«Խաղաղության օրակարգը Հայաստանի ու Ղարաբաղի հայերի խաղաղ ոչնչացումը չէ». Փաշինյան

«Ալիևը ոչ միայն սպառնում է, այլև նախապատրաստում Լեռնային Ղարաբաղի հայերի ցեղասպանություն»

Ալիևը ոչ միայն սպառնում է, այլև արդեն նախապատրաստում է Լեռնային Ղարաբաղի հայության ցեղասպանություն, այսօր կառավարության նիստի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ շեշտելով՝ այս մտադրությունն արտահայտված է նաև Լեռնային Ղարաբաղում ՌԴ խաղաղապահ զորախմբի տեղակայման ժամկետների մասին Ադրբեջանին նախագահի մեկնաբանություններում։

«Առանց ԼՂ հայության անվտանգության և իրավունքների ապահովման միջազգային հստակ երաշխիքների խաղաղապահների դուրսբերման խոսույթ զարգացնելը ոչ միայն եռակողմ հայտարարությունների խախտում է, այլև Լեռնային Ղարաբաղի հայության ցեղասպանության նախապատրաստություն», - նկատեց գործադիրի ղեկավարը։

2020 նոյեմբերի 9-ի փաստաթղթով ռուս խաղաղապահները Արցախում տեղակայվում են 5 տարի ժամկետով՝ հերթական հնգամյա ժամկետների ինքնաբերաբար երկարացմամբ։

«Սա, ըստ էության, նշանակում է, որ խաղաղապահները ԼՂ-ում տեղակայված են անժամկետ, քանի դեռ հասցեագրված չեն Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքների և անվտանգության հետ կապված հարցերը և փարատված չեն անվտանգային բոլոր մտահոգությունները», - ասաց Փաշինյանը։

Հայաստանը հիմա էլ պատրաստ է պահովել Ադրբեջանի Արևմտյան շրջանների և Նախիջևանի միջև կապը

Հայաստանն ունի միայն մեկ պարտավորություն՝ ապահովել տրանսպորտային կապը Ադրբեջանի Արևմտյան շրջանների և Նախիջևանի միջև, այսօր արձագանքելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարություններին ասաց Փաշինյանը՝ շեշտելով՝ որևէ հայտարարության մեջ հիշատակված չէ որևէ կոնկրետ երթուղի։

Օրերս Շուշիում, Ադրբեջանի «հաղթանակի օրվա» կապակցությամբ հանդիսավոր միջոցառմանը, Ալիևը հայտարարեց, թե «Զանգեզուրի միջանցքը Հայաստանի պարտավորությունն է, որը ստանձնել է»։

Ըստ վարչապետի՝ Հայաստանին մեղադրելով պարտավորությունները չկատարելու մեջ, Ալիևը փորձում է մտացածին հիմքեր ստեղծել Լաչինի միջանցքը փակելու, արցախահայությանը շրջափակելու և ցեղասպանելու համար։

Վկայակոչելով Հայաստանի կառավարության կողմից շրջանառության մեջ դրված Հայաստան-Ադրբեջան սահմանին հսկիչ երեկ անցակետեր բացելու նախագիծը՝ Փաշինյանը շեշտեց՝ Հայաստանը հիմա էլ պատրաստ է նման հաղորդակցություն ապահովել, սակայն այդ որոշումը չի ընդունվում մի պատճառով՝ Ադրբեջանը չի ուզում այդ ճանապարհը։

«Սա նշանակում է, որ ՀՀ-ն լիարժեքորեն կատարում է իր պարտավորությունը և Ադրբեջանը չի ցանկանում օգտվել ընձեռված հնարավորությունից։ Ընդ որում, նման մերժողականությունն անհասկանալի է։ Եթե Ադրբեջանն իսկապես խաղաղություն է ուզում և տրամադրված է խաղաղության, եկեք բացենք այդ հսկիչ անձնագրային կետերը, եկեք մարդկանց համար հնարավորություն ստեղծենք», - ասաց վարչապետը։

«Որևէ հայտարարությամբ, Հայաստանը նոր ճանապարհներ բացելու պարտավորություն չունի»

Ինչ վերաբերում է նոր ճանապարհների կառուցմանը՝ գործադիրի ղեկավարը շեշետեց՝ որևէ հայտարարությամբ Հայաստանը նման պարտավորություն չունի՝ նկատելով՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի փաստաթղթի 9-րդ կետը միայն նախատեսում է կողմերի համաձայնության պարագայում։

«ՀՀ-ն պատրաստ է տալ իր համաձայնություն, իսկ համաձայնություն չի կայանում մի պատճառով՝ Ադրբեջանը շարունակում է ծավալել ձեռք բերված պայմանավորվածություններին և ստորագրված հայտարարություններին հակասող ագրեսիվ հռետորաբանություն և գործողություններ»։

«Ալիևն է դրժել երկաթգծի բացման պայմանավորվածությունը»

Խոսելով Երասխ-Ջուլֆա-Օրդուբադ-Մեղրի-Հորադիզ երկաթուղու վերականգնման աշխատանքներից, որի պայմանավորվածությունը ձեռք էր բերվել 2021 թվականի դեկտեմբերի 14-ին Բրյուսելում, Փաշինյանն ասաց՝ Ադրբեջանի նախագահն ինքն է դրժել այդ պայմանավորվածությունը։

«Մի քանի օր անց Ալիևն ինք է հրաժարվել պայմանավորվածությունն ամրագրող փաստաթղթի ստորագրումից։ Ես պաշտոնապես հայտարարում եմ, որ այսօր էլ պատրաստ եմ ստորագրել այս պայմանավորվածությունը ամրագրող փաստաթուղթը», - ասաց վարչապետը՝ շեշտելով՝ Ադրբեջանն է հրաժարվում նոր կոմունիկացիաների կառուցման առաջարկից, որը Հայաստանը գրավոր ձևակերպել է և Ադրբեջանին է փոխանցել դեռևս 2021 թվականի դեկտեմբերին։

Փաշինյանը նշեց, որ պատրաստվում են առաջիկայում այս թեմայով նոր առաջարկ ներկայացնել։ «Այս թեմայով լրացուցիչ պահուստային առաջարկ ունենք», - ասաց գործադիրի ղեկավարը՝ չմանրամասնելով։

«Սեպտեմբերի 13-ի մարտերի հետևանքով 16 անհետ կորած ունենք»

Սեպտեմբերի 13-ի մարտերի հետևանքով 16 անհետ կորած ունենք, ասաց Փաշինյանը՝ նկատելով՝ այդ տղաների մարմինները գտնվում են ադրբեջանական տիրապետության ներքո հայտնված տարածքներում, Ադրբեջանը բոլոր հնարավոր մեթոդներով ձգձգում է նրանց վերադարձը Հայաստան։

«Ղարաբաղյան առաջին պատերազմից հայկական կողմի անհետ կորածների թիվը 777 է, 44-օրյա պատերազմից՝ 203, մենք նույնիսկ սեպտեմբերի 13-ից 16 անհետ կորած ունենք և այդ տղաների մարմինները գտնվում են Ադրբեջանի տիրապետության ներքո հայտնված տարածքներում ու Ադրբեջանը, բոլոր հնարավոր մեթոդներով, ձգձգում է նրանց վերադարձը Հայաստան, իսկ 2020 թվականից ի վեր հայկական կողմն Ադրբեջանին է վերադարձրել առաջին պատերազմի անհետ կորածների 130 մարմիններ և ակտիվորեն շարունակում է այդ ուղղությամբ աշխատանքը», - ասաց վարչապետը։

«Ամեն ջանք կգործադրենք օր առաջ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կնեքելու համար»

Հայտարարելով, որ Հայաստանը հավատարիմ է ձեռք բերված բոլոր պարտավորություններին՝ Փաշինյանն ասաց՝ իրենցից կախված ամեն ջանք կգործադրեն՝ Հայաստան-Ադրբեջան սահմանների դելիմիտացիան հնարավորինս արագ ավարտին հասցնելու, տարածաշրջանային բոլոր տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակման, օր առաջ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կնեքելու համար՝ շեշտելով՝ իրապես և անկեղծ նվիրված են խաղաղության օրակարգին։

«Բայց, եթե որևէ մեկը մտածում է, թե խաղաղության օրակարգը Հայաստանի Հանրապետության կամ Լեռնային Ղարաբաղի հայության խաղաղ ոչնչացումն է, չարաչար սխալվում է։ Խաղաղության օրակարգը Հայաստանի Հանրապետության և տարածաշրջանի խաղաղ զարգացումը և համակեցությունն է, և մենք հասնելու ենք մեր նպատակին», - եզրափակեց գործադիրի ղեկավարը։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Իշխանությունը պատրաստվում է երկու ամսից խաղաղության պայմանագիր կնքել, ընդդիմությունը պնդում է՝ դա նոր կապիտուլյացիա է