Մատչելիության հղումներ

Իրանն ու Իսրայելը պատրաստվում են անխուսափելի թվացող բախման


Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանն ընդունում է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուին, Թեհրան, 5-ը օգոստոսի, 2024թ.
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանն ընդունում է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուին, Թեհրան, 5-ը օգոստոսի, 2024թ.

Չնայած վերջին օրերին ակտիվորեն շրջանառվող լուրերին և կանխատեսումներին՝ Իրանի և Իսրայելի միջև պատերազմ անցած գիշեր այդպես էլ չբռնկվեց։ Ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյաները՝ մասնավորաբար պետքարտուղար Էնթոնի Բլինքենը, կիրակի օրն էին հայտարարում, թե հետախուզական տվյալները վկայում են, որ Իրանն ու Թեհրանի առանցքային տարածաշրջանային դաշնակից «Հեզբոլա»-ն Իսրայելին հարվածներ կհասցնեն 24-ից 48 ժամվա ընթացքում։

Երկուշաբթի երեկոյան Սպիտակ տանը կայացած խորհրդակցության ընթացքում, սակայն, ամերիկացի ուժայինները նախագահ Ջոզեֆ Բայդենին և փոխնախագահ Քամալա Հարիսին տեղեկացրել են, որ Իրանի հարձակման ժամկետներն ու մանրամասներն առայժմ հստակ չեն։ Այս մասին հաղորդում է Axios կայքը՝ վկայակոչելով խորհրդակցության մասնակիցներից մեկին։ Ամերիկացի անանուն պաշտոնյան նշել է, որ Իրանն ու «Հեզբոլա»-ն «դեռ իրենք չեն պատկերացնում, թե հատկապես ինչ քայլերի են դիմելու»։

Բայց այն, որ Թեհրանը «Համաս»-ի քաղաքական առաջնորդ Իսմայիլ Հանիեի սպանությունն անպատասխան չի թողնի, որևէ մեկի մոտ կասկած չի առաջացնում։

«Երբ Իսրայելը կոշտ պատասխանի կարժանանա, կհասկանա, որ շատ մեծ սխալ է գործել։ Նրանք շարունակաբար են այդ սխալը գործում և այս անգամ ևս բախվելու են հերթական պատասխանին։ Ամեն դեպքում, նրանք դեռ պետք է բացահայտեն, թե երբ և ինչ տեսք է ունենալու մեր այդ պատասխանը», - երկուշաբթի երեկոյան Թեհրանում հայտարարում էր Իրանի ամենաազդեցիկ ուժային կառույցի՝ «Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի» գլխավոր հրամանատար Հոսեյն Սալամին։

Իսրայելական Jerusalem Post պարբերականը, վկայակոչելով երկրի ազդեցիկ հետազոտական կենտրոններից մեկի՝ Alma-ի փորձագետներին, պնդում է, որ Իրանի հարձակումը համալիր բնույթ է կրելու։ «Դրա ընթացքում կարող են կիրառվել բալիստիկ և թևավոր հրթիռներ, ինչպես նաև անօդաչու թռչող սարքեր», - պնդում են իսրայելցի փորձագետները։

Վաշինգտոնում, այդուհանդերձ, վստահ են, որ իրանական հարձակումից դեռ հնարավոր է խուսափել։

«Մենք չենք կարծում,ո ր Իրանի հարձակումն անխուսափելի է։ Այն հնարավոր է կանխել», - Վաշինգտոնում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերը։

«Մեր դիվանագիտական շփումների ընթացքում մենք հետևողական ուղերձներ ենք հղել՝ կոչ անելով փոխանցել Իրանի կառավարությանը, որ իրադրության սրումը չի բխում նրանց շահերից։ Դա չի բխում տարածաշրջանի ուժերից որևէ մեկի շահերից», - հայտարարում էր Միլլերը։

Նախօրեին Իսրայել ժամանեց Մերձավոր Արևելքում տեղակայված ամերիկյան զորքերի հրամանատար գեներալ Մայքլ Կուրիլան։ Ամերիկացի զինվորականի այցին զուգահեռ դիվանագիտական ակտիվություն սկսեց ցուցաբերել նաև Մոսկվան։ Երեկ անսպասելի այցով Իրանի մայրաքաղաք ժամանեց Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն։ Թեհրանում նա հանդիպեց Իրանի նորընտիր նախագահ Մասուդ Փեզեշքիանի, Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետի և իր իրանցի պաշտոնակցի հետ։ Իրանական այցի արդյունքները, սակայն, Շոյգուն ամփոփեց արդեն Բաքվում, որտեղ այսօր հանդիպում էր Իլհամ Ալիևի հետ։

«Իրանի հետ համագործակցությունն այսօր բավական լայնածավալ է, այն շատ արագ տեմպերով է զարգանում։ Թեհրանում կայացած հանդիպումների ընթացքում ես քննարկել եմ մեր հարաբերությունների ամենալայն շրջանակը՝ սկսած Սիրիայից, Իսրայելի և Լիբանանի սահմանին տիրող տագնապալի իրավիճակից մինչև այն ողբերգական իրադարձությունը, որ տեղի ունեցավ անցած շաբաթ Թեհրանում։ Այդ թեման ևս շրջանցել հնարավոր չէր», - նշում էր Շոյգուն՝ նկատի ունենալով «Համաս»-ի ղեկավարի սպանությունը։

Reuters-ի տեղեկություններով՝ Շոյգուն Թեհրան էր բերել Ռուսաստանի նախագահի ուղերձը։ Դրանում, ըստ գործակալության, Պուտինը խնդրել է Իրանի ղեկավարներին պատասխան հարվածներ հասցնելու դեպքում «խուսափել քաղաքացիական զոհերից»։

The New York Times-ի տեղեկություններով էլ՝ մոտալուտ պատերազմի շեմին իրանական կողմը Մոսկվային խնդրել է ռուսական արտադրության ՀՕՊ նորագույն համակարգեր տրամադրել։ «Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի» բարձրաստիճան ներկայացուցիչներից մեկը թերթին փոխանցել է, որ ռուսական ռադարների և ՀՕՊ համակարգերի մատակարարումն արդեն իսկ մեկնարկել է։

Որոշ փորձագետների համոզմամբ, մինչդեռ, Իսրայելին առաջին հարվածը կարող է հասցվել ոչ թե Իրանի, այլ Լիբանանի տարածքից՝ «Հեզբոլա»-ի կողմից։

Իրանամետ խմբավորումն այսօր կեսօրին կարծես փորձարկեց այդ հարվածը՝ մի քանի անօդաչու թռչող սարքեր արձակելով Իսրայելի հյուսիսային շրջանների ուղղությամբ։ Պաշտոնական Բեյրութը, սակայն, հայտարարում է, թե փորձում է այնպես անել, որ «Հեզբոլա»-ի գործողություններն Իսրայելի դեմ լայնածավալ պատերազմի չհանգեցնեն։

«Մենք աշխատում ենք այն ուղղությամբ, որ Իսրայելի գործողություններին ի պատասխան արված ցանկացած քայլ լայնածավալ պատերազմի չհանգեցնի։ Նման պատերազմը որևէ մեկի՝ այդ թվում Իսրայելի շահերից չի բխում», - այսօր հայտարարում էր Լիբանանի ԱԳ նախարար Աբդալա Բու Հաբիբը։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG