Իրանի և դաշնակիցների՝ Իսրայելի դեմ հնարավոր գործողությունների սպասման ֆոնին Վաշինգտոնը շարունակում է ընդլայնել իր ռազմական ներկայությունը Մերձավոր Արևելքում։
ABC հեռուստաընկերության տեղեկություններով՝ Պենտագոնը հրահանգել է շտապ կարգով տարածաշրջանում վերատեղակայել բալիստիկ հրթիռների դեմ պաշտպանությամբ օժտված մի շարք ռազմանավեր և մոտ մեկ տասնյակ օդանավեր։ Ռազմական նախապատրաստություններին զուգահեռ Վաշինգտոնը պնդում է, որ փորձում է նաև դիվանագիտական միջոցներով կանխել Իսրայելի և Իրանի ուղղակի բախումը։
«Մենք ակտիվորեն աշխատում ենք Մերձավոր Արևելքում լարվածությունը թուլացնելու և հակամարտության տարածումը կանխելու ուղղությամբ։ Վերջին մի քանի օրերին մենք կապի մեջ էինք տարածաշրջանում և դրանից դուրս գտնվող մեր գործընկերների հետ։ Այս շփումների ընթացքում բոլոր մեր զրուցակիցները միակարծիք էին։ Որևէ մեկը հակամարտությունը խորացնելու ցանկություն չունի։ Մենք, մեր դաշնակիցների և գործընկերների միջոցով այս ուղերձը հասցրել ենք Իրանի ղեկավարությանը։ Մենք այս նույն ուղերձն ուղղակիորեն փոխանցել ենք Իսրայելին», - հայտարարում էր ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։
Washington Post-ի տեղեկություններով՝ ամերիկյան կողմի վերջին քայլերը կարծես որոշակի արդյունք տվել են։ Սպիտակ տան բարձրաստիճան ներկայացուցիչներից մեկը թերթին փոխանցել է, որ Բայդենի վարչակազմը չի բացառում, որ Իրանը, Վաշինգտոնի վերջին գործողություններից՝ նախևառաջ ուժի ցուցադրությունից հետո վերանայում է Իսրայելին հասցվելիք հարվածների ծավալները։
«Դրա հետ մեկտեղ Իրանի լիբանանյան դաշնակից «Հեզբոլա»-ի դերակատարությունը շարունակում է անորոշ մնալ», - Washington Post-ի հետ զրույցում նշել է պաշտոնյան։
Այն, որ «Հեզբոլա»-ն չի պատրաստվում զսպել իրեն՝ երեկ երեկոյան հայտարարեց շարժման առաջնորդ շեյխ Հասան Նասրալան։
«Եթե Աստված կամենա, մեր պատասխանը շատ հուժկու, ազդեցիկ և արդյունավետ կլինի։ Ընդամենը մի քանի օր ու գիշեր է՝ և մենք Իսրայելի հետ կհանդիպենք մարտի դաշտում»՝-հայտարարում էր «Հեզբոլա»-ի առաջնորդը։
Al Arabiya հեռուստաընկերության տվյալներով՝ Իրանի և դաշնակիցների հարվածն Իսրայելին պետք է տեղի ունենար դեռ այս շաբաթասկզբին, սակայն հետաձգվեց՝ տեղափոխվելով հինգշաբթի կամ ուրբաթ։ Այս մասին լրատվամիջոցին փոխանցել են ամերիկյան հետախուզությանը մոտ կանգնած աղբյուրները։ Արաբական լրատվամիջոցը չի բացառում, որ այս հետաձգման պատճառը Իսլամական համագործակցության կազմակերպության՝ Սաուդյան Արաբիայում մեկնարկած գագաթաժողովն է։
«Ըստ ամենայնի իրանական կողմը սպասում է այս հավաքի ավարտին», - նշել են ամերիկյան հետախուզության ներկայացուցիչները։
Վաշինգտոնում էլ խոստովանում են՝ Սինվարը կարող է որոշիչ դերակատարություն ունենալ հրադադարի հաստատման հարցում
Նոր զարգացումներ են նաև բուն պաղեստինյան ուղղությամբ։ «Համաս»-ի քաղաքական առաջնորդ Իսմայիլ Հանիյեի սպանությունից մեկ շաբաթ անց պաղեստինյան այս կազմակերպությունը հրապարակեց իր նոր ղեկավարի անունը։ Այսուհետ ԵՄ և Միացյալ Նահանգների կողմից ահաբեկչական կառույց ճանաչված «Համաս»-ը կղեկավարի Յահյա Սինվարը:
Իսրայելական և արևմտյան հատուկ ծառայությունների պնդմամբ՝ հոկտեմբերի 7-ին «Համաս»-ի կողմից Իսրայելի դեմ ձեռնարկված հարձակման ծրագրի հեղինակը հենց Սինվարն էր։ «Համաս»-ի նոր առաջնորդը շարունակում է մնալ Գազայում և արդեն ավելի քան 9 ամիս է, ինչ իսրայելական կողմի՝ նրան սպանելու փորձերը ապարդյուն են։ Վաշինգտոնում էլ խոստովանում են, որ Գազայում ծայրահեղական հայացքներ ունեցող Սինվարը կարող է որոշիչ դերակատարություն ունենալ հրադադարի հաստատման հարցում։
«Ինչ վերաբերում է պարոն Սինվարին, երբ խոսքը հրադադարի կնքման մասին է, ապա թե՛ նախկինում և թե՛ հիմա հենց Սինվարն է վերջնական որոշում կայացնում այս հարցում», - հայտարարում է Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։
Եվ քանի դեռ Վաշինգտոնն ակնարկում է, որ Սինվարի հետ, թեկուզ միջնորդավորված, պատրաստ է քննարկել Գազայում հրադադարի հաստատման հարցը, Իսրայելի կառավարությունը բացառում է «Համաս»-ի նոր առաջնորդի հետ ցանկացած շփման հնարավորություն։ Իսրայելի զինված ուժերի պաշտոնական ներկայացուցիչ Դանիել Հագարիի համոզմամբ՝ Սինվարի տեղը «Համաս»-ի արդեն իսկ սպանված մյուս ղեկավար գործիչների կողքին է։
«Յահյա Սինվարը գերահաբեկիչ է՝ պատասխանատու պատմության ամենասարսափելի ահաբեկչական հարձակումներից մեկի՝ հոկտեմբերի 7-ի համար։ Յահյա Սինվարին արժանի տեղը միայն Մոհամեդ Դեյֆի, Ղանդուրի և Այման Նոֆալի կողքին է, այն բոլոր ահաբեկիչների կողքին, որոնք պատասխանատու են հոկտեմբերի 7-ի համար։ Սա է այն միակ վայրը, որ մենք նախատեսել ենք Յահյա Սինվարի համար», - հայտարարում էր Իսրայելի բանակի խոսնակը։