Մատչելիության հղումներ

Վանաձորում կառավարման ճգնաժամը խորանում է, փոխադարձ մեղադրանքները` շարունակվում


Վանաձորցիները մայիսի 23-ին փակել էին քաղաքի գլխավոր ճանապարհներից մեկը՝ Աղայան փողոցը
Վանաձորցիները մայիսի 23-ին փակել էին քաղաքի գլխավոր ճանապարհներից մեկը՝ Աղայան փողոցը

Վանաձորում իշխանությունները խոստովանում են՝ ժամանակավոր ղեկավարն առանց ավագանու չի կարող լուծել մոտ 90 հազար բնակիչ ունեցող համայնքի խնդիրները. լուրջ խոչընդոտներ կան։ Այս տարվա բյուջեն դեռևս հաստատված չէ, բոլոր ֆինանսական հատկացումների համար ավագանու որոշում է պետք։ Իսկ ավագանին դատարանի որոշմամբ առնվազն մինչև հուլիսի 20-ը արգելանքի տակ է՝ չի կարող նիստեր գումարել։

Անցած ամիս ԱԺ-ն օրենք էր փոխել, որի արդյունքում վարչապետը համայնքի ժամանակավոր ղեկավար նշանակեց։ Իշխանական պատգամավորներն ու կառավարության անդամները հայտարարում էին, թե պաշտոնակատարի ձեռքերը կապված չեն լինի, ունենալու է նույն լիազորությունները, ինչ համայնքի ղեկավարը։ Մինչդեռ երկու շաբաթ առաջ վարչապետի վստահությանն արժանացած Արկադի Փելեշյանը սահմանափակումներ ունի ծախսերի հարցերում։

Օրերս վանաձորցիները փակել էին քաղաքի գլխավոր ճանապարհներից մեկը, որ դեռ անցած տարվա աշնանը քանդել էին հիմնանորոգելու համար: Որոշ աշխատանք արված էր, բայց այդպես էլ չէր ասֆալտապատվում։ Քաղաքացիները դժգոհում էին, որ փոշու և ցեխի մեջ են ավելի քան կես տարի։

Տեղի ժամանակավոր պաշտոնյաները հայտարարեցին, որ չեն կարողանում շինարարին վճարել՝ փողը կա, բայց ավագանու որոշում չկա։ Ասացին՝ բանակցում են՝ համոզելու, որ մեկ կիլոմետրանոց փողոցը պարտքով ասֆալտ անի։ Շինարարն սկզբում չէր համաձայնում, բայց երեկ սկսեց աշխատանքը։ Համայնքապետարանից առանց մանրամասնելու հայտարարեցին, թե բանակցություններն արդյունք են տվել։

Բայց եթե այս դեպքում գործը գլուխ եկավ, ապա բազմաթիվ այլ խնդիրներ մնում են։ Խոստովանում են, որ բոլոր հարցերն ապառիկով լուծել չեն կարող։ Ճարահատյալ որոշել են առաջիկա օրերին ավագանու նիստ գումարել՝ չնայած դատարանի ու օրենքի արգելքին։

Երկու օր առաջ ճանապարհի հարցով «Ապրելու երկիր» խմբակցության նախաձեռնած քննարկման ժամանակ ակնարկեցին, թե պետք է արտահերթ նիստով բյուջեն հաստատեն։ Բայց քննարկմանը չէին եկել ընդդիմադիր երկու խմբակցությունների անդամները, առանց որոնց հնարավոր չէ քվորում ապահովել։ Նախաձեռնողները մեղադրեցին, թե ընդդիմադիրների գործողություններում միտում են տեսնում. «Մեր հարգելի ավագանու անդամներից շատերը այդ կրիտիկական պահին, երբ որ մեզ պետք էր` ժամանակավոր պաշտոնակատարը համաձայնագիր ստորագրի, և շինարարությունը շարունակվի, իրենց հայտարարությունով նաև խոչընդոտեցին այդ փողոցի վերանորոգմանը»:

Կոռուպցիոն մեղադրանքներով կալանավորված նախկին համայնքապետ Մամիկոն Ասլանյանի գլխավորած դաշինքից ավելի վաղ հայտարարել էին, թե ավագանու արտահերթ նիստերի չեն մասնակցի։ Ամիսներ առաջ ընդդիմությունն էր այստեղ երկու անգամ տարբեր օրակարգերով արտահերթ նիստ հրավիրել, բայց այն ժամանակ էլ իշխանության աջակից խմբակցությունները չէին ներկայացել՝ պատճառաբանելով, թե օրենքն ու դատարանը ավագանուն թույլ չեն տալիս նիստեր անցկացնել։ Ընդդիմության նախաձեռնած նիստն էլ անօրինական էին համարել։

Նախկին համայնքապետ Ասլանյանի օրոք աշխատակազմի ղեկավարի պաշտոնն զբաղեցրած Արթուր Օհանյանն այսօր «Ազատությանն» ասաց՝ իշխանությունները երկակի ստանդարտներ են կիրառում։ Մի կողմից անօրինական են համարում նիստ գումարելու իրենց նախաձեռնությունները, մյուս կողմից՝ այսօր մեղադրում ընդդիմությանը, թե կարևոր հարցերով նիստեր անելու իրենց ցանկություններին ընդառաջ չեն գնում։

«Երբ որ մենք ենք ուզում նախաձեռնել, որ քաղաքի կենսական հարցերին փորձենք լուծում տալ, մեզ մերժում են, երբ որ իրենք են ուզում դա նախաձեռնել, մենք էլ ասում ենք` եթե դուք գրավոր հիմնավորում եք առաջ բերել, որը մերժում եք, այդ նախաձեռնությունը, դա նշանակում է` չի կարող չէ՞ երկակի ստանդարտ գործել: Եթե մեզ համար մերժում եք, ուրեմն բոլորի համար է տենց, կոնկրետ ավագանու նիստերի արգելանքի մասով բան փոխվե՞լ է, որևիցե բան չի փոխվել այս ընթացքում», - նկատեց նա:

Փոխադարձ այս մեղադրանքների ֆոնին Վանաձորում կառավարման ճգնաժամը խորանում է։ Անգամ կառավարության կողմից անցած տարի հաստատված սուբվենցիոն ծրագրերը չեն իրականացվի։ Երկու օր առաջ տեղի ունեցած քննարկման ժամանակ ներկաներն ակնարկեցին վանաձորյան ճգնաժամը հաղթահարելու համար ՏԻՄ օրենքում ևս մեկ փոփոխություն նախաձեռնելու մասին։

«Ապրելու երկրի» ընտրական ցուցակը գլխավորող Արտավազդ Ալավերդյանն ասաց՝ պետք լինի, այդ հարցով կդիմեն ԱԺ։

Անցած տարեվերջին տեղի ունեցած ավագանու ընտրություններին քաղաքական ուժերից որևէ մեկը բավարար ձայներ չստացավ համայնքի ղեկավարի պաշտոնն ստանձնելու համար։ Հետո արդեն ամենաշատ թվով քվե ստացած Մամիկոն Ասլանյանը կալանավորվեց։ «Լուսավոր Հայաստանը» բողոքարկեց ընտրությունների արդյունքները, ու քանի դեռ վերջնական որոշում չկա, դատարանն արգելեց նորընտիր ավագանուն նիստեր գումարել։ Օրենքը սահմանում է, որ ավագանին առաջին նիստը կարող է գումարել բացառապես համայնքի ղեկավարի ընտրության հարցով։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG