Մատչելիության հղումներ

Արցախի և Ադրբեջանի ներկայացուցիչները այսօր ևս հանդիպել են


Ադրբեջանցի զինվորները արրգելափակված Լաչինի միջանցքում, արխիվ
Ադրբեջանցի զինվորները արրգելափակված Լաչինի միջանցքում, արխիվ

Արցախի և Ադրբեջանի ներկայացուցիչները այսօր ևս հանդիպել են՝ ռուսական կողմի միջնորդությամբ, հաղորդում է «Արցախպրես» լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով Արցախում տեղակայված Ռուսաստանի խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։

Հաղորդագրության համաձայն՝ խաղաղապահ զորախմբի հրամանատարի մասնակցությամբ եռակողմ հանդիպմանը քննարկվել է «Լաչինի միջանցքով մեքենաների անխոչընդոտ անցումը վերականգնելու և միջանցքի նպատակային օգտագործման փաստը հաստատելու հարցը»։

Կողմերը քննարկել են նաև էլեկտրամատակարարման և գազի անխափան մատակարարման հարցերը։

«Բացի այդ, հանդիպման շրջանակներում քննարկվել է Դրմբոնի և Կաշենի հանքավայրերում ադրբեջանական կողմի ներկայացուցիչների կողմից շրջակա միջավայրի մոնիտորինգի հնարավորությունը։

Պայմանավորվածություններ են ձեռք բերվել հետագա համագործակցության վերաբերյալ՝ լարվածության նվազեցման և տարածաշրջանում խաղաղ կյանքի հաստատման ուղղությամբ», - ասված է հաղորդագրությունում։

Հանդիպման մասին հաղորդում է նաև ադրբեջանական կողմը՝ մանրամասնելով, որ այն կայացել է Խոջալուում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի շտաբում։ «Հանդիպման ժամանակ նախնական քննարկումներ են անցկացվել Ղարաբաղյան շրջանում բնակվող հայերի՝ Ադրբեջանի Հանրապետությանը վերաինտեգրման շուրջ, Ադրբեջանի Հանրապետության Սահմանադրությանը և օրենքներին համապատասխան», - հաղորդում է APA լրատվական գործակալությունը՝ հավելելով, որ շփումները կշարունակվեն։

Նույն աղբյուրի փոխանցմամբ՝ «Ղարաբաղում բնակվող հայերի հետ շփումների պատասխանատու է նշանակվել Միլի մեջլիսի պատգամավոր Ռամին Մամեդովը», որն էլ բնական պաշարների ապօրինի շահագործումը հետաքննող մոնիտորինգային խմբի ղեկավար Մասիմ Մամեդովի և այլ պաշտոնյաների հետ մասնակցել է այսօրվա հանդիպմանը։ Խմբում ընդգրկված են նաև բնապահպանության նախարարության, էկոնոմիկայի նախարարության անշարժ գույքի պետական ծառայության և AzerGold ԲԲԸ ներկայացուցիչներ։

Ադրբեջանական կողմի հրապարակած լուսանկարում արցախյան կողմից բանակցություններին մասնակցում են Անվտանգության խորհրդի քարտուղար Սամվել Շահրամանյանը և այլ պաշտոնյաներ։

Արցախի և Ադրբեջանի ներկայացուցիչները բանակցել էին նաև անցած շաբաթվա վերջին։

Տե՛ս նաև այստեղ

XS
SM
MD
LG