Մատչելիության հղումներ

«Ամեն օր մտածում ես՝ ինչով պիտի հասնես աշխատանքի». Վանաձորում հանրային տրանսպորտը ևս մեկ տարի չի բարեփոխվի


Վանաձորում հանրային տրանսպորտը ևս մեկ տարի չի բարեփոխվի։ Հայաստանի մեծությամբ երրորդ քաղաքի 20 երթուղիներն սպասարկող 12 ընկերությունները մինչև հաջորդ տարեվերջ կգործեն եղած երթուղիներով, նույն քանակի գազելներով, որոնցից դժգոհ քաղաքացիները հաճախ ստիպված են լինում երկար ժամանակ անցկացնել կանգառներում կամ դժվարությամբ, իրար գլուխ-գլխի տեղ հասնել։

Որոշակի ժամերի իսկական սթրես է այստեղ հանրային տրանսպորտով երթևեկելը, ասում են վանաձորցիներն ու մի քանի անգամ երթուղային նստելու անհաջող փորձերից հետո նախընտրում տաքսիով հասնել աշխատանքի։

«Ստրեսային վիճակ է, որ ամեն օր մտածում ես՝ ինչով պիտի հասնես աշխատանքի, չուշանաս, դպրոցից չուշանանք, ամբողջ քաղաքում մի ավտոբուս չկա, որ կարողանանք տրանսպորտից նորմալ օգտվել, ժամանակին տեղ հասնենք, շատ դեպքում տաքսիներից ենք օգտվում», - ասաց բնակիչներից մեկը:

Բյուջե չունեցող համայնքի ժամանակավոր իշխանության ներկայացուցիչներն ասում են՝ գիտեն՝ Վանաձորում հանրային տրանսպորտով երթևեկելն անհարմար է։

«Ծանր հարց է դա, շատ մեծ խնդիր ունենք տրանսպորտի հետ կապված, դա ընդհանուր միայն մեր համայնքի հետ չի կապված», - ասաց համայնքապետարանի Տրանսպորտի բաժնի պետ Արման Մովսիսյանը:

Մովսիսյանի խոսքով, մինչև 2024-ի հունվար, երբ կավարտվեն գծատերերի հետ կնքված պայմանագրերի ժամկետները, փորձում են նոր ռազմավարություն մշակել, երթուղիներն ավելի հարմար դարձնել։ Եթե հաջողվի, նաև կառավարության սուբվենցիայով նոր ու հարմարավետ ավտոբուսներ ձեռք կբերեն, չնայած անցած տարվա սուբվենցիոն ծրագրերն այդպես էլ թղթին են մնացին, քանի որ ավագանին ձևավորվեց, բայց նիստեր չարեց, այդ ծրագրերի համար համայնքը չկարողացավ գումար հատկացնել։

«Մենք համատեղ մասնագետների հետ ուսումնասիրություններ ենք իրականացնում, քանի որ մեր ուղևորահոսքերն ամբողջությամբ գրեթե փոխվել են, այսինք, որտեղ որ հոսքը շատացել է... մենք հինգ արի առաջ ուրիշ ձև ենք պայմանագրերը կնքել, օրինակ, հիմա հիվանդանոցային համալիրը բացվել է, այն ժամանակ, երբ պայմանագիրը կքել ենք այդ համալիրը պատրաստ չէր դեռ ու ուղևորահոսքերը այլ տարբերակով էին աշխատում: Արդեն պետք է փոփոխություններ տեղի ունենան», - նշեց Մովսիսյանը:

Համայնքապետարանի պաշտոնյան թվարկում է խնդիրներն ու օնլայն տաքսիներից դժգոհում, թե հարկեր չեն տալիս, արտոնություններ ունեն ու քաղաքային տրանսպորտը մրցակցությանը չի դիմանում։ Վանաձորում, որտեղ անգամ 300-400 դրամով կարող ես տաքսիով երթևեկել, շատերը տրանսպորտից չեն էլ օգտվում։

«Էս պահի դրությամբ այդ ինտերնետային տաքսի ծառայությունների հետ մրցակցություն մի քիչ չեմ կարողանում պատկերացնել, դրա միակ լուծումը կլինի այն դեպքում, երբ որ համայնքը կառավարության հետ համատեղ մեքենաներ ձեռք բերեն, դառնա համայնքի սեփականությունը, այլ ոչ թե վարձակալությունով տրամադրվի ինչ-որ կազմակերպությունների», - ընդգծեց նա:

Երեկոյան ժամերին ընդհանրապես քաղաքում երթուղայիններ չես տեսնի։ Անօգուտ է, ձեռք չի տալիս, ասում են վարորդներն ու արգելում նկարահանումներ անել իրենց «Գազել»-ներում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG