Մատչելիության հղումներ

Ադրբեջանին ուղղված Եվրամիության կոչը նշանակում է՝ հարցը կառույցի քաղաքական օրակարգ է մտել. Արա Ղազարյան


Հաագայի դատարանի որոշման անտեսումից երկու շաբաթ անց Եվրամիությունը (ԵՄ) հասցեական կոչ արեց Ադրբեջանի իշխանություններին ու բոլոր պատասխանատուներին ենթարկվել Արդարադատության միջազգային դատարանի որոշմանն ու երաշխավորել Լաչինի միջանցքով տեղաշարժի ազատությունն ու անվտանգությունը՝ համաձայն 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության։

«Եվրամիությունը շարունակում է մտահոգված լինել, որ Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժի շարունակական խախտումն ազդում է Լեռնային Ղարաբաղում մարդու իրավունքների վրա, ներառյալ առողջության, կրթության և սննդի իրավունքների: ԵՄ-ն Ադրբեջանին և Հայաստանին կոչ է անում շարունակել երկխոսությունը, այդ թվում՝ առաջնորդների մակարդակով։ Մենք ակնկալում ենք Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի նախաձեռնած խաղաղ գործընթացի շարունակություն», - ասված է հայտարարության մեջ, որը տարածել է ՄԱԿ-ում և միջազգային այլ կազմակերպություններում Եվրամիության պատվիրակությունը։

Հաագայի դատարանը Հայաստանի դիմումն Ադրբեջանի դեմ բավարարեց փետրվարի 22-ին՝ պարտավորեցնելով բացել Արցախը արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհը։ Թեև որոշումը ենթակա է պարտադիր կատարման, սակայն ավելի քան 2 շաբաթ անց էլ Բաքուն շարունակում է անտեսել այն։ Ու հենց այդ փաստին է անդրադարձել ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանը՝ ելույթ ունենալով Անվտանգության խորհրդի՝ «Կանայք, անվտանգությունը և խաղաղությունը» թեմայով քննարկմանը։ Հայաստանցի դիվանագետը երեք ամիս շարունակվող շրջափկման պայմաններում սովի վտանգից է խոսել։

«Այս պահին էլ Լեռնային Ղարաբաղի 120 հազար բնակիչները շարունակում են մնալ շրջափակման մեջ։ 86 օր Ադրբեջանը շարունակում է այս բարբարոսական, միջնադարյան շրջափակումը։ Մայրերն ու երեխաները Ղարաբաղում այդ շրջափակման հիմնական թիրախն են դառնում։ Սննդամթերքի ներմուծումների խափանումների պատճառով թերսնման, անգամ սովի վտանգ է առաջացել։ Սա իսկական խնդիր է դառնում», - ասել է նա։

Միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանն ասում է՝ ԵՄ-ն Ադրբեջանի վրա, ըստ էության, լծակներ չունի, բայց եթե նման կոչ է հնչել, նշանակում է՝ հարցը կառույցի քաղաքական օրակարգ է մտել։

«Ադրբեջանը Եվրամիության անդամ պետություն չի և Եվրամիության առջև չունի որևէ պարտավորություն, բացի տնտեսական, այն՝ գազային այդ պայմանագիրը, որ ստորագրել են: Եթե արդեն կոչը հնչել է, դա նշանակում է՝ արդեն նրա քաղաքական օրակարգում է, դա նշանակում է՝ բոլոր բանակցություններում արդեն այդ հարցը Ադրբեջանի առջև դրվելու է, թեև որոշ պետություններում մինչև որոշակի կոնսենսուս ձևավորվի, արդեն նոր կարող են անցնել սանկցիաների, որովհետև սովորաբար սանկցիաները որոշում են կոնսենսուսով: Հիմա պետք է անընդհատ հետևողականորեն առաջ տանել այդ գիծը, որ Եվրամիություն, եթե դու քեզ ժողովրդավարական տարածք ես հռչակել, ապա դու չպետք է համագործակցես նման պետության հետ, որը չի հարգում մարդու իրավունքները», - ասաց նա:

Ղազարյանը բացառում է, որ ՄԱԿ-ը անտեսի իր գլխավոր դատարանի որոշման չկատարումը. «Անվտանգության խորհուրդը, Ասամբլեան, Մարդու իրավունքների հանձնակատարը, կարող են զբաղվել և զբաղվելու են, որովհետև որքան փակվում է միջանցքը, այնքան հարցն ավելի սրանում է: Այսօր փաստորեն երկու թեժ կետ կա՝ մեկը Ուկրաինան է, մեկն էլ Ադրբեջանն արդեն թեժացնում է հենց Լաչինի միջանցքը, Ղարաբաղի բնակչության անվտանգությունը, իսկ Ղարաբաղը տարածք է, որտեղ պետք է գործի մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան: Սա է հիմնաքարը: Իրավաբանորեն դա կոչվում է օրինական տարածք: Այսպես թե այնպես պետք է անդրադառնան պետությունները խախտումներին»:

Ու մինչ Եվրամիությունը Լաչինն առանց նախապայմանների բացելու կոչ է անում, Հարավային Կովկասի հարցերով նույն կառույցի հատուկ բանագնաց Տոյվո Կլաարը Լաչինի ճանապարհով փոխադրումների թափանցիկության ապահովման գաղափարը միանգամայն օրինական է համարել։ Չեն ցանկանում, որ Լաչինի ճանապարհն օգտագործվի լարվածությունը մեծացնող բեռների համար, ռազմական կամ անօրինական նպատակներով, ադրբեջանական APA-ի հետ զրույցում դիրքորոշումը բացատրել է եվրոպացի դիվանագետը։

Ադրբեջանն է շարունակ հայտարարում, թե «Հայաստանը Լաչինով զինամթերք է տեղափոխել Ղարաբաղ», պնդում է Հայաստանի ու Արցախի միջև անցակետի տեղադրումը։ Բայց հենց Հաագայի դատարանն էր ապացույցների բացակայության պատճառաբանությամբ մերժել Հայաստանի դեմ ադրբեջանական հայցը, որի հիմքում ականների տեղափոխումը դադարեցնելու պահանջն էր։

Մի քանի օր առաջ Բաքու այցելած Ռուսաստանի արտգործնախարար Լավրովը չէր բացառել Լաչինում տեխնիկական ստուգման հավելյալ միջոցների տեղադրումը, հիմա ԵՄ հատուկ բանագնաց Կլաարն է ասում՝ անցակետում լինի լրացուցիչ տեխնիկա, որ ռուսները կարողանան ավելի լավ վերահսկել երթևեկությունը։ Ղարաբաղից հաստատում են, որ ճանապարհին ռենտգեն սարքի տեղադրման շուրջ բանակցություններ կան, վերջնական որոշում՝ ոչ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG