Վանաձորում կարծիքները կիսվում են. դժգոհություններ կան թե՛ Փաշինյանի կառավարությունից, և թե՛ ընդդիմությունից։
Թավշյա հեղափոխությամբ իշխանության եկածները չեն արդարացրել իրենց սպասելիքները, իշխանության հրաժարականի պահանջով փողոց դուրս եկած ընդդիմությունից էլ հույսեր չունեն՝ աթոռակռիվ են համարում։
«Հարյուր տոկոս չեմ ասի, որ գոհ եմ իշխանություններից։ Բայց լավ բաներ նկատել եմ։ Վատ էլ եմ նկատել, լավ էլ եմ նկատել», - ասում է միջին տարիքի մի վանաձորցի։ - «Կադրերի քաղաքականությունը լավ չի, բայց, ասենք, կաշառքի պակասելը զգացվել ա, մարդիկ առանց կաշառք գործի են նշանակվում»։
Նրա համաքաղաքացին արտամատական է տրամադրված. - «Ես իշխանափոխության շատ մեծ կարիք ունեմ, որովհետև էս իշխանությունը, որ նստել ա, մեր ընտրած վարչապետը, որ ընտրել ենք, խաբել ա մեզ, լրիվ ամբողջությամբ խաբել ա»։
Ինչո՞ւ աշխատատեղեր չստեղծվեցին, ինչո՞ւ տաքսիստի իր աշխատանքին այլընտրանք չեղավ անցած 4 տարիներին, հարցնում է վանաձորցի Գևորգ Պողոսյանն ու շեշտում՝ ընտանիքը պահելու համար ստիպված է Վանաձորում սեփական մեքենան տաքսի դարձնել ու անդադար տուգանքներ վճարել. - «Ուրեմը աշխատատեղերով ապահովեք, որ մենք դուրս չգանք, կայանատեղի կարիք չունենանք կանգնելու, վթարայինները չմիացնենք, կանգնենք, որ տաքսի քշենք, որ մեր տները պահենք»։
Վանաձորում արդեն կես տարի կառավարման ճգնաժամ է։ Թեև օրենքում փոփոխություն տեղի ունեցավ և վարչապետը համայնքի ղեկավարի պաշտոնակատար նշանակեց, բայց շատ խնդիրներ հնարավոր չի լինում լուծել, քանի դեռ անցած տարեվերջին ձևավորված ավագանին չի գործում։ Վարչական դատարանի որոշմամբ նիստեր գումարելու արգելք կա։
Արդեն մեկ ամիս Երևանում ընթացող ցույցերին վանաձորցիները քիչ են արձագանքել։ Այս ընթացքում ընդամենը մեկ-երկու անգամ փոքրաթիվ ցուցարարներ մայրուղի են փակել, իսկ ընդդիմության առաջնորդները մեկ անգամ հանրահավաք են կազմակերպել։