Ստեփանակերտը հերքում է Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաղորդագրությունը, թե իբր երեկ «Ռուսաստանի Դաշնության խաղաղապահների ուղեկցությամբ, Ստեփանակերտ-Լիսագոր ճանապարհով անցել է Հայաստանի Հանրապետության ԶՈՒ ռազմական տեխնիկայի շարասյուն»։
Ադրբեջանի ՊՆ տարածած տեղեկատվությունն իրականությանը չի համապատասխանում և հանդիսանում է ադրբեջանական կողմի՝ միջազգային հանրությանը մոլորեցնելուն ուղղված հերթական կեղծիք, նշում է Արցախի արտգործնախարարությունը։
«Ադրբեջանի իշխանությունները նման ապատեղեկատվություն էին տարածում նաև Հայաստանից Արցախ այսպես կոչված ականների տեղափոխման մասին, սակայն փետրվարի 22-ին Արդարադատության միջազգային դատարանը բարձր մակարդակով մերժեց այդ կեղծիքը։
Միևնույն ժամանակ ակնհայտ է, որ Ադրբեջանի իշխանությունները նման կերպ փորձում են շեղել միջազգային հանրության ուշադրությունը մարտի 5-ին Ադրբեջանի զինված ուժերի կողմից իրականացված ահաբեկչական գործողությունից, Արցախի ժողովրդի դեմ շարունակվող ահաբեկչական և էթնիկ զտման քաղաքականությունից, ինչպես նաև հող նախապատրաստել հնարավոր նոր սադրանքների համար», - ասված է ԱԳՆ հայտարարության մեջ։
Ադրբեջանի ռազմական գերատեսչության հայտարարությունը տարածվել էր երեքշաբթի երեկոյան՝ աշխատանքային օրվա ավարտին: 2020 թվականի աշնանից՝ Լեռնային Ղարաբաղում ռուսական զորախմբի տեղակայումից ի վեր առաջին անգամ ադրբեջանական կողմը բացահայտորեն մեղադրում էր խաղաղապահներին հայկական կողմի ռազմական նշանակության բեռներն ու շարասյուներն ուղեկցելու մեջ։
Հայաստանը բազմիցս հայտարարել է, որ որևէ ռազմամթերք կամ ռազմական նշանակության ապրանք Լաչինի միջանցքով չի տեղափոխվել ինչպես մինչև դրա շրջափակումը, այնպես էլ 2022թ. դեկտեմբերի 12-ից հետո, սա ընդգծել էր այսօր պաշտոնական Երևանը։
Երեկ երեկոյան էլ Հայաստանի պաշտպանության նախարարությունը հերքեց ադրբեջանական կողմի այդ հաղորդումը։