Մատչելիության հղումներ

Վանաձորում շարունակվող կառավարման ճգնաժամի հանգուցալուծումը չի երևում


Վանաձորում արդեն վեց ամսից ավելի շարունակվող կառավարման ճգնաժամի հանգուցալուծումը չի երևում։ Իրավիճակն էլ ավելի բարդացավ ավագանու նիստ գումարելու վերջին տապալված փորձից հետո։ Այն նախաձեռնել էին մեկ ամիս առաջ համայնքի ղեկավարի պաշտոնակատար նշանակված Արկադի Փելեշյանի գլխավորած «ՀԱՍԿ» խմբակցությունն ու իշխող «Քաղաքացիական պայմանագիրը»։

Ընդդիմադիր խմբակցություններից միայն «Ապրելու երկրի» երկու անդամներն էին եկել նիստին։ Մյուս երկու ընդդիմադիր խմբակցությունները՝ կալանավորված Մամիկոն Ասլանյանի գլխավորած դաշինքն ու «Հայրենիքը», սակայն, այս անգամ էլ բոյկոտեցին իշխանությունների նախաձեռնությունը։ Արդյունքում մեկ ձայն պակասեց քվորումի համար և նիստը չկայացավ։

«Նախատեսվում է վանաձոր համայնքում հիմնանորոգել 4 ճանապարհ, 2 մանկապարտեզ, մեկ մարզադպրոց, մեկ մշակութային ճջախ, տիկնիկային թատրոն, ձեռք բերել 5 աղբատար մեքենա: Հիմա, թե ինչու ավագանու անդամները չներկայացան, չեմ կարող ասել, ոչինչ, մեր ժողովուրդը կների, մենք էլ կտեսնքն՝ ոնց ենք անում, որ մեր քաղաքաը մենք կառուցենք», - հայտարարեց համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արկադի Փելեշյանը:

Արդեն կես տարի Վանաձորը բյուջե չունի և կառավարության կողմից հաստատված ավելի քան երկուսուկես միլիարդ դրամի սուբվենցիոն ծրագրերը մնում են օդից կախված։ Խոշորացված Վանաձորի ժամանակավոր իշխանությունը հնարավորություն ուներ կապիտալ շինարարության 15 ծրագիր իրականացնել, բյուջե հաստատել, տեղական տուրքեր ու վճարներ սահմանել, դրույքաչափեր հաստատել։

Իշխանությունները մեղադրում են ընդդիմադիրներին համայնքին այս հնարավորությունից զրկելու համար և նրանց բոյկոտը դիտարկում որպես նեղ անձնական շահերից բխող գործողություն. - «Մամիկոն Ասլանյան» դաշինքը և «Հայրենիք» կուսակցությունը հերթական անգամ ցույց տվեցին, որ իրենց համար կարևոր է իրենց նեղ անձնական շահը ոչ թե համայնքային, վանաձորցու և Վանաձոր քաղաքի շահը: Բայց ամեն դեպքում ես հավաստիացնում եմ, որ մենք ելքեր կգտնենք և այս բոլոր ծրագրերը, դեռ մի բան էլ ավելին իրականություն կդարձնենք»:

Մինչդեռ արդեն կես տարի կալանքի տակ գտնվող նախկին համայնքապետ Մամիկոն Ասլանյանի կողմնակիցները հիշեցնում են ավելի վաղ ավագանու նիստ գումարելու իրենց նախաձեռնություններն ու շեշտում՝ այդ դեպքում էլ իշխանության կողմնակիցներն են բոյկոտել ու չեն ներկայացել։

Դաշինքի անդամ Գայանե Քալանթարյանն «Ազատությանն» ասաց. - «Եթե այդ նիստը, որը մենք նախաձեռնեցինք, չկայացավ, և գրավոր պատասխան ստացնաք, մերժում ստացանք, որ նիստը չի կարող իրավազոր համարվել, ապա ինչպես եք նիստ անցկացնում դուք այնպիսի կարևոր հարցերով, ինչպիսին են ցուբվենցիան ծրագրերը, քաղաքի բյուջեն և այլն»:

Դատարանի որոշումը Վանաձորում ավագանու նիստեր գումարելու արգելքի մասին դեռ ուժի մեջ է։ Ըստ դատական տեղեկատվական համակարգի, վարչական դատարանն արգելանքը վերացնելու հարցին կանդրադառնա հուլիսի 20-ին։ Եթե վերացվի այն, ավագանին պարտավոր է նիստ անցկացնել համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով։

Արդյո՞ք իշխանությունը կգնա նոր ընտրությունների, թե՞ առաջ կտանի վերջերս նախաձեռնած օրենքի փոփոխությունը, ըստ որի առաջարկում են համայնքի ղեկավարի ընտրությունը նախկինի պես փակ դարձնել։ Ազգային ժողովում օրերս տեղի ունեցած լսումների ժամանակ կարծիք էր հնչել, թե սա իշխանության համար ավագանու անդամների վրա ճնշում գործադրելու հնարավորություն է ստեղծում։

«Իշխանությունը փորձում էր ճնշում գործադրել կամ տարբեր կերպերով համոզել, առնել, առնել պարտադիր չի փողով, օրինակ, ինչ-որ պաշտոն ստանալով, ինչպես Մեղրիում փորձեցիք անել, ընդդիմադիրներին, որպեսզի այդ ընդդիմադիրները քվեարկեն ՔՊ-ի օգտին», - ասել է «Իրազեկ քաղաքացիների միավորման» ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանւ:

«Կարծում եմ, որ բաց քվեարկությունը ավելի ճիշտ տարբերակ է, ավելի ժողովրդավարական տարբերակ է: Խոսակցությունների առիթ հաստատ չի դառնա, եթե լինի բաց քվեարկություն», - ասաց Գայանե Քալանթարյանը:

Վանաձորի ավագանում ընդդիմադիր անդամ Գայանե Քալանթարյանը ևս սա ժողովրդավարությունից հետքայլ է համարում, թեև իրենց դաշինքի առաջնորդ Մամիկոն Ասլանյանը 2016-ին հենց փակ-գաղտնի քվեարկության արդյունքում էր համայնքի ղեկավար դարձել։ Չնայած, որ այսօր համայնքը ժամանակավոր ղեկավարող Արկադի Փելեշյանն «Հայկական վերածնունդ» խմբակցությունով հուշագիր էր ստորագրել «Լուսավոր Հայաստանի» հետ՝ վերջինիս թեկնածուի օգտին քվեարկելու մասին, բայց այդպես էլ գաղտնի մնաց, թե ով էր դրժել իր խոստումն ու ձայն չէր տվել Էդմոն Մարուքյանի եղբորը։

«Լուսավոր Հայաստանը», որ դրանից հետո մեկ տարի բոյկոտում էր ավագանու նիստերն ու տապալում Մամիկոն Ասլանյանի ձևավորած տեղական իշխանության գործունեությունը, մինչև այսօր տեղի ունեցածը մանդատագողություն է որակում։

XS
SM
MD
LG