Մատչելիության հղումներ

Հայտնի չէ, թե դեռ որքան կձգվի Վանաձորի մաքրման կայանի թալանի նախաքննությունը


Լոռու մարզի դատախազ Կարեն Գաբրիելյան
Լոռու մարզի դատախազ Կարեն Գաբրիելյան

Իրավապահներն այդպես էլ չեն տալիս պատասխանը՝ 15 տարի առաջ ո՞վ և ինչպե՞ս է թալանել Վանաձորի կեղտաջրերի մաքրման կայանը։ Արդյո՞ք ավելի քան կես միլիոն դոլարանոց խողովակներն ու թանկարժեք սարքավորումներն օգտագործվել են նախկին պաշտոնյաներին պատկանող հիդրոկայանները կառուցելիս։

Դեռ 4 տարի առաջ դատախազությունն սկսել է քննել այս կասկածները, բայց այսօր ո'չ կասկածյալներ կան, ո'չ էլ մեղադրյալներ։ Արդեն երկու տարի Լոռու դատախազը փորձաքննության ավարտի ժամկետից է խոսում՝ վստահ, որ մի շաբաթից ձեռքի տակ նոր տվյալներ կլինեն քննությունը շարունակելու և մեղադրանքներ առաջադրելու համար։ Բայց երկու տարի է պատասխանը նույնն է՝ մեկ տասնամյակից ավելի վաղեմության գործով եզրակացություններ դեռ չունեն։

«Մի տարի առաջ ինձ խոստացել էին, որ շուտ պետք է տան։ Հիմա ձգձգվավ-ձգձգվավ... մենք ի՞նչ անենք», - տարակուսում է Լոռու մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանը՝ հավելելով, որ անընդհատ հիշեցումներ են ուղարկում փորձագիտական կենտրոն եզրակացությունն ստանալու համար, բայց ապարդյուն։ Ենթադրում է, որ գործերը շատ են, ընդամենը երկու փորձագիտական կենտրոնները՝ պահանջվածից քիչ. - «Մենք հանրապետությունում ունենք փորձագիտական հիմնարկների շատ խիստ ծանրաբեռնվածություն»։

Վանաձորի մաքրման կայանի թալանի փաստով քննություն սկսվել է դեռ 2007 թվականին։ Այդ նույն թվականին էր, որ Վանաձորում իր տան դիմաց սպանվեց Լոռու մարզի դատախազ Ալբերտ Ղազարյանը։ Դատախազի սպանությունից կարճ ժամանակ անց մաքրման կայանի գործը փակվեց։ Թեև 2019-ին՝ թավշյա հեղափոխությունից հետո կրկին վերաբացվեց, բայց ո'չ սա, ո'չ էլ դատախազի սպանությունը բացահայտված չեն։

«Գործի բոլոր հանգամանքները մենք բացահայտելու ենք, ու պատասխանատու անձինք ենթարկվելու են քրեական պատասխանատվության», - հավաստիացրեց Գաբրիելյանը։

Դատախազությունը քրեական գործերի քննության ձգձգումն արդարացնում է տարիներ տևող փորձաքննություններով։ Փորձագիտական կենտրոնն իր հերթին իրենց աշխատանքի դանդաղման մի քանի պատճառ է նշում, թե անելիքը շատ է, աշխատողները՝ քիչ։ Բայց «Ազատության» գրավոր հարցմանն ի պատասխան նաև անուղղակի քննիչներին են մեղադրել, թե «փորձագետների կողմից արվող միջնորդություններին ուշացումով են պատասխանում», կամ որ «փորձաքննության ենթակա իրեղեն ապացույցները ժամանակին չեն տրամադրում»։

«Կենտրոնում իրականացվող փորձաքննությունների ձգձգումը պայմանավորված է գործերի մեծաքանակ մուտքերով և արդյունքում առաջացող կուտակումներով, փորձագետների կողմից արվող միջնորդությունների ուշացմամբ ու փորձաքննության ենթակա իրեղեն ապացույցների չտրամադրմամբ։ Ինչպես նաև աշխատանքի ծավալով և փորձագետների պահանջվածից քիչ քանակով»։

Միաժամանակ փորձագիտական կենտրոնից հայտնել են, որ միայն իրենց ՊՈԱԿ-ը 107 աշխատող ունի, և որ 2022-ին նոր, թանկարժեք սարքավորումներ են ձեռք բերել որոշ փորձաքննություններ արագացնելու համար։

Թե քանի քրեական գործ կա, որոնց քննությունը չի ավարտվում փորձաքննությունների ուշացման հետևանքով, Արդարադատության նախարարությունից «Ազատության» հարցմանը չեն պատասխանել։ Հայտնի չէ նաև, թե ՊՈԱԿ-ների ձեռքբերած նոր սարքավորումների շնորհիվ որքան գործեր են ի վերջո հասել իրավապահներին՝ քննությունը շարունակելու համար։ Բայց դեռ շատ գործերի դեպքում դատախազությունը ուշացումները կապում է դանդաղ փորձաքննությունների հետ։ Հաճախ դրանք այնքան են ձգձգվում, մինչև անցնում է հանցագործության վաղեմության ժամկետն ու ենթադրյալ հանցագործներն ազատվում են պատասխանատվությունից, հանցանքն էլ մնում է անհետևանք։

Սա հաստատում է նաև Լոռու մարզի դատախազը. - «Ունենք դեպքեր, երբ որ չորս տարի գնում ա փորձաքննությանը։ Էդ խնդիրը ընդհանուր, գլոբալ խնդիր է»։

Այս դեպքում հայտնի չէ, թե դեռ որքան կձգվի Վանաձորի թալանված մաքրման կայանի նախաքննությունը և արդյո՞ք այն դատարան կհասնի։

Դեռ 2019-ին դատախազությունը հայտարարում էր, թե Վանաձորի նախկին քաղաքապետ Սամվել Դարբինյանն իր պաշտոնավարման տարիներին Վանաձորի կեղտաջրերի մաքրման կայանն ապօրինի օտարել է. կեղծ աճուրդ է կազմակերպել ու 240 միլիոն դրամանոց կայանն իր գնից 4 անգամ էժան՝ 60 միլիոն դրամով վաճառել իր մտերիմին։ Իրավապահները կասկածներ ունեին, թե էժան գնով ձեռքբերված կայանի թանկարժեք խողովակներն ու սարքավորումները նախկին քաղաքապետի ու իր եղբոր կառուցած հիդրոկայանի համար են օգտագործվել։

Փորձաքննություններով իրավապահները հենց դա պիտի պարզեին՝ կես միլիարդ դոլարանոց համայնքապատկան գույքը հասե՞լ է Դարբինյանների ՀԷԿ, թե՞ ոչ։ Բայց քննությունը դեռ չավարտված, անցած տարի նախկին քաղաքապետն ու իր եղբայրն անարգել վաճառեցին ՀԷԿ-ը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG