Մատչելիության հղումներ

Պուտինը պատերազմի պատճառներն է համարում ՆԱՏՕ-ի ընդլայնումը և Մինսկի համաձայնագրերից Կիևի հրաժարվելը


Ուկարինայում արդեն ութ ամիս տևող դաժան պատերազմի պատճառները, Ռուսաստանի նախագահի պնդմամբ, ՆԱՏՕ-ի ընդլայնումը և Մինսկի համաձայնագրերից Կիևի հրաժարվելն են։

Պուտինի խոսքով, եթե ռուսները չսկսեին հատուկ օպերացիան, ուկրաինական բանակը կհարձակվեր Դոնբասի վրա։ Իսկ ամեն ինչ, Ռուսաստանի նախագահի համոզմամբ, սկսվել է 2014 թվականին, երբ «Կիևում տեղի ունեցավ հեղաշրջում»։

Պուտինը չի կարծում, թե պատերազմը սկսելիս իրենք թերագնահատել են ուկրաինական բանակի ներուժը։ Հակառակը, նա համարում է, որ եթե ավելի ուշ սկսեին «անխուսափելի» ռազմական հատուկ օպերացիան, ավելի դժվար կլիներ։

Այսօր «Վալդայ» ակումբում Պուտինը դարձյալ կրկնեց, թե ուկրաինացիներն ու ռուսները մեկ ազգ են։

ՄԱԿ-ում Ռուսաստանի արտգործնախարարության ներկայացուցիչ Կոնստանտին Վորոնցովն այսօր ասել է, թե Ռուսաստանը Միացյալ Նահանգների քաղաքացիական արբանյակները համարում է հարձակումների օրինական թիրախ, քանի որ դրանք օգտագործվում են ուկրաինական պատերազմում։ Խոսքը, մասնավորապես, ուկրաինական բանակի համար ինտերնետ ապահովող Իլոն Մասկի Starlink արբանյակների մասին է։

Ուկրաինական զինված ուժերը հետ են մղել ռուսական զորքերի հարձակումները Լուգանսկի և Դոնեցկի մարզերում

Մինչ այդ, ըստ Ուկրաինայի Գլխավոր շտաբի, ռազմի դաշտում ուկրաինական զինված ուժերը հետ են մղել ռուսական զորքերի հարձակումները Լուգանսկի և Դոնեցկի մարզերում։ Ռուսական կողմի հաղորդմամբ, բռնակցված Ղրիմում ուկրաինական անօդաչու սարքերը հարվածել են Բալակլավայի ջերմաէլետրակայանին, ինչի հետևանքով հրդեհվել է վերանորոգվող տրանսֆորմատորներից մեկը։ Քաղաքում հոսանքազրկում սակայն չի եղել։

Միևնույն ժամանակ ուկրաինական ուժերի հակահարձակումը Խերսոնի մարզում շարունակվում է, թեև դանդաղել է, ինչպես երեկ ասել է Ուկրաինայի պաշտպանության նախարարը՝ եղանակի պատճառով։
Հոկտմեբերին, ըստ ուկրաինական կողմի, մարզում արդեն ազատագրվել է շուրջ 90 բնակավայր։

Oրեր առաջ ազատագրված Վելիկայա Ալեքսանդրովկա գյուղի բնակիչները պատմում են, թե ինչպես են ապրել ռուսների օկուպացիայի օրոք։ Գյուղի դպրոցի շենքում ապրում էին շուրջ երկու հարյուր ռուս զինվորականներ։
Գոյւղի բնակիչը պատմում է, որ ռուս զինվորներն ամեն ինչ գողանում էին խանություներից և բնակիչների տներից. - «Մարդկանց խանութներից ու տներից ամեն ինչ վերցրել էին՝ վարագույրներ, գորգեր, բարձեր»:

Տարեց մի կին էլ ասում է, թե գյուղում տեղակայված ռուս զիվորականները՝ երիտասարդ տղաներ, պատմում էին, որ իրենց ստիպում են պատերազմել ուկրաինացիների դեմ. - «Ասում էին` ստիպել են, ասում էին` եթե գնանք տուն, մեզ կսպանեն: Ջահել տղերք են, ռուսներ։ Նրանք պարզապես երեխաներ են»:

Ուկրաինա ավելի քան ութ ամիս տևող լայնածավալ զինված ներխուժման ֆոնին Ռուսաստանի իշխանությունները «ազդանշաններ» են ուղարկել Կիև հնարավոր «կամուրջներ կառուցելու» և «հարաբերությունների ապաշրջափակման» մասին, երեկ երեկոյան ասել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Գվինեա-Բիսաուի նախագահ Ումարու Շիսոկու Էմբալոյի հետ մամուլի ասուլիսում։ Գվինեա-Բիսաուի նախագահը երեքշաբթի օրը Մոսկվայում բանակցություններ է վարել նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։

«Նա ասաց, որ Ռուսաստանը ցանկանում է կամուրջներ կառուցել։ Ցանկացած բանի մասին խոսելու համար Ռուսաստանը պետք է նախ դադարեցնի հարվածները քաղաքացիական ենթակառուցվածքներին։ Երկրորդ հարցը, որ փոխանցեց Ռուսաստանը, այն էր, որ անհրաժեշտ է ապաշրջափակել հարաբերությունները... Եկեք սկսենք ապաշրջափակել, թեկուզ, մեր Սև ծովը», - ասել է Զելենսկին։

Նա ընդգծել է, որ Ուկրաինան պատրաստ կլինի բանակցությունների, եթե Ռուսաստանը հարգի իր ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը և սահմանները, ինչը հիմա տեղի չի ունենում։

Կրեմլի խոսնակն այսօր ասել է, թե Պուտինը Էմբալոյի միջոցով Զելենսկիին հատուկ ուղերձ չի փոխանցել։ Պեսկովի խոսքով, Գվինեա-Բիսաուի նախագահի հետ զրույցում Պուտինը միայն ներկայացրել է Ռուսաստանի արդեն հայտնի դիրքորոշումը բանակցությունների պատրաստակամության վերաբերյալ, որը չի փոխվել. - «Հիմա դե ֆակտո Ռուսաստանը չի փոխում իր դիրքորոշումը։ Մենք պատրաստ ենք ապահովել մեր շահերը բանակցային սեղանի շուրջ, մենք սա ենք ուզում։ Բայց այս դեպքում խոսքը Ուկրաինայի կողմից բացարձակ չկամության մասին է։ Ահա թե ինչ է քննարկվել»։

Կրեմլի խոսնակը հավելել է, թե աֆրիկյան երկրի նախագահն է ինքն է ցանկություն հայտնել Պուտինի այս դիրքորոշումը փոխանցել ուկրաինական կողմին ։

Ուկարինական Դոնեցկի, Լուգանսկի, Խերսոնի և Զապորոժիեի անեքսիայից հետո Զելենսկին հրամանագիր է ստորագրել, որով Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունները պարզապես արգելվում են։ Զելենսկին շեշտում է, թե կբանակցի Ռուսաստանի նոր նախագահի հետ։

Մոսկվան իր հերթին, թեև բանակցելու մասին է խոսում, միևնույն ժամանակ կոշտացնում է հրետորաբանությունը։ Չորեքշաբթի, օրինակ, Պուտինն ասել է, որ «Ուկրաինան դարձել է ԱՄՆ արտաքին քաղաքականության գործիքը և գործնականում կորցրել է իր ինքնիշխանությունը»։

Օրեր առաջ էլ Մոսկվան Կիևին մեղադրել է «կեղտոտ ռումբ» պատրաստելու մեջ, ինչը Ուկրաինան կտրականապես հերքում է։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG