France24 լրատվական գործակալության փոխանցմամբ, Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը Հռոմի Ֆրանցիսկոս պապի հետ զրույցում խնդրել է նրան զանգահարել Ռուսաստանի և Միացյալ Նահանգների նախագահներ Վլադիմիր Պուտինին և Ջո Բայդենին և Մոսկվայի ու Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլին ու խնդրել նրանց ջանքեր գործադրել Ուկրաինայում պատերազմին վերջ տալու համար:
Այդ մասին Մակրոնը խնդրել է Վատիկանում կաթոլիկ հովվապետի հետ երեկ տեղի ունեցած հանդիպման ժամանակ:
«Անհրաժեշտ է, որ Ուկրաինայում խաղաղության գործընթացն առաջ տանելու համար Միացյալ Նահանգները նստի բանակցությունների սեղանի շուրջ»,- ասել է Մակրոնը:
Նրա համոզմամբ, «Հռոմի պապն ի զորու է ազդել Բայդենի վրա, «քանի որ նրանց միջև հիրավի փոխվստահության հարաբերություններ են հաստատվել»:
Մակրոնը երրորդ անգամ է այցելել Վատիկան: Ֆրանսիայի նախագահը և Հռոմի պապը նվերներ են փոխանակել և ի շարս այլ հարցերի քննարկել են Ուկրաինայի իրավիճակը: