Մատչելիության հղումներ

Փրայս. «Ուկրաինայում միջուկային ռումբի կիրառումը ծանր հետևանքներ կունենա ՌԴ-ի համար»


ԱՄՆ-ի Պետական դեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսը, արխիվ, Վաշինգտոն
ԱՄՆ-ի Պետական դեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսը, արխիվ, Վաշինգտոն

Ամերիկայի Միացյալ Նահանգները նախազգուշացրել է Ռուսաստանին՝ Ուկրաինայում «կեղտոտ միջուկային ռումբ» կիրառելու համար անխուսափելի ծանր հետևանքների մասին:

Նախօրեին խնդիրը մեկնաբանել է Միացյալ Նահանգների պետական դեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսը:

Նրա փոխանցմամբ, Վաշինգտոնն այդ մասին հստակ ասել է ամբողջ աշխարհին և մասնավոր խողովակներով տվյալ դիրքորոշումը փոխանցել է նաև ռուսներին:

«Նման զենքի կիրառումը կլինի [Ռուսաստանի նախագահ] Վլադիմիր Պուտինի դաժանության ևս մեկ ապացույց: Եթե նա իսկապես օգտագործի այսպես կոչված «կեղտոտ ռումբը», ապա Ռուսաստանի համար կլինեն հետևանքներ, «կեղտոտ ռումբ» լինի, թե իսկական միջուկային ռումբ, մենք միանշանակ հայտարարել ենք այդ մասին»,- ասել է Փրայսը:

«Միջուկային կեղտոտ ռումբ» են անվանում սովորական ռումբը, որում պայթուցիկից զատ տեղավորված են նաև ճառագայթային նյութեր, որպես կանոն՝ ԱԷԿ-ների միջուկային թափոններ:

Նման ռումբի պայթյունից հետո մեծ շառավղով սփռվում են ճառագայթային մահաբեր նյութեր, որոնք կարող են երկար ժամանակով անբնակելի դարձնել տվյալ տարածքը: Դրանք կարող են տարածվել քամիների հոսանքներով, ներծծվել ընդերգի և ջրի մեջ ու մարդու օրգանիզմում քաղցկեղ առաջացնել:

Կիևը և Մոսկվան միմյանց են մեղադրում միջուկային «կեղտոտ ռումբ» օգտագործելու մտադրության համար: Արևմուտքը հայտարարել է, թե արժանահավատ չի համարում նման ռումբի մասին Ուկրաինայի հասցեին Ռուսաստանի հնչեցրած մեղադրանքները:

XS
SM
MD
LG