Գիշերը հրթիռային հարձակման է ենթարկվել Դնեպր քաղաքը, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել տեղի գազալցակայաններից մեկում։ Ուկրաինայի իշխանությունների փոխանցմամբ՝ մահացած երկու խաղաղ բնակիչներից մեկը հղի կին էր։
Ռմբակոծվել է նաև Դնեպրոպետրովսկի Նիկոպոլ քաղաքը։ Վնասվել է էլեկտրահաղորդման գիծը, 600 տնտեսություն մնացել է առանց էլեկտրականության։
Ռուսական զանգվածային հարվածները Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքներին սկսվել են ամսվա սկզբին: Պաշտոնական Կիևը հայտնում է, որ վնասվել է երկրի էներգետիկ օբյեկտների մինչև 30 տոկոսը։ Կիևում արդեն հովհարային հոսանքազրկումներ են, իսկ իշխանությունները էներգետիկ ճգնաժամի պատճառով կոչ են արել փախստականներին չշտապել ձմռան շեմին տուն վերադառնալ։
Արևմուտքը շարունակում է ռազմական աջակցություն տրամադրել Ուկրաինային
Մինչ պատերազմի վերջը չի երևում, Արևմուտքը շարունակում է ռազմական աջակցություն տրամադրել Ուկրաինային։ Միացյալ Նահանգները նախօրեին Ուկրաինային է փոխանցել միջին հեռահարության հակաօդային պաշտպանության NASAMS առաջին երկու զենիթահրթիռային համակարգերը։ Տասն օր առաջ էլ ամերիկյան ռազմական օգնության շրջանակներում Ուկրաինա են հասել ևս չորս HIMARS բազմակի հրթիռային համակարգեր:
Հակաօդային պաշտպանության համակարգեր Ուկրաինան ստանում է նաև Գերմանիայից։ Երեկ Կիևում Վլադիմիր Զելենսկու հետ հանդիպումից հետո այդ մասին հայտարարեց Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը. - «Հաջորդ MARS 2 համակարգերը, ինչպես նաև լրացուցիչ չորս «Type 2000» ինքնագնաց հաուբիցները Ուկրաինային կհանձնվեն առաջիկա մի քանի օրվա ընթացքում»:
Ուկրաինական բանակը հակահարձակումը օկուպացված Խերսոնի մարզում շարունակում է նաև արևմտյան արդիական սպառազինության շնորհիվ։ Թեև առաջխաղացումը անձրևների պատճառով դանդաղել է, ամերիկյան Fox News-ին տված հարցարզույցում Ուկրաինայի Պաշտպանության նախարար Ալեքսի Ռեզնիկովը ընդգծել է՝ իրենք վճռական երկիրը ռուս օկուպանտներից ազատագրելու հարցում. - «Հարավում մենք նույնպես շարունակում ենք մեր հակահարձակողական արշավը: Հենց հիմա եղանակային որոշ պայմաններ, նկատի ունեմ անձրևը, մի փոքր դանդաղեցնում են մեզ: Բայց մենք քայլ առ քայլ հետ կվերցնենք մեր գյուղերը, մետրերն ու կիլոմետրերը»։
Ուկրաինայի նախագահի վարչակազմի ներկայացուցիչ Ալեքսեյ Արիստովիչի կարծիքով, Խերսոնի համար ճակատամարտը կլինի պատերազմի ընթացքում ամենածանր մարտերից մեկը։ Նրա փոխանցմամբ՝ ոչ մի նախանշան չկա, որ ռուսական զորքերը պատրաստվում են կամովի հանձնել Խերսոնը։ Ավելի վաղ հայտարարվել էր, որ Ուկրաինայի զինված ուժերն այս շրջանում արդեն ավելի քան 90 բնակավայր են ազատագրել։
Ռուսաստանը միջուկային զորավարժություններ է անցկացնում Խաղաղ օվկիանոսում
Ուկրաինայի դեմ շարունակվող պատերազին զուգահեռ, Ռուսաստանն այսօր սկսել է ամենամյա միջուկային զորավարժությունները Խաղաղ օվկիանոսում, որոնք այս օրերին առանձնահատուկ ուշադրություն են գրավում։
Զորավարժություններից մի քանի օր առաջ Մոսկվան հայտարարել էր, թե իբր Ուկրաինան պատրաստվում է «կեղտոտ միջուկային ռումբ» կիրառել իր իսկ տարածքում՝ մեղքը Ռուսաստանի վրա բարդելու համար։ Կիևը հակադարձեց, թե ռուսական կողմն ինքն է ուզում զենքն օգտագործել Ուկարինայում և տեղեկատվական ֆոն է ստեղծում։
Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը երեկ նախազգուշացրել է Ռուսաստանին, որ Ուկրաինայում մարտավարական միջուկային զենքի կիրառումը «աննկարագրելի լուրջ սխալ կլինի». - «Ես դեռ չեմ կարող ձեզ հստակ ասել, որ ռուսական կողմն ինքն է ուզում նման գործողության դիմել: Մենք չգիտենք: Բայց դա լուրջ սխալ կլինի»։
Միացյալ Նահանգներն և Կիևին աջակցող մի քանի այլ երկրներ անմիջապես հերքել էին Ուկրաինայի կողմից «կեղտոտ ռումբ» օգտագործելու ռուսական իշխանությունների պնդումները։ Հռոմի պապ Ֆրանցիսկոսն էլ այսօր ասել է, թե չափազանց մտահոգված է պատերազմի ժամանակ միջուկային զենքի կիրառման հնարավորությամբ։ Ելույթ ունենալով Հռոմում՝ կաթոլիկ եկեղեցու ղեկավարը ասել է, որ «ցավոք, այս աշխարհի հզորների ծրագրերն այսօր հակասում են մարդկանց արդար հույսերին»։