Մատչելիության հղումներ

Բնակիչներն ու բնապահպանները տապալեցին Լոռու Քարաբերդ գյուղում ոսկու բաց հանք շահագործելու նախաձեռնությունը


Այսօր Լոռու Քարաբերդ գյուղում ոսկու բաց հանք շահագործելու «Ասսաթ» ընկերության նախաձեռնությունը տապալվեց։ Բնակիչներն ու բնապահպաններն ընկերության ներկայացուցիչներին թույլ չտվեցին մտնել Փամբակի համայնքապետարան, որտեղ հանրային լսումներ էին նախատեսված։

«Մենք այնտեղ անասնապահությամբ ենք զբաղվում: Ինչ իրենք սկսել են հանքերն օգտագործելը, մենք անկումներ ենք ունենում շատ մեծ քանակով: Մենք ուզենք-չուզենք իրենք անելու են, մեծացնելու են: Մեզանից ոչ մի բան կախված չէ… հարցնելը քիչ է», - ասում են տեղացիները:

Ընկերությունը դեռ տասը տարի առաջ է հանքավայրը շահագործելու թույլտվություն ստացել, բայց աշխատել է երկարատև ընդմիջումներով։ Հիմա ուզում են երկարաձգել արտոնագիրն ու ընդլայնել տարածքը, բայց հանդիպելով բնակիչների ու բնապահպաններն ընդդիմությանը՝ ընկերության ներկայացուցիչներն այսօր առանց որևէ հարցի պատասխանելու հեռացան։

Ընդամենը երեք տասնյակ տուն ունեցող Քարաբերդի բնակիչներն ասացին՝ չեն թողնի, որ իրենց քթի տակ իրենց արոտավայրերը հանք դարձնեն։

«Ինձ ավելի լավ է՝ ես ապրանք պահեմ, իմ ապրանքով ապրեմ, քան թե գնամ, մտնեմ, թունելներում աշխատեմ: Ինձ դա վնաս է, իմ ինչի՞ն է պետք թոզերը թոքերիս ընկնի: Կով եմ պահում, մաքուր օդերում, դրախտային տեղ ապրում եմ, բայց էդ թոզ ու կեղտի մեջ վնաս է, երկու տարի է՝ շնչում եմ էդ թոզը, քարն էլ ընկնում է գլխիս», - ասում է նրանցից մեկը:

Հանքի ծրագրից ոգևորված էր միայն Քարաբերդի 30 տարվա գյուղապետ Յուրիկ Շավելյանը, որ գյուղը Փամբակին միացնելուց հետո վարչական ղեկավար է նշանակվել։ Շեշտում է ընկերության խոստացած 300 նոր աշխատատեղն, ու թե՝ նախկինում նույն հանքավայրը շահագործողներից օգուտ չեն տեսել, տարածքի վարձակալության համար սահմանված չնչին գումարներն անգամ բյուջե չեն հասել։ Հիմա, ասում է, իրենց ուրիշ աչքով են նայում։

«Հեղափոխությունից հետո մարդիկ եկան, գերեզմանների ցանկապատն իրենք նյութապես օգնեցին, արեցինք: Հարցեր կան, միջդաշտյան ճանապարհներ կան, որ մեխանիզմ ենք ուզում, օգնում են, բայց էն, որ պիտի արվի նորմալ, չի արվում», - նշեց նա:

Բնապահպաններն ասում են, որ վերջին երկու տարում ավելի հաճախ շահագործված հանքի վնասներն անգամ մինչև 5 կմ հեռու՝ Վանաձորում են զգում։ Վահան Մխիթարյանը, որ Գուգարքի անտառտնտեսության նախկին տնօրենն է, ասում է՝ անտառներով հարուստ Վանաձորում փոշի չէին տեսել, ոսկու հանքի ակտիվությունից հետո փոշու տարօրինակ շերտ են տեսնում մեքենաներին։

«Գոյություն ունի օրենք, նմանատիպ հանքավայրերը բնակավայրից 30 կմ գոնե շառավիղով հեռու պետք է կառուցվի: Չգիտես՝ ինչու այդ օրենքները… էսօր սենց են մտածում՝ օրենքը նրա համար է, որ փոխենք կամ արհամարհենք, չէ, օրենքը նրա համար է, որ օրենքը հարգենք: Կներեք, կոպիտ եմ արտահայտվում, թքած ունեն մեր քաղաքի բնակչության վրա, անոմալ հիվանդություններ կառաջանան, ինչ կլինի», - ասաց նա:

Քարաբերդի ոսկու հանքը շահագործող «Ասսաթ» ընկերության միակ սեփականատերը մինչև 2020 թվականն, ըստ պետական ռեգիստրի տվյալների, եղել է Արամ Օսիկյանը, որ դեռ 14 տարի առաջ Մասիսում ոսկու արտադրության գործարան էր հիմնել։ 2020-ի վերջերից արդեն ընկերությունը տնօրինում է չեխական «Մվի իրելանդ» ընկերությունը, որը ըստ գրանցման փաստաթղթերի՝ հիմնադրվել է առուվաճառքից մի քանի ամիս առաջ և զբաղվում է անշարժ գույքի վաճառքով կամ վարձակալությամբ։

Ուշագրավ է, որ չեխական այս ընկերությունը փոխկապակցված է Պրահայի նույն հասցեում գրանցված մեկ այլ ընկերություն՝ «Mineral Ventures Invest» ի հետ, որի հիմնադրած «Լուսաջուր վենչըրզ ինվեստը» անցած տարի ոսկու հանքի ուսումնասիրություններ անելու հանրային լսումներ էր նախաձեռնել Լոռու մարզի այլ համայնքներում։ Այս դեպքում ևս բնապահպանների ջանքերով լսումները տապալվեցին, և ընկերությունը հնարավորություն չունեցավ շարունակելու գործունեությունը։

Ինչո՞ւ է վերջին տարիներին մեծացել Լոռիում մետաղական հանքեր շահագործելու հետաքրքությունը։ Բնապահպան Օլեգ Դուլգարյանն ասում է՝ Հայաստանում դեռ քննարկումների մեջ է շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման նոր օրենսդրությունը։ Մինչ այդ գործում են հին օրենքները, որոնք արդյունավետ չեն և խիստ պահանջներ չեն դնում հանքատերերի առաջ, ուստի վերջիններս ամեն ինչ անում են մինչև նոր օրենքի ընդունումը կառավարությունից ու հանրությունից թույլտվություններ կորզելու համար։ Գործող օրենքի նախագծով ընդերքօգտագործողների նկատմամբ պահանջները խստացվում են, հանրային մասնակցությունը՝ մեծացվում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG