Վանաձորում ենթադրաբար ապօրինի օտարված տարածքները դարձյալ իրավապահների ուշադրության կենտրոնում են, ընդ որում հարուցված քրեական գործն առնչվում է արդեն իսկ կոռուպցիոն հանցագործության համար մեղադրվող նախկին քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի պաշտոնավարման տարիներին։ Այս անգամ իրավապահները կասկածի տակ են առել Ասլանյանի 2019-ին միանձնյա կայացրած որոշումները, որով նա Վանաձորի համայնքային սեփականությունը՝ կենտրոնում գտնվող 100 քառակուսի մետր տարածքը կտոր-կտոր վաճառել է քաղաքում որպես քրեական հեղինակություն հայտնի Շալիկո Մանուչարյանի ընտանիքին։
Գործը գլուխ բերելու համար քաղաքապետարանում, ըստ փաստաթղթերի, նախ փոխել են քաղաքի հատակագիծը. բազմահարկ բնակելի շենքի բակը, որ համարվում էր սեփականաշնորհման ոչ ենթակա տարածք, դարձրել են հասարակական կառուցապատման հող։ Դրանից հետո 100 քառակուսի մետրը 5 մասի են բաժանել, առանձին հասցեներ տվել ու համայնքի ղեկավարի 5 տարբեր որոշումներով համայնքապատկան այս հողակտորներում տաղավարներ տեղադրելու իրավունք տվել։
Ընդամենը 4 ամիս անց համայնքի ղեկավարը դարձյալ 5 տարբեր որոշում է կայացրել ու փոքր հողակտորներով նույն՝ 100 քառակուսի տարածքը վաճառել 5000 դոլարի դիմաց։ Համայնքապետարանի ներկայիս աշխատակազմի քարտուղարի պաշտոնակատար Հայկ Վիրաբյանը երեք տարի առաջ կայացրած որոշումներն ապօրինի չի համարում։
«Հողամասը և շինթույլտվությունը տրվել են օրենքի սահմաններում, մենք այդ փաստաթղթերը արդեն տրամադրել ենք համապատասխան մարմինններին», - ասաց նա:
100 քառակուսի մետրանոց տարածքը հենց այնպես չէր բաժանվել 5 մասի ու վաճառվել 5 տարբեր որոշումներով։ Բանն այն է, որ համայնքային սեփականություն հանդիսացող մինչև 20 քառակուսի մետր հողակտորը համայնքի ղեկավարն իրավունք ունի վաճառել միանձնյա՝ առանց ավագանու։ Այլ բան, որ հիմա արդեն ընդհանուրի՝ հարյուր քառակուսի մետրի վրա մեկ հասարակական սպասարկման կենտրոն է կառուցվում։ Շինարարությունն իրականացնում է Մամիկոն Ասլանյանից առաջ Վանաձորը 18 տարի ղեկավարած Սամվել Դարբինյանի ընտանիքին պատկանող կազմակերպությունը։
Թեև տարածքի օրինականության հարցը իրավապահների քննության առարկա է դարձել, բայց այսօր էլ շինարարությունն անարգել շարունակվում է։ Շինարարները չպատասխանեցին հարցերին։ Հարակից բազմահարկի բնակիչներն էլ հիմնականում խուսափում էին խոսել այս մասին կամ ասում, թե դժգոհություն չունեն, որ իրենց բակում, խաղահրապարակին ու թատրոնին կից հասարակական օբյեկտ է կառուցվում։
«Դե ինձ ի՞նչ են խանգարում իրենք», - ասաց մեկը, մյուսը հավելեց. «Իմ կարծիքը հարցնելով ո՞վ է ինչ-որ բան անում, ում խելքին ինչ փչում, այն էլ անում են»։
Քաղաքի կենտրոնական պողոտային կից այս տարածքն օտարելու և շինարարության թույլտվության կասկածելի որոշումների մասին այդ ժամանակվա ավագանին տեղյակ չի եղել, քանի որ դրանք բացառապես համայնքի ղեկավարն է կայացրել՝ միանձնյա։ Նախկին ավագանու ընդդիմադիր անդամ Հայկազ Սիմիկյանն ասում է՝ թեև ավագանիում հանրապետական խմբակցությունը մեծամասնություն էր, և ցանկացած որոշում ընդունում էին նաև առանց ընդդիմության, բայց շատ դեպքերում նաև հարցերը ավագանի չէին բերվում հանրային աղմուկից խուսափելու համար։
«Խնդիրը նա չի, թե ինչ են կառուցում, խնդիրն այն է, թե այդ տարածքի օտարումը մրցակցային եղել է, թե չէ: Իրականում այդ ամեն ինչը ճի՞շտ է եղել, որովհետև վերջ ի վերջո այդ կառուցապատողի տեղը կարող էր մեկ ուրիշը լիներ, այստեղ կոռուպցիոն ռիսկ կա, թե չէ, վերջ ի վերջո ոնց է լինում, որ ով պաշտոնյան է, միշտ նրանք են մրցույթները շահում՝ պաշտոնյաներին կից ինչ-որ մարդիկ... դրա համար այսօր անընդհատ ձգտում են պաշտոնների, այսօրվա դրությամբ մեր ամբողջ պրոբլեմը, այս քաղաքական ճգնաժամը հանգում է նրան, որ պաշտոնն ինքը փող է բերում, պաշտոնը հնարավորություն է տալիս, որ այդ հողերը իրենցը դառնան, որովհետև թափանցիկ չի ոչ մի բան», - շեշտեց նա:
Հակակոռուպցիոն կոմիտեից «Ազատությանն» ասացին, որ այս քրեական վարույթի շրջանակներում Մամիկոն Ասլանյանին դեռ մեղադրանք չի առաջադրվել։ Մեկ տարի է՝ նա ազատազրկված է պաշտոնավարման ընթացքում թույլ տված այլ չարաշահումների մեղադրանքով։ Գործը Հակակոռուպցիոն դատարանն է քննում։