Մատչելիության հղումներ

Խաղաղության պայմանագրից հետո Ղարաբաղի հարցով բանակցություն դժվար թե տեղի ունենա. Տիգրան Գրիգորյան


«Ազատության» հյուրը քաղաքագետ Տիգրան Գրիգորյանն է։

«Ազատություն». - Սոչիի հանդիպումից հաշված օրեր անց Վաշինգտոնն է եռակողմ բանակցություններ նախաձեռնում։ Սա նշանակո՞ւմ է արդյոք, որ ռուսական միջնորդությունը արդյունք չի տալիս։

Գրիգորյան. - Այն, որ Սոչիում Ռուսաստանը չի կարողացել հասնել իր համար ցանկալի նպատակներին, դա պարզ է։ Բայց սա ավելի շատ կարելի է համարել Պրահայի հանդիպման շարունակությունը, որտեղ սկզբունքային պայմանավորվածություն ձեռք բերվեց խաղաղության պայմանագրի օրակարգի հարցի շուրջ, և Հայաստանը ընդունեց, որ խաղաղության պայմանագիրը պետք է կնքվի հենց ադրբեջանական այդ հինգ սկզբունքների հիման վրա, ադրբեջանական պատկերացումներով։

«Ազատություն». - Ինչո՞ւ եք ասում, որ հիմքում լինելու են միայն Ադրբեջանի դրույթները, եթե Երևանը պատասխանել է դրանց, մասնավորապես՝ արցախահայերի իրավունքներն է առաջ քաշել։

Գրիգորյան. - Երևանը հրապարակային մակարդակով չի ժխտում, որ այդ խաղաղության պայմանագրի տեքստի մեջ որևէ հիշատակում չի լինելու Լեռնային Ղարաբաղի կամ Ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ։ Այսինքն՝ հիշում ենք, որ երբ մարտին Ադրբեջանը ներկայացրել իրա էդ հինգ հայտնի սկզբունքները, Երևանը պատասխանեց վեց կետանոց իր փաթեթով, որտեղ առանցքային կետը երրորդ կետն էր, որի մեջ խոսվում էր հենց Լեռնային Ղարաբաղի անվտանգության, կարգավիճակը, ինչպես նաև բնակչության իրավունքների մասին։ Ամիսներ շարունակ բանակցություններ էին ընթանում, և դա հիմնական այն խնդիրն էր, որը թույլ էր տալիս առաջընթացը բանակցային գործընթացում, որովհետև Բաքուն վերջին երկու տարվա ընթացքում հրաժարվում է Հայաստանի հետ որևէ հարց քննարկել Լեռնային Ղարաբաղի հետ կապված, կամ Ղարաբաղյան հակամարտության հետ կախված։ Եվ սեպտեմբերյան էսկալացիայից հետո արդեն բաց տեքստով Հայաստանի իշխանությունները խոսում են այն մասին, պետք է առաջ շարժվել հենց այդ տարբերակով։ Եվ Պրահայում այդպիսի համաձայնություն ձեռք է բերվել, ինչը ևս հաստատվել է պաշտոնական մակարդակով։

«Ազատություն». - Բայց դա չի նշանակում, չէ՞, Ղարաբաղի հարցը փակել։

Գրիգորյան. - Ղարաբաղի հարցը փակված չէ, քանի դեռ էնտեղ կան մարդիկ, այնտեղ կա բնակչություն, կա խաղաղապահ առաքելություն։ Այլ հարց է, թե ով է զբաղվելու Ղարաբաղի հարցով։ Եթե Հայաստանը ստորագրում է այդ խաղաղության պայմանագիրը և ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ինչպես նաև բոլոր մյուս կետերն է ընդունում, Ադրբեջանը վստահաբար այդ փաստաթուղթը ցույց է տալու միջազգային հանրությանը և պնդելու է, որ Հայաստանը նույնպես ընդունում է այն տեսակետը, որ հակամարտությանը ավարտված է և քննարկելու ոչինչ չկա։ Այդ առումով, ամենայն հավանականությամբ, Ղարաբաղի շուրջ բանակցություններ դժվար թե տեղի ունենան այդ խաղաղության պայմանագրի ստորագրումից հետո։ Հետաքրքիր է լինելու նաև հետևել Երևանի հռետորաբանությանը այդ փաստաթղթի ստորագրումից հետո։ Արդյո՞ք Երևանը շարունակելու է, օրինակ, պնդել, որ կա անվտանգության հարց, կա իրավունքների հարց։ Որովհետև կա հավանակություն, որ այդտեղ էլ հռետորաբանությունը կփոխվի։ Տեսնում ենք, որ արդեն Հայաստանի իշխանությունները նշում են, որ Ստեփանակերտը պետք է Բաքվի հետ բանակցություններ վարի։ Ուղիղ բանակցային մեխանիզմի ստեղծման մասին է խոսվում։

«Ազատություն». - Դուք այդքան վատատես եք, որ բոլորը աչք են փակելու արցախցիների ճակատագրի վրա՞

Գրիգորյան. - Դե միջազգային ընկալումներով Արցախը Ադրբեջանի մաս է...

«Ազատություն». - Դա նշանակում է, որ էնտեղ պիտի նոր տեղահանություն, կոտորա՞ծ լինի։

Գրիգորյան. - Կարծում եմ, այնուամենայնիվ Ադրբեջանը ավելի խելամիտ քաղաքականություն է վարելու։ Որևէ կոտորած չի կազմակերպելու, այլ շարունակելու է «սողացող էնթին զտման քաղաքականությունը»։ Այսինքն՝ ամեն ինչ անելու է, որպեսզի բնակչությունը լքի այդ տարածքը։ Եվ եթե այդ գործընթացը ժամանակային առումով ձգձգվի, ապա ավելի հեշտ է լինելու մարսել այդ ամենը Բաքվի համար։

«Ազատություն». - Այստեղ Ձեզ նաև չե՞ն համոզում գործադրվող ամերիկյան ջանքերը և հայտարարությունները արցախահայերի իրավունքների մասին, Ստեփանակերտ - Բաքու երկխոսության մասին։ Դա կարող է նաև ինչ-որ մեխանիզմ, չէ՞, ենթադրել։

Գրիգորյան. - Եկեք արձանագրենք, որ այնուամենայնիվ, ամերիկյան պատկերացումներով, խոսքը ոչ թե Ստեփանակերտ - Բաքու մեխանիզմի մասին է։ Եթե, օրինակ, հղում անենք այն արտահոսք եղած այդ փաստաթղթին, այնտեղ խոսքը գնում է Լեռնային Ղարաբաղի համայնքի... այսինքն՝ համայնքային տրամաբանության մեջ է։ Իհարկե, խոսվում է միջազգային մեխանիզմի ստեղծման մասին, բայց տեսնում ենք, որ Բաքուն ամեն նմանատիպ հայտարարությունից կամ հանդիպումից հետո մի քանի անգամ պնդում և շեշտում է, որ որևէ միջազգային մեխանիզմ չի կարող գոյություն ունենալ, որ դա Ադրբեջանի ներքին հարցն է։

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ.

XS
SM
MD
LG