Մատչելիության հղումներ

Մոսկվան «արդարացի չի համարում» խաղաղապահների հասցեին առանձին քննադատությունները


Մոսկվան արդարացի չի համարում խաղաղապահների հասցեին առանձին քննադատությունները, այսօրվա ճեպազրույցի ընթացքում հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարության ներկայացուցիչ Իվան Նեչաևը։

Կառավարության նախորդ շաբաթվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանն էր խիստ քննադատություն հնչեցրել ռուսական խաղաղապահ առաքելության հասցեին՝ ուղիղ հայտարարելով՝ Հայաստանն ակնկալում է զսպել Ադրբեջանին։ Հիշել էր ադրբեջանցիների կողմից Խծաբերդի ու Հին Թաղերի, Փառուխի գրավումները, շեշտելով՝ իրադարձությունները զարգացել են ռուս խաղաղապահների ներկայությամբ ու նրանց թողտվությամբ, շփման գծի երկայնքով հրադադարի խախտումները, Ղարաբաղի հայությանը խաղաղապահների ներկայությամբ ֆիզիկապես և հոգեբանորեն ահաբեկելու դեպքերը, որոնք անընդունելի էր համարել։

«Մեր կարծիքով` Հայաստանի և Ռուսաստանի ստորագրությունը բավարար են այդ մանդատն ամբողջությամբ իրագործելու համար, իսկ եթե ոչ, ուրեմն անհրաժեշտ է միջոցներ ձեռնարկել այդ մանդատը միջազգայնորեն հաստատելու կամ խաղաղապահներին ավելի լայն միջազգային մանդատով օժտելու ուղղությամբ», - ասել էր վարչապետը:

«Քաղաքական ինտենսիվ քննարկումներին զուգահեռ ակտիվորեն աշխատում են նաև ռուս խաղաղապահները, որոնք անհրաժեշտ ջանքեր են գործադրում տեղում իրավիճակի կայունացման ուղղությամբ։ Ե՛վ Բաքվում, և՛ Երևանում ավելի վաղ մեկ անգամ չէ, որ ընդգծել են ռուսական խաղաղապահ կոնտինգենտի կարևոր դերակատարությունը։ Խաղաղապահների նկատմամբ առանձին քննադատություններն արդարացի չենք համարում», - ասել է Իվան Նեչաևը։

Լաչինի միջանցքի շուրջ իրավիճակը պետք է հանգուցալուծվի եռակողմ հայտարարությանը համահունչ. ՌԴ ԱԳՆ

Ռուսաստանի ԱԳՆ-ն ներկայացուցիչը հայտարարել է, թե Լաչինի միջանցքի շուրջ իրավիճակը պետք է հանգուցալուծվի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությանը համահունչ. «Դա վերաբերում է նաև Լաչինի միջանքի շուրջ իրավիճակին, որը պետք է հանգուցալուծվի հայտարարության վեցերորդ կետի համաձայն, որը սահմանում է, որ կողմերի համաձայնությամբ առաջիկա երեք տարում պետք է որոշվի Լաչինի միջանցքով երթևեկության նոր երթուղու կառուցման ծրագիրը, որը կապահովի Ղարաբաղի և Հայաստանի միջև կապը՝ հետագայում այդ երթուղու պահպանման համար ռուսական խաղաղապահ զորակազմի վերատեղաբաշխմամբ»։

Չնայած Ռուսաստանից հնչող հայտարարություններին` փաստն այն է, որ արդեն այս օգոստոսի 25-ից Լաչինի գործող միջանցքն անցնում է ադրբեջանցիներին, և Բաքվի պահանջով Հայաստան-Արցախ երթուղին փոխվում է։

Բոլոր հարցերը՝ ներառյալ Լաչինի միջանցքին վերաբերող, այսօր պնդում էր Ռուսաստանի ԱԳՆ ներկայացուցիչը, քննարկվում են՝ գտնելու համար թե՛ հայկական, թե՛ ադրբեջանական կողմերին բավարարող լուծումներ։ Նա նաև ինչ-ինչ պայմանավորվածություններից խոսեց՝ փակագծեր չբացելով. «Քննարկվող պայմանավորվածությունների դետալները չեմ մանրամաասնի՝ հաշվի առնելով խնդրի զգայունությունը»։

Ճշտող հարցին էլ` ի՞նչ բանավոր կամ գրավոր պայմանավորվածություններ կան, որոնց հիման վրա է Բաքուն նախատեսված եռամյա ժամկետից շուտ պահանջում դադարեցնել երթևեկությունը գործող միջանցքով, ռուս դիվանագետը չպատասխանեց։

«Ազատությունը» դիմել է Հայաստանի ԱԳՆ՝ ճշտելու՝ օրինակ, Լաչինի միջանցքի հարցով ի՞նչ պայմանավորվածություններ կան, որին հանրությունը տեղյակ չէ, պատասխան դեռ չի ստացվել։

Արդրբեջանն այսօր հաղորդեց Լաչինը շրջանցող ճանապարհի իր հատվածի կառուցումն ավարտելու մասին, հայկական կողմը շինարարությունը սկսեց վերջին հարձակումներից ու ներկայացրած վերջնաժամկետից հետո, թե հայերը պետք է հեռանան Լաչինի միջանցքից։

Այլընտրանքային երթուղու ընդհանուր երկարությունը 32 կիլոմետր է, որից տասն անցնելու է Հայաստանի տարածքով: Ադրբեջանն, ըստ «Ինտերֆաքսի», ճիշտ մեկ տարում կառուցեց իր տարածքով անցնող 22 կիլոմետրանոց հատվածը։ Հայաստանն իր հատվածում շինարարությունը խոստանում է ավարտել գարնանը։ Մինչ այդ պետք է բարեկարգվի չորս կիլոմետրանոց ևս մեկ ճանապարհ, որը մինչև նորի կառուցումը կկապի Հայաստանն Արցախին։

Այնուհանդերձ, բաց է մնում հարցը, եթե արդեն այս օգոստոսի 25-ից Արցախը Հայաստանին կապող Լաչինի գործող միջանցքն անցնում է ադրբեջանցիներին, և Բաքվի պահանջով Հայաստան-Արցախ երթուղին փոխվում է, արդյոք համաձայնեցվել են նաև անվտանգային խնդիրները, օրինակ, ռուս խաղաղապահների վերատեղաբաշխումը։ Ռուսական զորակազմը այժմ տեղակայված է Լաչինի միջանցքի երկայնքով։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG