Կիևում Վլադիմիր Զելենսկու հետ համատեղ ճեպազրույցի ժամանակ աֆրիկյան Գվինեա-Բիսաուի նախագահ Ումարու Շիսոկու Էմբալոն հայտարարել է, թե Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պատրաստ է բանակցել Ուկրաինայի առաջնորդի հետ։ Տեսագրությունը հրապարակել է Ուկրաինայի նախագահի աշխատակազմը։
«Երեկ ես Ռուսաստանում հանդիպեցի նախագահ Պուտինին, ով խնդրեց Ձեզ դիմել, Ձեզ հետ խոսել։ Նա ինձ ասաց, որ պատրաստ է բանակցությունների նախագահ Զելենսկու հետ», - ասել է Գվինեա-Բիսաուի առաջնորդը։
Պաշտոնական Մոսկվան սրան դեռ չի արձագանքել։
Ինքը Զելենսկին անդրադառնալով այդ հայտարարությանը՝ ընդգծել է, որ Ռուսաստանն արդեն 400 իրանական անօդաչու թռչող սարք է օգտագործել Ուկրաինայի վրա հարձակումներ իրականացնելիս. - «Ահա այսպիսի երկխոսություն, որի մասին ասաց պարոն նախագահը: Խոսքերի փոխարեն ա՛ռ քեզ 400 հրթիռ։ Ընդհանուր առմամբ, մենք՝ ռուսներս, խաղաղության կողմնակից ենք, ահա այսպիսի երկխոսություն ձեզ»։
Զելենսկին առաջարկել է Ռուսաստանին բանակցությունները սկսելուց առաջ հրաժարվել ուկրաինական ենթակառուցվածքները ռմբակոծելուց, Սև ծովում ուկրաինական նավահանգիստներն արգելափակելուց և միջուկային զենքով սպառնալուց:
Ուկրաինայի նախագահը ենթադրում է, որ Պուտինի նախաձեռնությունը «ծրագրված հռետորաբանություն» է՝ ուղղված ռուսաստանյան լսարանի և այն երկրների լսարանի համար, որոնք չեն խզել հարաբերությունները Ռուսաստանի հետ։