Մատչելիության հղումներ

Ստեփանակերտի ու Բաքվի միջև երկխոսության համար Փաշինյանը կրկին կարևորում է միջազգային հուսալի մեխանիզմների ստեղծումը


Ստեփանակերտի ու Բաքվի միջև երկխոսության համար Հայաստանի վարչապետը դարձյալ անհրաժեշտ է համարում միջազգային հուսալի մեխանիզմների ստեղծումը։

Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում այդ մասին հայտարարեց՝ առանց հստակեցնելու, թե խոսքը կոնկրետ ինչի մասին է, որ պետության կամ միջազգային կառույցների միջոցով է ստեղծվելու այդ մեխանիզմը, ինչպես և երբ։

«Կարծում եմ՝ անհրաժեշտ է հուսալի միջազգային մեխանիզմներ ստեղծել, որ Բաքու ու Ստեփանակերտ անխափան և ինստիտուցիոնալ խոսակցություն տեղի ունենա։ Եվ սա վերը հիշատակված միջազգային պայմանավորվածության իրացման արդյունավետ երաշխիք կարող է դառնալ», - ասաց Փաշինյանը։

Մյունխենում փետրվարի 18-ին Միացյալ Նահանգների պետքարտուղարի միջնորդությամբ կայացած եռակողմ հանդիպումից հետո Ադրբեջանի նախագահը հայտարարել էր, թե պետքարտուղար Բլինքենի ներկայությամբ հավաստիացրել է, որ Ադրբեջանը պատրաստ է սկսել պրակտիկ շփումներ Ղարաբաղի հայ համայնքի հետ։

Այս հայտարարությունից հետո Ստեփանակերտի ու Բաքվի ներկայացուցիչների միջև երկու հանդիպում տեղի ունեցավ, առաջինը՝ փետրվարին, երկրորդն էլ՝ մարտի սկզբին։ Այդ հանդիպումից չորս օր անց տեղի ունեցավ ադրբեջանական հարձակումը, որի հետևանքով 3 ոստիկան սպանվեց։

Դեպքի հաջորդ օրը խորհրդարանական ուժերի ու վարչակազմերի ղեկավարների մասնակցությամբ անցկացրած Անվտանգության խորհրդի նիստում Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հայտարարեց, որ մարտի 1-ին կայացած հանդիպումից ​հետո Ադրբեջանը իր խողովակներով Լեռնային Ղարաբաղի իշխանությանը փոխանցել է՝ «կամ ընդունում են ինտեգրացիոն քաղաքականությունը, կամ խնդիրները չեն լուծվելու, հակառակը՝ լինելու են ավելի կոշտ և կտրուկ քայլեր»։

«Եթե միջազգային ձևավորված մեխանիզմներով Ստեփանակերտ- Բաքու երկխոսության համար հարթակ ստեղծվի, Ստեփանակերտը միայն ուրախ կլինի դրա համար»

Արցախի ու Ադրբեջանի ներկայացուցիչների մարտի 1-ի հանդիպումից հետո Ստեփանակերտը հայտարարել էր, որ Արցախի ապաշրջափակման նպատակով կազմակերպվող նման քննարկումները չեն կարող փոխարինել լիարժեք խաղաղ բանակցությունները։ Արցախի արտգործնախարարությունը հակամարտության կարգավորման համար անհրաժեշտ է համարում վերականգնել «միջազգային միջնորդական ձևաչափը։

«Եթե միջազգային ձևավորված մեխանիզմներով Ստեփանակերտ- Բաքու երկխոսության համար հարթակ ստեղծվի, Ստեփանակերտը միայն ուրախ կլինի դրա համար», - «Ազատության» հետ զրույցում ասաց Արցախի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ, իշխանական պատգամավոր Արամայիս Աղաբեկյանը:

Ըստ նրա՝ Արցախի համար լավագույն տարբերակը կլիներ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում միջազգային հարթակի ձևավորումը, որում Արցախը լիիրավ բանակցային կողմ կլիներ։ Սակայն, պատգամավորը թերահավատ է, թե Բաքուն ընդհանրապես պատրաստ է միջազգային որևէ ձևաչափով բանակցության։

«Իրենք որևէ միջագզային կառույցի հովանու ներքո իրավահավասարության սկզբունքի ներքո որևէ սեղանի պատրաստ չեն նստել, և իրենց այդ՝ նախագահի կողմից ներկայացված վերջնագիրը հենց դրա ապացույցն է, որ իրենք պատկերացնում են ամեն ինչ սև ու սպիտակի շրջանակներում, ու իրենք պատկերացնում են, որ պետք է սեղանին նստեն՝ միայն ու միայն մի բանի մասին խոսելու՝ մեր այսպես ասած, եթե բառերն իրենց անուններով տանք, մեր հանձնվելու մասին և մեր ինքնորոշման իրավունքից հրաժարվելու մասին են ուզում խոսել», - նշեց նա:

Իշխանական պատգամավորն ասում է՝ մի կողմից Ադրբեջանը սադրանքների է գնում, մյուս կողմից միջազգային հանրությանը ներկայացնում, թե պատրաստ է երկխոսության Ստեփանակերտի հետ։ Այսօր, օրինակ, Իլհամ Ալիևը «լուսավոր ապագա» է խոստացել Ադրբեջանի կողմից երեք ամիս շրջափակման մեջ գտնվող արցախահայերին, ասելով, թե նրանք, լավ կապրեն:

Իշխանական պատգամավորն ավելի քան համոզված է՝ Բաքվի նպատակը ճիշտ հակառակն է. «Իր հիմնական նպատակը Արցախը հայաթափելն է, և այսքան երկար ժամանակ միջանցքը փակ պահելը, մշտական սադրանքներն ու միջազգային բոլոր կառույցների, փաստացի Հաագայի դատարանի վճիռ կա, գետնի վրա այստեղ գործող ռուս խաղաղապահներ կան, նոյեմբերի 9-ի փաստաթուղթ կա, և Ադրբեջանը որևէ կերպ չի պահպանում գոյություն ունեցող միջազգային փաստաթղթերը, բայց խոսում է իր կողմից այդպես խաղարար առաքելության մասին»:

Կառավարության նիստին Հայաստանի վարչապետն այսօր հայտարարեց, թե կիրակի օրը տեղի ունեցած հարձակմամբ Ադրբեջանը ցանկացել է վիժեցնել Արցախի ներկայացուցիչների հետ հետագա բանակցություններն ու նոր սադրանքի համար անհրաժեշտ ֆոն ստեղծել, ստեղծել կեղծ ապացույցներ, թե Հայաստանից դեպի Լեռնային Ղարաբաղ զենք-զինամթերք է տեղափոխվում։

Ըստ Նիկոլ Փաշինյանի՝ Բաքվի մյուս նպատակը տեղեկատվական նորանոր հոսքերի միջոցով թաքցնելն է, որ Ադրբեջանը բացահայտ կերպով չի կատարում Արդարադատության միջազգային դատարանի որոշումը Լաչինի միջանցքը բացելու վերաբերյալ։

«Դեռ հակառակը՝ Ադրբեջանը գնում է նորանոր սադրանքների՝ իրադրությունը Լեռնային Ղարաբաղում էլ ավելի սրելու համար», - հայտարարեց վարչապետը։

Փաշինյանն ասաց, որ Լեռնային Ղարաբաղ ու Լաչինի միջանցք միջազգային փաստահավաք առաքելության գործուղումն ավելի ու ավելի հրատապ է դառնում։ Սակայն, ինչպես միջազգային տեսանելի մեխանիզմի դեպքում, այս հարցում էլ որևէ հստակություն չկա։ ՄԱԿ-ի ղեկավարի հետ հայաստանցի պաշտոնյաների շփումներից մինչ օրս պարզ չէ՝ արդյոք կառույցը պատրաստ է առաքելություն ուղարկել Արցախ, և արդյոք Ադրբեջանը կհամաձայնի դրան։

«Կանխելու համար Ադրբեջանի կողմից նոր ագրեսիայի սանձազերծումն ու Լեռնային Ղարաբաղի ժողովրդին էթնիկ զտումների ու ցեղասպանության ենթարկելու Ադրբեջանի ակնհայտ նախապատրաստությունները», - նշեց գործադիրի ղեկավարը։

Կիրակի ադրբեջանական հարձակմանը Փաշինյանն ահաբեկչություն որակումն էր տվել նաև ԵԱՀԿ Մինկի խմբի ամերիկացի ու ֆրանսիացի համանախագահների հետ հանդիպմանը։

Բաքուն այս հայտարարությանն արձագանքելով՝ կրկին հայկական կողմին մեղադրել էր Արցախ ականններ տեղափոխելու համար՝ իր հերթին ականների ենթադրյալ տեղափոխումն «ահաբեկչություն» անվանելով:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG