«Արցախի կողմից հիմնական քայլը այս պահի դրությամբ այդ վերջնագրի մերժումն է և որոշակիորեն ինքնապաշտպանվելու համար պատրաստություն ունենալը», - «Ազատության» հետ զրույցում ասաց Արցախի խորհրդարանի իշխող «Ազատ հայրենիք ՔՄԴ» խմբակցության պատգամավոր Արամայիս Աղաբեկյանը՝ պնդելով, որ Ղարաբաղի ժողովուրդն ու իշխանությունը ընտրելու են պայքարի և ոչ թե Ադրբեջանի հետ ինտեգրվելու տարբերակը։
«Ազատություն». - Բայց այս պահին ունի՞ ռեսուրս ինքնապաշտպանվելու Արցախը։
Աղաբեկյան. - Դժվար հարց եք տալիս։ Որովհետև նախ ռազմական տեսանկյունից ես այդպիսի տվյալների չեմ տիրապետում։ Բայց այն, որ բարոյահոգեբանական տեսանկյունից ժողովուրդը պատրաստ է այդ դիմադրությանը, դա միանշանակ է։ Իրենք սև ու սպիտակի բաժանելու մեզ ընտրության հնարավորություն չեն տվել։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Բացառված է Ադրբեջանի հետ ինտեգրացիոն որևէ գործընթաց»․ Արայիկ ՀարությունյանԱյս շաբաթասկզբին Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հայտարարեց, որ ադրբեջանական կողմը փետրվարի 24 -ին և մարտի 1-ին տեղի ունեցած հանդիպումներից հետո պայման է դրել Արցախի իշխանությունների առջև, ինչը չեն ընդունել. - «Ադրբեջանական կողմը իր խողովակներով փոխանցել է մեզ՝ կա'մ ընդունում եք ինտեգրացիոն քաղաքականությունը, կա'մ որևէ լուծում չի լինելու, հակառակը՝ լինելու է ավելի կոշտ և ավելի կտրուկ քայլեր։ Մենք չենք ընդունել, մենք չենք ընդունում։ Մեր ժողովրդի գերակշիռ մեծամասնությունը ընդունում է, որ մենք մեր անկախության իրավունքից, ինքորոշման իրավունքից չենք շեղվելու»։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Արցախի և Ադրբեջանի ներկայացուցիչները հանդիպել են. պայմանավորվածություն է ձեռք բերվել մի շարք հարցերի շուրջ Արցախի և Ադրբեջանի ներկայացուցիչները այսօր ևս հանդիպել ենԱրցախում այժմ չեն բացառում, որ Բաքուն պատրաստվում է նոր սադրանքների։ Իշխանական պատգամավոր Արամայիս Աղաբեկյանն ասում է, որ Ադրբեջանն իր տեղեկատվական խողովակներով այն միտքն է գեներացնում, որ սադրաքների են դիմելու՝ հիմնականում թիրախավորելով Արցախի պաշտպանական բանակը. - «Էդ սադրանքները չենք կարող ասել ինչ ուղղությամբ են լինելու, ոնց են լինելու։ Չեմ կարծում, թե լայնամասշտաբ պատերազմ կլինի, բայց որ սադրանքների պետք է պատրաստ լինել, միանշանակ այդպես է։ Լայնամասշտաբ պատերազմի հավանականությունն այնքան վախտ է քիչ, որքան ռուս խաղաղապահներն այստեղ են»։
«Ազատություն». - Բայց եթե լինեն այդ սադրանքները, ռուսական կողմը կկարողանա՞ դրանք կանխել։
Աղաբեկյան. - Դժվար հարց եք տալիս, որովհետև փաստացի այդպիսի սադրանքներ մինչ այս էլ եղել են։ Դժվար է պատասխանել... պետք է լինի, տեսնենք։ Այսինքն՝ ռուսական խաղաղապահ առաքելության մանդատի բացակայությունը լրջագույն խնդիրներ է ստեղծում։ Եվ եթե թղթի վրա գրված լինի, թե ինչի դեպքում է ռուսական խաղաղապահը իրավունք ստանում կրակելու, ինչ դեպքում՝ ոչ, ամեն դեպքում մեր գործը ավելի դյուրին կլիներ»։
Արցախյան ընդդիմության համոզմամբ, Ադրբեջանը Ստեփանակերտի հետ սկսեց վերջնագրերով խոսել այն բանից հետո, երբ իշխանությունը ընդունեց Բաքվի նախապայմանները։ «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանը հիշեցնում է պետնախարար Ռուբեն Վարդանյանի պաշտոնանակությունը, ապա դրան հաջորդած Ադրբեջանի հետ շփումները. - «Ցանկացած պայման Ադրբեջանի կողմից երբ որ մենք ընդունում ենք, հաջորդ պայմանը ավելի կոշտ ու ավելի ցավալի է լինում մեր համար, Ադրբեջանի կողմից որ դրվում է»
Ընդդիմադիր պատգամավորի կարծիքով, ստեղծված ծանր իրավիճակում հերթական պարտությունից խուսափելու համար նախ Արցախը Ադրբեջանի հետ բանակցությունների պետք է գնա միայն այն ժամանակ, երբ միջազգայնորեն ճանաչված ձևաչափ ստեղծվի, և Արցախն էլ որպես հավասար կողմ ներգրավվի բանակցություններում։ Բացի դրանից, Հայաստանի և Արցախի իշխանությունների քայլերը պետք է համահունչ լինեն Արցախի հարցում։
Ընդդիմադիր պատգամավորն ընդգծում է, որ երբ Արայիկ Հարությունյանը խոսում է ինքնորոշման իրավունքի մասին, Հայաստանի վարչապետը չի պաշտպանում այդ դիրքորոշումը. - «Նիկոլ Փաշինյանը հետ կանգնեց իր հրապարակային խոսքից, իր նախընտրական ծրագրից և իր այն թեզերից, որ Արցախը Հայաստան է և վերջ»
Ի դեպ, Հայաստանի խորհրդարանի «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանն այսօր հայտնել է, թե Ադրբեջնի կողմից Արցախին ներկայացված ինտեգրման պահանջը Արայիկ Հարությունյանը քննարկել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Պատգամավորը պահանջում է, որ այդ զրույցը հանրայնացվի, և հանրությունը հասկանա, թե Փաշինյանն ինչ դիրքորոշում է հայտնել ադրբեջանական վերջնագրի վերաբերյալ, և ինչպես է արձագանքել Հարությունյանը։
Սակայն առայժմ ո'չ Հայաստանի վարչապետի և ո'չ էլ Արցախից նախագահի գրասենյակից չի հաջողվել որևէ մեկնաբանություն ստանալ այս տեղեկության մասին։