Ուկրաինա ներխուժելուց հետո առաջին անգամ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը միջուկային սպառազինությունների զորավարժություն անցկացրեց։
Նախօրեին անցկացված ռազմավարական զսպման ուժերի զորավարժություններին Պուտինը հետևում էր հատուկ բունկերից։ Նրա ղեկավարությամբ են անցել ցամաքային, ծովային և օդային բազավորման զսպման ուժերի զորավարժությունները, որոնց ընթացքում, ինչպես Պուտինին զեկուցեց պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, մշակվել են հակառակորդի միջուկային հարձակմանը զանգվածային միջուկային հարված հասցնելու պատասխան գործողություններ։
Պուտինը լսել է նաև զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովի զեկույցները։ Վերջինս ասել է, որ Կամչատկայի փորձադաշտից արձակվել է միջմայրցամաքային բալիստիկ հրթիռ, Բարենցի ծովից սուզանավից մեկ այլ տիպի բալիստիկ հրթիռ է արձակվել։ Կիրառվել են հեռահար ավիացիայի երկու ռմբակոծիչներ, դրանք օդային բազավորման թևավոր հրթիռներ են արձակել։
Կրեմլի պաշտոնական կայքէջում տեղադրված հաղորդագրությունում նշված է, որ բոլոր հրթիռները հասել են թիրախներին՝ հաստատելով առաջադրված բնութագրերը։
Երեքշաբթի օրը Պենտագոնի պաշտոնական ներկայացուցիչ բրիգադի գեներալ Փաթրիք Ռեյդերն ասել էր, որ ըստ համաձայնագրերի՝ Ռուսաստանը պարտավոր է նախապես տեղեկացնել միջուկային զենք կրելու ընդունակ հրթիռների արձակման մասին և դա կատարել է՝ զորավարժությունների մասին նախատես ծանուցել է Վաշինգտոնին։ Պենտագոնի պաշտոնական ներկայացուցիչը նշել է, որ զորավարժությունների մասին նախապես իրազեկումը նվազեցնում է սխալների ռիսկերը։
Ռուսաստանը ռազմավարական զսպման ուժերի, ավելի պարզ ասած՝ միջուկային սպառազինությունների զորավարժություններ կատարեց այսպես կոչված «միջուկային կեղտոտ ռումբի» վերաբերյալ մտահոգությունների ֆոնին։ Վերջին օրերին պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն առաջատար երկրների պաշտպանության նախարարների հետ հեռախոսազրույցներ է ունենում՝ մտահոգությույն հայտնելով, որ Ուկրաինան կարող է «կեղտոտ ռումբ» ստեղծել ու հնարավոր է՝ կիրառել։ Արևմուտքի կարծիքով՝ Ուկրաինան իր տարածքում նման քայլի չի գնա, դա կարող է Ռուսաստանն անի ու մեղքը գցի Կիևի վրա։
Միջուկային սպառազինությունների զորավարժություն Պուտինը նախորդ անգամ անցկացրել էր Ուկրաինա ներխուժելուց հինգ օր առաջ՝ փետրվարի 19-ին։ Փետրվարի 24-ին ներխուժելով Ուկրաինա՝ ռուսական ուժերն առաջին ամիսներին ռազմական հաջողություններ ունեին, բայց հետո նահանջեցին Կիևի մարզից, այնուհետև՝ Խարկովի մարզից, հիմա նահանջում են Խերսոնի մարզից։ Այդ մարզում ռուսների կողմից նշանակված նահանգապետ Վլադիմիր Սալդոն հայտնել է, որ Խերսոնից դուրս են բերվել իշխան Գրիգորի Պոտյոմկինի մնացորդները։ Խերսոնի հիմնադիրը համարվող Պոտյոմկինը հուղարկավորված էր Եկատերինսկի տաճարի տարածքում։ Խերսոնից դուրս են բերվել նաև զորավար Ալեքսանդր Սուվորովի կիսանդրին և ծովակալ Ֆյոդոր Ուշակովի արձանը։