Մատչելիության հղումներ

Արցախից ահազանգում են՝ խանութները դարձյալ դատարկվում են


Բլոկադայի մեջ հայտնված արցախցիներն իրար օգնելու համար ստեղծված ֆեյսբուքյան խմբերում համատարած դժգոհում են՝ այս ինչ անկառավարելի թանկացումներ են։

Վերջին շաբաթներին արցախյան խանութներում քիչումիչ մթերք էր երևում, որ, ըստ կառավարության, տեղ էր հասնում ռուս խաղաղապահների միջոցով։ Գները օրեցօր եռապատկվում են, վերջին մի քանի օրերին էլ տեսականին է կտրուկ պակասել։

«Ճանապարհը չեն բացել և կրակում են մեզ վրա։ Նորից ես հասկացա, որ մթերքները, որ քիչ-քիչ բերել են Արցախ, էրկու օր ա, էլի չկա։ Երևի էդ ճանապարհից են թաքուն բերել», - ասում է Ստեփանակերտի բնակիչ Նունե Առաքելյանը՝ ենթադրելով, որ մարտի 5-ի միջադեպից հետո տնտեսավարողների մի մասը չի կարողանում ապրանք բերել Արցախ։

Կիրակի օրը զինված ադրբեջանցիները դուրս եկան Լիսագորի ճանապարհի վրա ու սպանեցին երեք ոստիկանների։ Այդ գրունտային ճամփան շրջափակման այս ամիսների ընթացքում երբեմն օգտագործվում էր խիստ անհրաժեշտության դեպքում։ Հիմա արդեն եղած մթերքն էլ նվազագույնը կրկնակի թանկ գներով է վաճառվում։

«Ճիշտ ասած՝ շատ թանկ ա, շատ։ Ահավոր թանկ ա։ Էդ կոնֆետը, որ էրկու հազար դրամ ա էղել մինչև բլոկադան, հինգ հազար, հինգ հազար հինգ հարյուր։ Էդ երշիկը, որ էրկու հազար ա եղել, չորս հազար», - փոխանցեց Առաքելյանը՝ հավելելով, թե առևտրականները թանկացում բացատրում են իրենց հավելյալ վճարումներով. - «Բայց ո՞ւմ են վճարում, ռուսի՞ն, թուրքի՞ն, հայի՞ն... չգիտենք»։

Սիլվա Գևորգյանը 8 երեխաների մայրիկ է, կտրոնների ժամկետի լրանում է, ապրանքը չի գտնում. կարտոֆիլ, բանան կտրոնով չկա։ Բայց առանց կտրոնի կարելի է շատ փնտրել ու մեկ կիլոգրամ կարտոֆիլ գտնել 500 դրամով , բանանը այսօր 1700 դրամ էր մեկ կիլոգրամի համար. - «Հինգ հարյուր դրամ ապելսինն ա եղել, դուրս եմ էկել, մի քանի խանութ բարձրացել, հազար հինգ էլ ըդեղ են տալի... Իրանք իրանց համար գներ են դնում...»

Բացատրություն չկա, թե ինչու է նույն ապրանքի գինը 3 անգամ տարբերվում. - «Որ հարցնում եմ, ասում ա՝ դուրդ գալիս ա, վերցրու, դուրդ չի գալիս, գնա»։

Արցախի կառավարությունն օրեր առաջ կարգ է մշակել, որով պիտի մանրածախ ապրանքի գնի առավելագույն չափ սահմանվի։

«Պետք է տնտեսվարողը պայմանավորվի հանրային ծառայությունները և տնտեսական կարգավորող հանձնաժողովի հետ նախքան ապրանքը վաճառքի հանելը, որպեսզի մանրածախ գների մասով առավելագույն գինը ստանա», - ասում է Արցախի պետական տեսչությունների կառավարման կոմիտեի նախագահ Լևոն Սարգսյանը։

Նրա տեղեկացմամբ, այն առևտրականները, որ կխախտեն սահմանված առավելագույն գինը, կես միլիոնից մինչև մեկ միլիոն դրամով կտուգանվեն։ Իրենք օպերատիվ խումբ կձևավորեն ու կգնան բնակիչներից ստացած ահազանգերի հետքերով։ Միայն թե գները զսպելու այս մեթոդը դեռ ուժի մեջ չէ։ Ըստ կոմիտեի նախագահի՝ իրազեկման աշխատանք պիտի կատարեն։

«Ձուն են թանկացրել գյուղացիները՝ առիթից օգտվելով։ Որ եղել ա էն ժամանակ ամենաշատը հարյուր դրամ, հիմա հարյուր հիսունով են վաճառում։ Միսը, որ տավարինը եղել ա երեք հազար, հիմա չորս ու երեք ա», - ասում է Խրամորթ համայնքի բնակիր Նաիրա Աբրահամյանը։

Խրամորթում երկու խանութ կա, և դրանցում համարյա ոչինչ չեն վաճառում. - «Դատարկ ա փեղկերը, կոնֆետներ չկան... Մի երկու բան՝ օղի, կոնյակ...»

Կարտոֆիլի կտրոններ ունի, բայց կարտոֆիլ վաճառող տարածքում չկա։ Նաիրա Աբրահամյանն ասում է՝ գիտեն, որ ճիշտը սեփական հողից կարտոֆիլ հավաքելը կլիներ, բայց Խրամորթում տնամերձ այգիներից դուրս հող մշակել հնարավոր չէ, 44-օրյա պատերազմից հետո գյուղին շատ մոտեցած ադրբեջանցիները թույլ չեն տալիս։ Թեպետ Խրամորթում ռուս խաղաղապահներ կան, հենց Նաիրայենց տունն է նրանց տեղակայման վայրը դարձել։

XS
SM
MD
LG