Մատչելիության հղումներ

Վերաինտեգրո՞ւմ, անցակե՞տ, թե՞ նոր էսկալացիա. փորձագետները՝ Լեռնային Ղարաբաղում ծավալվող իրադարձությունների մասին


Ստեփանակերտ, Արցախ
Ստեփանակերտ, Արցախ

Չնայած Երևանից հնչող հերքումներին՝ Բաքվում շարունակում են պնդել՝ հայկական ուժերը Լեռնային Ղարաբաղում տեղակայված ռուսաստանցի խաղաղապահների ուղեկցությամբ «Լաչինի միջանցքը շրջանցող գրունտային ճանապարհով զինծառայողներ և ռազմական նշանակության բեռներ են տեղափոխում»։ Երեկվանից ադրբեջանական մի շարք կայքերում ենթադրաբար անօդաչու թռչող սարքից արված 20 վայրկյան տևողությամբ մի տեսանյութ է շրջանառվում, որում ռուսաստանցի խաղաղապահների ուղեկցությամբ շարժվող ոչ մեծ շարասյուն է պատկերված։

Դրանում ընդամենը երկու մեքենա կա՝ «Ուրալ» և «Կամազ» մակնիշի մեկական բեռնատարներ, որոնց հայկական պատկանելության մասին վկայող որևէ տարբերանշան, սակայն, տեսանյութում նկատելի չէ։ Ադրբեջանցի քաղաքագետներից ոմանց կարծիքով՝ մարտի հինգի միջադեպն, ինչպես նաև այն հանգամանքը, որ Բաքուն սկսել է ուղղակի մեղադրանքներ հնչեցնել ռուսաստանցի խաղաղապահների հասցեին, կարող է վկայել երկու երկրների միջև ի հայտ եկած որոշակի տարաձայնությունների մասին։

Բաքվում գործող «Քաղաքական մենեջմենթի ինստիտուտի» ղեկավար Ազեր Ղասիմլին, օրինակ, «Թուրան» գործակալության հետ զրույցում նշում է, թե որոշակի կապ է նշմարվում վերջին սրացումների և Սերգեյ Լավրովի՝ փետրվարի վերջին Բաքու կատարած այցի միջև։ Այդ այցի ընթացքում էր, որ Ռուսաստանի արտգործնախարարը բացահայտորեն ընդդիմացավ Լաչինի միջանցքում անցակետ տեղադրելու՝ Ադրբեջանի նախագահի կողմից հնչեցրած նախաձեռնությանը, նշելով, որ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ նման բան նախատեսված չէ։ Ազեր Ղասիմլին նկատում է, որ պաշտոնական Բաքուն Լավրովի այցին հաջորդած օրերին փորձեց հայերի հետ երկխոսության, անգամ ղարաբաղցի հայերի վերաինտեգրման մեկնարկի պատրանք ստեղծել՝ նպատակ ունենալով համոզել ներքին լսարանին, թե ինչ-որ կերպ ազդում է Լեռնային Ղարաբաղում ընթացող պրոցեսների վրա։

«Քանի դեռ ռուսաստանյան զորախումբը Ղարաբաղում է, հայերի Ադրբեջանի կազմ վերաինտեգրման մասին խոսք անգամ լինել չի կարող։ Ընդհանրապես ես կարծում եմ, որ Ղարաբաղի շուրջ որևէ լուրջ գործընթաց առայժմ չի ծավալվում։ Իշխանությունները շատ լավ գիտեն, որ չեն կարող վերահսկել այդ տարածքը, դրա վերահսկողությունը ամբողջությամբ Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի ձեռքում է։ Ավելին, չկա որևէ նշույլ, որ այդ իրավիճակը կարող է փոխվել», - պնդում էր Ազեր Ղասիմլին։

Ադրբեջանցի իշխանամետ քաղաքագետները հակառակը համոզված են, որ Հայաստանն ու Ադրբեջանը առկա ստատուս քվոյի նոր փոփոխության շեմին են։ Ադրբեջանի նախագահին կից Ռազմավարական հետազոտությունների կենտրոնի նախկին տնօրեն, այժմ Հարավկովկասյան հետազոտությունների ինստիտուտի ղեկավար Ֆարհադ Մամեդովն, օրինակ, վստահ է՝ «խնդրի խաղաղ լուծման համար քիչ ժամանակ է մնացել»։

«Բաքուն արել է առավելագույնը Միացյալ Նահանգների և ԵՄ սպասելիքները բավարարելու համար։ Հաղորդակցության ուղիների հանդեպ ինքնիշխանության պահպանման հարցը ամրագրվել է անցակետի մասին առաջարկությամբ, Ղարաբաղի հայերի հետ երկխոսությունն էլ վիզուալ դրսևորում է ստացել։ Փաշինյանը պետք է ընտրություն կատարի՝ կա՛մ շարունակի համառել, կա՛մ էլ առանց զոհերի զիջման գնա [Լաչինի միջանցքում] հսկիչ-անցագրային կետ տեղադրելու հարցում», - պնդում է քաղաքագետը։

Մամեդովը նաև ուրվագծում է 44-օրյա պատերազմից հետո Բաքվի գործողությունների, իր բնորոշմամբ, «ալգորիթմը»։

«Բաքուն սկզբում նախաձեռնությամբ է հանդես գալիս, հետո տեղեկացնում է դրա մասին միջնորդներին, դրան հետևում է Հայաստանի մերժումը, որին հաջորդում է տեղային, լոկալ ճգնաժամը», - պնդում է բաքվեցի փորձագետը՝ նշելով, որ այս պահին կողմերը այս բոլոր փուլերն արդեն անցել են։

«Այս իրադարձություններին կհետևի [Բաքվի նախազգուշացումը], ապա էսկալացիան, որին կհաջորդի նոր իրողությունների հետ համակերպվելն ու բանակցությունների շարունակությունն արդեն այդ նոր իրողություների հիման վրա», - հավելում է ադրբեջանցի իշխանամետ վերլուծաբանը։

«Այսպես կոչված «վերաինտեգրումն» այս պահին գործնականում անհնարին է, իսկ Լաչինի միջանցքում հսկիչ անցագրային կետի տեղադրումը հայերը չեն կարող որպես սպառնալիք չընկալել», - ադրբեջանական իշխանամետ լրատվամիջոցներից մեկի՝ Caliber.az կայքի եթերում նման կարծիք է հայտնում ռուսաստանցի լրագրող, «Քարնեգի» հիմնադրամի փորձագետ Կիրիլ Կրիվոշեևը՝ ադրբեջանցի օգտատերերի մոտ խիստ դժգոհություն առաջացնելով։

«Իսկ ի՞նչ է լինելու անցակետից հետո։ «Մենք նույնիսկ անցակետի մասին չէինք պայմանավորվել, բայց դուք այդ հարցն եք բարձրացնում»,- ասում են հայերը։ Հետո՞ ինչ՝ դպրոցները բացառապես ադրբեջաներենո՞վ են լինելու։ Պարզ չէ ,թե որտեղ է Ադրբեջանը կանգ առնելու։ Ես հասկանում եմ, որ Ադրբեջանը կանգ առնելու ցանկություն չունի, սակայն դուք էլ պետք է հասկանաք, որ հայերն էլ չեն ցանկանում այս կետից սկսած որևէ բան փոխել», - նշում է Կրիվոշեևը։

Ռուս փորձագետի համոզմամբ՝ վերաինտեգրումն անհնարին է նաև այն պատճառով, որ Ադրբեջանի իշխանությունները, շրջանառության մեջ դնելով այս տերմինը, չեն բացատրում, թե ինչ է թաքնված դրա տակ։

«Օրինակ, ի՞նչ ճակատագրի են արժանանալու Ղարաբաղում բնակվող այն հազարավոր հայ տղամարդիկ, որոնք զենքը ձեռքին մարտնչել են Ադրբեջանի դեմ, համաներո՞ւմ է լինելու, թե՞ նրանց դատելու են, թե՞ ասենք, զրկելու են ընտրելու իրավունքից։ Սրանք հարցեր են, որոնց ադրբեջանական կողմը չի շտապում պատասխանել», - նշում է Կրիվոշեևը։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG