Մատչելիության հղումներ

Իրանը պարտավոր է պատասխանել «Համաս»-ի առաջնորդի սպանությանը․ «Հեզբոլա»-ի առաջնորդ


Հասան Նասրալլայի ելույթը, օգոստոսի 6, 2024թ
Հասան Նասրալլայի ելույթը, օգոստոսի 6, 2024թ

Իսրայելի վերջին գործողությունները չեն անցնի առանց «վճռական և արդյունավետ» պատասխանի, տարածաշրջանում լայնամասշտաբ պատերազմի բռնկման մտավահոգությունների ֆոնին հայտարարել է ԱՄՆ-ի կողմից ահաբեկչական ճանաչված «Հեզբոլա» խմբավորման առաջնորդ Հասան Նասրալլան։

«Թեհրանն իրեն պարտավորված է զգում պատասխանել, և թշնամին սպասում է մեծագույն վախը սրտում», - իր ուղերձում ասել է Նասրալլան՝ հավելելով՝ «Հեզբոլա»-ը կպատասխանի «կա՛մ միայնակ, կա՛մ տարածաշրջանում Իրանի աջակցությունը վայելող բոլոր խմբավորումների հետ միասին»:

Թեհրանը «Հեզբոլա»-ի գլխավոր դաշնակիցն է, իսկ լիբանանյան խմբավորումն օգնում է Թեհրանին դիմակայել Իսրայելին և Միացյալ Նահանգներին:

Ամիսներ շարունակ Իսրայելը և Լիբանանում տեղակայված «Հեզբոլա» խմբավորումը հարվածներ են փոխանակում սահմանի երկայնքով։

Հուլիսի 27-ին Լիբանանի տարածքից հրթիռներ են արձակվել Իսրայելի կողմից վերահսկվող Գոլանի բարձունքների ուղղությամբ, որի հետևանքով 12 մարդ է զոհվել, այդ թվում՝ երեխաներ։

Անցյալ շաբաթ Լիբանանում «Հեզբոլա»-ի բարձրաստիճան հրամանատարներից մեկը սպանվեց, իսկ Թեհրանում՝ ծայրահեղական «Համաս»-ի բարձրաստիճան քաղաքական առաջնորդը։

Թեհրանը և իր դաշնակիցները մեղադրանքի սլաքներն ուղղել են դեպի Իսրայելը և սպառնացել պատասխան գործողություններով: Իսրայելը չի ստանձնել Ֆուադ Շուքրի և Իսմայիլ Հանիեի սպանությունների պատասխանատվությունը։

Օգոստոսի 5-ին ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հայտարարել է, որ տարածաշրջանում իրավիճակը «կրիտիկական» է՝ տեղեկացնելով, որ Վաշինգտոնը «դիվանագիտական ճանապարհով», գրեթե շուրջօրյա ռեժիմով, փորձում է թուլացնել լարվածությունը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG