Մատչելիության հղումներ

Վանաձորում քաղաքական ուժերը միմյանց են մեղադրում համայնքի ղեկավարի ընտրությունը տապալելու հարցում


Վանաձորի քաղաքապետարանի շենքը, արխիվ
Վանաձորի քաղաքապետարանի շենքը, արխիվ

Վանաձորում քաղաքական ուժերը շարունակում են միմյանց մեղադրել համայնքի ղեկավարի ընտրությունը տապալելու հարցում։ «Մամիկոն Ասլանյան» դաշինքի անդամները պնդում են, թե՝ «Լուսավոր Հայաստանն» ու գործող իշխանությունները շահագրգռված են, որ ղեկավարի ընտրություններ տեղի չունենան և արհեստական խոչընդոտներ են ստեղծում այն հետաձգելու համար: Դաշինքի ավագանու անդամ Արթուր Օհանյանն օրեր առաջ ասաց՝ սա հատուկ ծրագրված սցենար է։

«Լուսավոր Հայաստանի» ղեկավար Էդմոն Մարուքյանը մինչդեռ պնդում է՝ ընդամենը իրավական գործընթացի մեջ են և փորձում են պաշտպանել Վանաձորի ավագանիում ներկայացված լինելու իրենց իրավունքը։ Ասում ու մեղադրում է Մամիկոն Ասլանյանին ու նրանից առաջ քաղաքը ղեկավարած համայնքապետերին անխնա թալանի համար։

«Էս պայքարը նրա մասին է, որ մարդիկ ուզում են շարունակել թալանել քաղաքը: Իսկ ո՞նց են թալանել, ուրեմն երկար տարիներ մի ամբողջ խումբ հարստացել է վանաձորի հաշվին ու Վանաձորը դարձել է Հայաստանի ամենածանր վիճակում ընկած քաղաքը, ամենախայտառակ վիճակում է Վանաձորը: Քաղաքը թալանվել է նաև այն բանի համար, որ որևէ մեկը չի լսել կենտրոնական իշխանություններից մեզ և վերջին երեք տարիների ընթացքում, բնականաբար, էլի չեն լսել ու քաղաքը շարունակվել է թալանվել», - նշեց Մարուքյանը:

Դեկտեմբերի 24-ին նախատեսված նիստը չէր կայացել վարչական դատարանի որոշման հիմքով։ Ավագանի չանցած «Լուսավոր Հայաստանն» էր դիմել դատարան՝ միջնորդելով կասեցնել նիստ անցկացնելու և համայնքի ղեկավար ընտրելու գործընթացը, քանի դեռ վերաքննիչ դատարանը որոշում չունի իրենց բողոքի վերաբերյալ։ «Լուսավոր Հայաստանը» բողոքարկել է դեկտեմբերի 5-ի ընտրություններին գրանցված 12 անճշտությունների իրավաչափությունն ու պահանջել դրանք հաշվարկել իրենց կուսակցության օգտին։ Վարչական դատարանը մերժել էր «Լուսավոր Հայաստանի» հայցը։ Այժմ դատարանի որոշումը բողոքարկել են վերաքննիչ վարչական դատարանում։ Երեկ նշանակված դատը չի կայացել դատավորի ինքնաբացարկի պատճառով։ Դեռևս հայտնի չէ՝ երբ տեղի կունենա հաջորդ դատական նիստը։

Մինչ դատական պրոցեսը կավարտվի, դեռևս անհայտ է նաև ավագանի անցած քաղաքական ուժերի մտադրությունը։ Կուսակցությունները դեռ չեն հայտնում՝ ավագանու առաջին նիստը կայանալու դեպքում ովքե՞ր էին պատրաստվում պայքարել համայնքի ղեկավարի պաշտոնի համար։ Այսինքն ինչ կլիներ, եթե կայանար դեկտեմբերի 24-ին նախատեսված նիստը։

«Մամիկոն Ասլանյան» դաշինքի ավագանու թեկնածու Գայանե Քալանթարյանը որպես տարիքով ավագ վարելու էր ավագանու անդրանիկ նիստը։ Նա «Ազատությանն» ասաց՝ պատրաստ եկել էին նիստի։

«Գիտեինք, որ հստակ ունենք 16 ձայն, նաև մտածում էինք, որ մեզ ձայներ կավելանա, որովհետև այս պարագայում նորմալ է նաև ենթադրել, որ որոշ մարդիկ կարող է փոխեն իրենց վերաբերմունքը և ինքս որպես նիստ վարող լիովին պատրաստ էին այն սկսելու, եթե նիստ կայանար: Ընդհանրապես քվեարկությունը միշտ էլ լի է անակնկալներով՝ հաճելի և ոչ այնքան», - ընդգծեց Քալանթարյանը:

«Քաղաքացիական պայմանագրի» ավագանու անդամությունից հրաժարված մարզպետ Արամ Խաչատրյանն «Ազատությանն» ասել էր՝ նշանակված նիստի նախօրեին հավաքվել են կուսակցականներով, բայց որոշում չեն կայացրել։ Վանաձորի ավագանիում 5 անդամ ունեցող Հայաստանի աշխատավորական սոցիալիստական կուսակցությունից լռում են։ Այսօր այդպես էլ չպատասխանեցին «Ազատության» զանգերին։

Կուսակցության ցուցակը գլխավորում է Մամիկոն Ասլանյանի պաշտոնավարման տարիներին համայնքի ղեկավարի առաջին տեղակալ եղած Արկադի Փելեշյանը։ Թե՛ ընտրություններից առաջ և թե՛ հետո Փելեշյանը հրապարակային հարցազրույցներ չի տվել։ Չի հայտնել իր մտադրությունների մասին։ Այսօր էլ պարզ չէ՝ նրանք թեկնածու կառաջադրե՞ն, թե՞ կպաշտպանեն որևէ այլ թեկնածուի։

Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանի ավագանու անդամությունից հրաժարվելուց հետո խոսակցություններ շրջանառվեցին Արկադի Փելեշյանի հավանական թեկնածության մասին, ընդ որում՝ համառ պնդումներով, թե իշխող «Քաղաքացիական պայմանագիրն» իր 9 ձայնով կարող է աջակցել նրան։ Այս տեղեկությունը ոչ հերքել, ոչ էլ հաստատում է Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը։

«Ես արդեն ասացi, որ որևից տարբերակ մենք չենք բացառում, քաղաքական գործընթաց է և մենք առաջին հերթին պետք է անենք հանուն Վանաձորի ու Վանաձորցու», - ասաց Խաչատրյանը:

Այս պարագայում անգամ ավագանու ամենափոքր խմբակցությունների՝ «Հայրենիք» ու «Ապրելու երկիր» կուսակցությունների երկու մանդատները կարող են որոշիչ լինել կալանավայրում գտնվող Մամիկոն Ասլանյանի համար։ «Ապրելու երկիր» կուսակցության ավագանու անդամ Արտավազդ Ալավերդյանն «Ազատությանն» ասաց՝ բացառում են միայն իշխող ուժի՝ ՔՊ-ի թեկնածուի օգտին քվեարկելու տարբերակը։ Մյուս քաղաքական ուժերի հնարավոր թեկնածուներն իրենց համար ընդունելի են։ Դատապարտեց Մամիկոն Ասլանյանի կալանավորումը՝ այն համարելով քաղաքական հետապնդում և ասաց՝ հնարավոր է նաև նրա օգտին քվեարկեն։

«Հնարավոր է՝ մեր կուսակցությունն առհասարակ ոչ մեկին կողմ չքվեարկի, հնարավոր է և քվեարկի, ամեն ինչ հնարավոր է: Միակ բանը, որ որոշակիորեն կարող եմ ասել՝ մենք չենք տեսնում, որ քաղաքապետի թեկնածուն պետք է լինի ՔՊ-ից», - նշեց Ալավերդյանը:

Կուսակցությունները չեն բացառում նաև նոր ընտրությունների հնարավորությունը։ Դա տեղի կունենա այն դեպքում, եթե ավագանու անդրանիկ նիստն այդպես էլ չկայանա քվորումի բացակայության պատճառով։ Չնայած դեկտեմբերի 24-ին նախատեսված նիստին ավագանի ընդգրկված երեք խմբակցությունների 16 անդամները չէին ներկայացել, բայց դա պատճառաբանեցին ոչ թե քվորում չապահովելու մտադրությամբ, այլ վարչական դատարանի որոշումով։ Մինչև այս պահը կուսակցությունները պնդում են, թե նիստերը բոյկոտելու ծրագիր չունեն։

XS
SM
MD
LG