Մատչելիության հղումներ

Իսրայելը հրահանգում է Ադրբեջանում և Վրաստանում գտնվող իր զինվորականներին անհապաղ վերադառնալ հայրենիք


Իսրայելցի զինվորականներ, արխիվ
Իսրայելցի զինվորականներ, արխիվ

Իսրայելը հրահանգում է Ադրբեջանում և Վրաստանում գտնվող իր զինվորականներին անհապաղ վերադառնալ հայրենիք։ Այս մասին, վկայակոչելով երկրի պետական հեռուստատեսությանը, հաղորդում է Тimes of Israel պարբերականը՝ նշելով, որ նման քայլի պատճառն այդ երկու երկրների դեմ իրանական հնարավոր հարձակման վտանգն է։

Թերթի տեղեկություններով՝ խոսքը ոչ թե ծառայության մեջ գտնվող, այլ արձակուրդի մեկնած կամ հարազատներին այցելող զինվորականների մասին է։ «Այս հրահանգը արձակվել է այն մտահոգությունների ֆոնին, որոնց համաձայն Իրանը կարող է հարվածել [Ադրբեջանում և Վրաստանում] գտնվող թիրախներին՝ «Համաս»-ի քաղաքական առաջնորդ Հանիեի՝ Թեհրանում տեղի ունեցած սպանությանն ի պատասխան», - գրում է իսրայելական պարբերականը։

«Ադրբեջանի ԱԳՆ-ը իսրայելցի զինվորականների դուրսբերման տեղեկությունն առայժմ որևէ կերպ չի մեկնաբանում», - գրում է «Թուրան» գործակալությունը։

Փոխարենն, АPA գործակալությունը հրապարակել է Ադրբեջանի լրատվամիջոցների զարգացման գործակալության հայտարարությունը։ Պետական այս մարմինն այսօր հայտարարել է, թե՝ «Ադրբեջանում որևէ օտար պետության զորախումբ գոյություն չունի»։

«Այդ իսկ պատճառով մենք խստորեն դատապարտում ենք կեղծ տեղեկությունների վրա հիմնված տեղեկատվական շահարկումները», - հայտարարել է ադրբեջանական գերատեսչությունն՝ ապատեղեկատվություն տարածելու համար մեղադրանքներ ուղղելով բրիտանական The Telegraph-ին, Լոնդոնում գործող ընդդիմադիր Iran International հեռուստաընկերությանն ու Իսրայելի պետական հեռուստատեսությանը։

Իսրայելցի զինվորականների՝ հայրենիք վերադառնալու հրահանգին նախորդեց բրիտանական The Telegraph պարբերականում շաբաթ օրը տեղ գտած հրապարակումը, որի համաձայն Իրանի նորընտիր նախագահ Մասուդ Փեզեշքիանն առաջարկում է Իսրայելի փոխարեն հարվածել հարևան երկրներում, մասնավորաբար, Ադրբեջանում կամ Իրաքի հյուսիսի քրդաբնակ շրջաններում գտնվող գաղտնի իսրայելական բազաներին։ The Telegraph-ի պնդմամբ՝ «Համաս»-ի քաղաքական առաջնորդի սպանությանը պատասխանի հարցում Իրանի վերնախավում լուրջ տարաձայնություններ են ի հայտ եկել։

«Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի» ղեկավարությունը առաջարկում է ուղղակի հարվածներ հասցնել Թել Ավիվի մերձակայքում գտնվող ռազմական թիրախներին՝ քաղաքացիական զոհերից խուսափելու համար։ Նախագահ Մասուդ Փեզեշքիանը ուղղակի հարվածներին դեմ է՝ փոխարենն առաջարկելով ընտրել Ադրբեջանում կամ իրաքյան Քուրդիստանում գտնվող և Իսրայելի հետ առնչություն ունեցող որևէ թիրախ՝ նախապես զգուշացնելով այդ երկրներին սպասվող հարվածների մասին», - Իրանի նախագահի օգնականներից մեկին վկայակոչելով՝ գրում է բրիտանական պարբերականը։

Բաքուն բրիտանական պարբերականի հրապարակմանն արձագանքեց ժամերի ընթացքում՝ ճիշտ է անանուն աղբյուրի միջոցով։

«Ադրբեջանական կողմը կարծում է, որ հրապարակված լուրը կեղծ է։ Իրանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորումը սկսել է մտահոգել որոշ շրջանակների, որոնք փորձում են խաթարել այդ գործընթացը», - АPA գործակալությանը փոխանցել էր ինքնությունը հրապարակել չցանկացող ադրբեջանցի պաշտոնյան աղբյուրը՝ - «Իրանի նորընտիր նախագահի՝ ազգությամբ ադրբեջանցի լինելու և նրա՝ Ադրբեջանի նկատմամբ ջերմ վերաբերմունքի ֆոնին ի հայտ են եկել ուժեր, որոնք ցանկանում են խաթարել երկկողմ հարաբերությունները։ Այդ իսկ պատճառով լավ կլիներ, որ իրանական կողմը հերքեր այս պնդումները և ցրեր բոլոր կասկածները»։

Ադրբեջանում Իսրայելի ռազմական ներկայության, անգամ այստեղ գտնվող գաղտնի ռազմակայանների մասին խոսակցություններն առաջին անգամ սկսեցին շրջանառվել ավելի քան տասը տարի առաջ։

2012 թվականին հեղինակավոր Foreign Policy հանդեսը, ամերիկացի դիվանագետներին և զինվորականներին վկայակոչելով, գրել էր՝ Ադրբեջանը թույլատրել է Իսրայելին օգտագործել Իրանի հետ սահմանին գտնվող իր ռազմական օդանավակայանները։

«Իսրայելը ավիաբազա է գնել և դրա անունն է Ադրբեջան», - 12 տարի առաջ Foreign Policy-ի հետ զրույցում նշել էր Սպիտակ տան պաշտոնյաներից մեկը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG