Թեհրանը չի հրաժարվելու Իսրայելից վրեժխնդիր լինելու իրավունքից, հայտարարում է Իսլամական Հանրապետությունը՝ հակադարձելով Արևմուտքից հնչող զսպվածության կոչերին։
«Ագրեսորին պատասխան տալը Իրանի ինքնիշխան իրավունքն է», - երեկ ուշ երեկոյան ասել է երկրի նախագահ Մասուդ Փեզեշքիանը Մեծ Բրիտանիայի վարչապետի հետ շուրջ 30 րոպե շարունակված հեռախոսազրույցում։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Իրանը փաստացի մերժում է Արևմուտքի կոչերըԸստ պաշտոնական հաղորդագրությունների՝ Քիր Սթարմերը զգուշացրել է Իրանի նորընտիր նախագահին, թե սխալ հաշվարկի հավանականությունը մեծ է, և ժամանակն է զսպվածության ու իրավիճակի սթափ գնահատման։ Փեզեշքիանը, սակայն, նախազգուշացումները չի ընդունել, հավելելով, թե հետևելու է Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլա Ալի Խամենեիի հրահանգներին․ վերջինս արդեն իսկ հայտարարել է, թե Իսրայելը պետք է կոշտ հակահարված ստանա։
Սթարմեր-Փեզեշքիան զրույցից առաջ եվրոպական երեք երկրների՝ Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Ֆրանսիայի առաջնորդներն էին համատեղ հայտարարություն տարածել՝ կոչ անելով Իրանին և նրա դաշնակիցներին զերծ մնալ հարձակումներից, որոնք կարող են է՛լ ավելի սրել իրավիճակը Մերձավոր Արևելքում: Մտահոգությունները սրվել են հատկապես ԱՄՆ-ի և Եվրամիության կողմից ահաբեկչական խմբավորում ճանաչված «Համաս»-ի քաղաքական առաջնորդ Իսմայիլ Հանիեի՝ երկու շաբաթ առաջ Թեհրանում տեղի ունեցած սպանությունից հետո։ Թեև Իսրայելը կատարվածի համար պատասխանատվություն չի ստանձնել, Թեհրանը սպառնում է վրեժխնդիր լինել։
Այսօր էլ, արձագանքելով եվրոպական երեք երկրների համատեղ հայտարարությանը, Իրանի արտգործնախարարությունն ընդգծել է՝ Իսլամական Հանրապետությունը «վճռական է տրամադրված» և իր ինքնիշխանության ու ազգային անվտանգության ապահովման հարցում որևէ մեկից թույլտվություն խնդրելու կարիքը չունի: «Նման պահանջները զուրկ են տրամաբանությունից և ամբողջությամբ հակասում են միջազգային իրավունքի նորմերին ու սկզբունքներին», - հայտարարել է գերատեսչության խոսնակ Նասեր Քանանին՝ ընդգծելով, թե եվրոպական եռյակն այդ խնդրանքով գերազանցում է իր լիազորությունները։
Միացյալ Նահանգներն իր հերթին, հղում անելով իր հետախուզական տվյալներին, երեկ հայտարարեց, թե Իրանը և/կամ Մերձավոր Արևելքում նրա դաշնակիցները կարող են «հարձակվել Իսրայելի վրա արդեն այս շաբաթ»։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ըստ ԱՄՆ-ի՝ Իրանի հարձակումն Իսրայելի վրա կարող է տեղի ունենալ «այս շաբաթ»«Մենք պետք է պատրաստ լինենք հնարավոր լուրջ հարձակումների, այդ իսկ պատճառով վերջին մի քանի օրվա ընթացքում մեծացրել ենք մեր անվտանգության ուժերի հնարավորությունները տարածաշրջանում և կարող ենք օգնել Իսրայելին ինքնապաշտպանության հարցում», - ասել է Սպիտակ տան ներկայացուցիչ Ջոն Քիրբին:
Իսրայելում բանակը բերվել է պատրաստվածության ամենաբարձր աստիճանի, հաղորդել է երկրի պաշտպանության նախարարության խոսնակ Դանիել Հագարին: «Մենք լրջորեն ենք վերաբերվում մեր թշնամիների հայտարարություններին, այդ իսկ պատճառով ամենաբարձր աստիճանի ենք հասցրել մարտական պատրաստվածության վիճակը և կգործենք ըստ քաղաքական վերնախավի տված հրահանգների», - հայտարարել է Հագարին:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Իսրայելն իր զորքերը բերել է մարտական բարձր պատրաստվածության․ The Wall Street JournalԱնցած ապրիլին, երբ Սիրիայում իր դիվանագիտական ներկայացուցչության վրա հարձակումից հետո Իրանն առաջին անգամ ուղիղ հարվածեց Իսրայելին, իրանական հարյուրավոր անօդաչուներն ու բալիստիկ հրթիռները թիրախներին չհասան և խոցվեցին օդում՝ Իսրայելի ու Միացյալ Նահանգների ռազմական համագործակցությամբ։ Այդ հարձակումից առաջ, ըստ ամերիկյան լրատվամիջոցների, Վաշինգտոնն անաղմուկ հավելյալ զինտեխնիկա էր տեղափոխել տարածաշրջան։
Այս անգամ Միացյալ Նահանգները հրապարակավ է հայտարարում տեղում ռազմական ներկայությունն ամրապնդելու մասին` հատուկ ընդգծելով, որ պատրաստ է հնարավոր բոլոր քայլերը ձեռնարկել Իսրայելի պաշտպանությանն աջակցելու համար։ Նախօրեին, մասնավորապես, Պենտագոնի ղեկավարը տեղեկացրեց, որ հրահանգել է տարածաշրջան ուղարկել ռազմաօդային ուժերի F-22 ինքնաթիռների լրացուցիչ էսկադրիլիա, ինչպես նաև հավելյալ կործանիչներ։ Առաջիկա օրերին տեղ կհասնեն նաև Abraham Lincoln ատոմային ավիակիրն ու կառավարվող հրթիռներ ունեցող USS Georgia սուզանավը։
Բացի այդ, Վաշինգտոնը նաև Թուրքիային է դիմել՝ հորդորելով գործի դնել Իրանի վրա ունեցած ազդեցությունը՝ տարածաշրջանում նոր բախումներից խուսափելու համար։ «Մենք մեր բոլոր դաշնակիցներին, որ կապեր ունեն Իրանի հետ, խնդրում ենք ազդել, որ Թեհրանը գնա լարվածության թուլացման», - ըստ Reuters-ի՝ երեկ ասել է Թուրքիայում Միացյալ Նահանգների դեսպան Ջեֆ Ֆլեյքը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Բլինքենն ու Ֆիդանը հեռախոսազրույց են ունեցել
Մինչ այդ, Թեհրանը բացահայտել է իր պայմանները․ իրանցի երեք բարձրաստիճան դիվանագետներ, մասնավորապես, Reuters-ին փոխանցել են, որ Թեհրանին միայն մեկ բան կարող է ետ պահել Իսրայելին հարվածելու ծրագրից՝ հրադադարի համաձայնությունը Գազայում արդեն տասներորդ ամիսը շարունակվող պատերազմը կանգնեցնելու շուրջ։ «Եթե այդ բանակցությունները ձախողվեն, Իրանն իր դաշնակիցների հետ ուղիղ հարված կհասցնի Իսրայելին», - Reuters-ին ասել է իրանցի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը՝ անանուն մնալու պայմանով։