Իսրայելը սպառնում է անհամաչափ պատասխանի արժանացնել Լիբանանի հարավում գործող իրանամետ «Հեզբոլա» խմբավորման գործողությունները, եթե դրանց հետևանքով քաղաքացիական անձինք զոհվեն։
Այս մասին, ըստ ամերիկյան Axios կայքի, Իսրայելի կառավարության ներկայացուցիչները զգուշացրել են պաշտոնական Վաշինգտոնին։
«Եվս մեկ սայթաքման դիմաց «Հեզբոլա»-ի հատուցումը շատ ծանր է լինելու, կազմակերպությունն անհամաչափ գին է վճարելու, եթե դրա գործողությունները վնասեն քաղաքացիական անձանց», - նշել է իսրայելցի պաշտոնյաներից մեկը։
Մերձավոր Արևելքում շուրջ 10 ամիս ընթացող պատերազմն էլ ավելի թեժացավ անցյալ շաբաթ՝ Լիբանանում «Հեզբոլա»-ի բարձրաստիճան հրամանատարի և Թեհրանում ծայրահեղական «Համաս»-ի բարձրաստիճան քաղաքական առաջնորդի սպանություններից հետո։
Թեհրանը և իր դաշնակիցները մեղադրանքի սլաքներն ուղղեցին դեպի Իսրայել՝ սպառնալով պատասխան գործողություններով:
«Թեհրանն իրեն պարտավորված է զգում պատասխանել, և թշնամին սպասում է մեծագույն վախը սրտում», - իր ուղերձում երեկ ասել է ԱՄՆ-ի կողմից ահաբեկչական ճանաչված «Հեզբոլա» խմբավորման առաջնորդ Հասան Նասրալլան՝ հավելելով՝ «Հեզբոլա»-ը կպատասխանի «կա՛մ միայնակ, կա՛մ տարածաշրջանում Իրանի աջակցությունը վայելող բոլոր խմբավորումների հետ միասին»։