնելու հարցը, Վանաձորի նախկին համայնքապետն ազատ կլինի օգտագործելու, նաև վաճառելու դրանք, քանի որ որևէ արգելք սահմանված չէ։ Դատարանը մերժել է նախկին քաղաքապետ Սամվել Դարբինյանի գույքի վրա կալանք դնելու համայնքապետարանի պահանջը։ Հաստատված է համարել, որ նախկին ղեկավարը համայնքապատկան տարածքներն ապօրինի է օտարել իր հարազատների ու մտերիմների անունով, բայց գտել է, որ ապօրինի եղանակով յուրացված այդ գույքի նկատմամբ չի կարող արգելանք սահմանել, քանի որ դա «պետության կողմից միջամտություն է մասնավոր անձի սեփականությանը, այլ կերպ ասած՝ սեփականության օգտագործման նկատմամբ պետության վերահսկողության դրսևորում է»։
Ընդ որում, հայտնի է, որ Դարբինյան եղբայրները 2019-ին հարուցված քրեական գործում հաճախակի արծարծված «Արգիշտի-1» ընկերությունն արդեն վերաձևակերպել են նոր ընկերության ու վաճառել այն։ Մեկ տարի առաջ այդ ընկերության սեփականատեր է դարձել «Ազատ դեմոկրատներ» կուսակցության ղեկավար, ԱԺ նախկին պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանի եղբորորդին՝ 20-ամյա Յուրի Քոքոբելյանը, տնօրեն է նշանակվել վարչապետ Փաշինյանի հարազատ եղբայրը՝ Արմեն Փաշինյանը։
Վանաձորը 17 տարի ղեկավարած Սամվել Դարբինյանը իր կատարած, անգամ դատարանով հաստատված հանցանքների համար նույնիսկ մեկ օր անազատության մեջ չի անցկացրել։ Մինչդեռ նրան փոխարինած Մամիկոն Ասլանյանը, որ անցած տարվա ընտրություններում պաշտոնը կրկին ստանձնելու հնարավորություն ստացավ, արդեն կես տարի կալանավորված է նույն քրեական հոդվածներով։