Մատչելիության հղումներ

Ինչպե՞ս Արցախ տանող նոր ուղու հարցը Բաքուն լուծեց իրեն ձեռնտու ժամկետում 


Ինչպե՞ս ստացվեց, որ դեպի Արցախ տանող նոր ճանապարհի հարցը, որի լուծման համար շաբաթներ առաջ վարչապետ Փաշինյանը պնդում էր՝ կա առնվազն մի տարի և մի քանի ամիս, Ադրբեջանը հաջողեց լուծել իրեն ձեռնտու ժամկետում` չնայած հայկական կողմի պնդումներին, թե այդ պահանջը լեգիտիմ չէ:

«Կան լուրեր, որ դա այս շաբաթ է տեղի ունենալու, հաջորդ շաբաթ է տեղի ունենալու, նախ եռակողմ հայտարարությամբ այդ հարցը կողմերի համաձայնությամբ պիտի երեք տարվա ընթացքում լուծվի, իսկ դրա համար կա առնվազն մի տարի մի քանի ամիս ժամանակ», - այս հունիսի 27-ի առցանց ասուլիսին հայտարարել էր ՀՀ վարչապետը:

«Եռակողմ հայտարարությամբ այդ հարցը կողմերի համաձայնությամբ պիտի երեք տարվա ընթացքում լուծվի»
please wait

No media source currently available

0:00 0:00:19 0:00

Փաստացի, 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ երեք տարի էր տրված Հայաստանը Ղարաբաղին կապող նոր միջանցքի նախագիծը համաձայնեցնելու համար:

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիև, արխիվ
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիև, արխիվ

Ադրբեջանի նախագահը, սակայն, 44-օրյա պատերազմից մի քանի շաբաթ անց հայտարարեց`այդքան երկար մտադիր չեն սպասել. «Մենք առաջարկում ենք նոր միջանցք կառուցել, մշակել Լեռնային Ղարաբաղը Հայաստանին կապող նոր միջանցքի երթուղին և կառուցել այն: Այստեղ նաև ժամկետն է նշված` երեք տարում: Կարծում եմ` ավելի շուտ կարող ենք անել. նոր միջանցքի պարամետրերը հստակեցնելուց հետո Լաչին քաղաքը նույնպես կվերադարձվի մեզ»:

Պատերազմի հաջորդ տարում Բաքուն սկսեց նոր` մոտ 30-կիլոմետրանոց ճանապարհի շինարարությունը: Ընդ որում, սեփական հատվածը ավարտելուց հետո` անցած տարվա ապրիլից, ադրբեջանական կողմը ռուս խաղաղապահների ուղեկցությամբ շինարարական աշխատանքներ սկսեց նաև հայկական վերահսկողության ներքո գտնվող տարածքներում: Ամիսներ շարունակ լրատվամիջոցները հաղորդում էին, որ Արցախի Հին Շենում շինարարություն է իրականացնում Ադրբեջանի կառավարության վարձած թուրքական մի ընկերություն:

Արցախի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյան, արխիվ
Արցախի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյան, արխիվ

Հայկական կողմի պաշտոնյաներից որևէ մեկը, սակայն, այս լուրերը չէր մեկնաբանում, և միայն մեկ տարի անց` այս տարվա ապրիլին, Արցախի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանն «Ազատությանը» հայտնեց՝ նոր ճանապարհի հարցում որոշում կա: «Այո, Բերձոր քաղաքը շրջանցող ճանապարհ է, արդեն որոշվել է` որտեղով պետք է լինի, անցնելու է Հին Շեն, Մեծ Շեն գյուղերի միջով»:

Մինչ օրս որևէ մեկը չի հստակեցրել` ովքե՞ր և ե՞րբ են կայացրել այս որոշումը, ի՞նչ էին մտածում հայկական կողմում, երբ Ադրբեջանը արագացված տեմպերով առաջ էր գնում, և ինչպե՞ս կարող էր Բաքուն առանց հայկական կողմի համաձայնության շինարարություն սկսել Արցախի տարածքում։ Մինչև սահմանային վերջին սրացումը, որի հետևանքով Ղարաբաղում երկու զինծառայող զոհվեց, ևս երկու տասնյակը վիրավորվեցին, հստակ չէր նաև`ի վերջո հայերը ո՞ր տարածքներից են դուրս գալու և կոնկրետ ե՞րբ:

Արցախի նախագահն, օրինակ, ընդամենը մեկ ամիս առաջ՝ հունիսի վերջին, չէր բացառում, որ Աղավնոն կարող է մնալ հայկական ուժերի վերահսկողության ներքո:

Արցախի ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյան, արխիվ
Արցախի ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյան, արխիվ

«Արդեն իսկ համաձայնեցրել էիք ամեն բան, ապա ինչո՞ւ հանրությունը, մասնավորապես Բերձորի, Աղավնոյի, Սուսի բնակիչներին չեք տեղեկացնում` ընդհանրապես ինչ ճակատագիր է իրենց սպասվում», - հետաքրքրվել էր Արցախի ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանը:

«Ինչ վերաբերում է Սուս գյուղում, այնտեղ մենք այս փուլում համարյա բնակիչ չունենք, իսկ անկախ ամեն ինչից մենք Բերձորը պետք է շրջանցենք, և Բերձորի բնակավայրում հետագա մեր հայրենակիցների ապրելու հնարավորությունը շատ քիչ եմ համարում, իսկ Աղավնոյի առումով մենք շարունակելու ենք մեր բանակցությունները, մեր պայքարը», - հայտարարել էր Արցախի նախագահը:

Արայիկ Հարությունյանը` Աղավնոյի մասին
please wait

No media source currently available

0:00 0:00:21 0:00
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն օգոստոսի 2-ին հրավիրել է Անվտանգության խորհրդի ընդլայնված նիստ` ԱԺ քաղաքական ուժերի մասնակցությամբ
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն օգոստոսի 2-ին հրավիրել է Անվտանգության խորհրդի ընդլայնված նիստ` ԱԺ քաղաքական ուժերի մասնակցությամբ

Նույն օրը Արայիկ Հարությունյանը նաև բացահայտել էր, որ Ադրբեջանի կողմից կառուցվող նոր ճանապարհի կոորդինատները մի քանի անգամ քննարկվել, ապա հաստատվել են Արցախի անվտանգության խորհրդում, թե երբ, առ այսօր պաշտոնապես չի հաղորդվել. «Ես ասում եմ Անվտանգության խորհրդով հաստատել ենք և առաջարկել ենք, հիմա ասում եք` ինչո՞ւ եք հաստատել, որովհետև քննարկել ենք, ամենաճիշտը դա ենք համարել: Ծածուկ ոչ մեկը ոչ մի բան չի արել»:

Նույն օրերին նաև Հայաստանի վարչապետն էր պնդում, որ հարցի շուրջ եղել են քննարկումներ և անգամ նախնական համաձայնություն. «Մենք այս ընթացքում քննարկումների մեջ եղել ենք, և երթուղու փոփոխության հարցում քննարկումներ եղել են, նախնական համաձայնություններ ձեռք են բերվել, և այդ փոփոխության նպատակը Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի համար ավելի հուսալի և ամուր կապ և ավելի որակյալ ճանապարհային կապ ապահովելն է»:

Սակայն շաբաթներ անց` օգոստոսի սկզբին, երբ Բաքուն պահանջեց Արցախը Հայաստանին կապող երթևեկությունը այլևս նոր ճանապարհով կազմակերպել, պաշտոնական Երևանը հակադարձեց`Հայաստանը որևէ պլանի համաձայնություն չի տվել:

Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը «Արմենպրեսի» հետ զրույցում օգոստոսի 3-ին ոչ լեգիտիմ բնորոշեց Ադրբեջանի այդ պահանջը. «Այս ընթացքում, իհարկե, այս ուղղությամբ որոշակի աշխատանք կատարվել է, բայց այս պահի դրությամբ համաձայնեցված պլան գոյություն չունի: Համենայն դեպս, Հայաստանը որևէ պլանի համաձայնություն չի տվել, հետևաբար Ադրբեջանի պահանջը լեգիտիմ չէ»:

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստին, արխիվ
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստին, արխիվ

Հաջորդ օրը կառավարության նիստում նույնը կրկնեց Հայաստանի վարչապետը։ Փաշինյանը նաև մի քանի անգամ ակնարկեց, որ բուն ճանապարհի կառուցումից բացի, անհրաժեշտ է դրա երկայնքով ռուս խաղաղապահների տեղակայման և Ղարաբաղը սնուցող ենթակառուցվածքների հարցերը հստակեցնել։

«Բայց կրկնում եմ` խոսքը այստեղ, այսինքն` եռակողմ հայտարարության մեջ միայն ճանապարհի կառուցման մասին չէ: Պլանի շրջանակներում պետք է պարզաբանվեն մի շարք կարևորագույն հարցեր, այդ թվում` Լեռնային Ղարաբաղին էլեկտրական էներգիայի, գազի մատակարարման հարցեր, անվտանգության հետ կապված խնդիրներ», - ասել էր նա:

Մինչ այս պահը պաշտոնապես չի ասվել` այս հարցերի լուծումները տրվե՞լ են, և համաձայնե՞լ է արդյոք Բաքուն Երևանի առաջարկած տարբերակին:

Հստակ է միայն, որ ճանապարհը օր առաջ փոփոխելու Ադրբեջանի պահանջը ոչ լեգիտիմ որակելով հանդերձ՝ հայկական կողմը համաձայնեց մինչև օգոստոսի 25-ը ազատել Բերձորն ու շրջակա գյուղերը: Մինչև ամսվա վերջ Ադրբեջանի վերահսկողությանը պիտի հանձնվի նաև Աղավնոն, որի համար Ղարաբաղի նախագահը շաբաթներ առաջ դեռ խոստանում էր շարունակել պայքարը:

«Ինչպես գիտեք, տեղի է ունեցել գործող միջանցքի տեղափոխում դեպի հարավ, և հարավային ուղղությամբ Արցախի տարածքում ճանապարհն արդեն պատրաստ է, Հայաստանի տարածքում էլ պատրաստ կլինի մյուս տարի ճանապարհը գլխավոր, և ռուսական զորախումբը տեղափոխվելու է, միջանցքը տեղափոխվելու է դեպի հարավային ուղղությամբ, հետևաբար այստեղ ռուսական զորախումբ օգոստոսի 25-ից չի լինելու, և անհրաժեշտություն է առաջացել քաղպաշտպանության պլանների համաձայն մարդկանց տեղափոխման հարցեր քննարկել», - նկատել էր նախարար Հայկ Խանումյանը:

Տեղի է ունեցել գործող միջանցքի տեղափոխում դեպի հարավ. Խանումյան
please wait

No media source currently available

0:00 0:00:36 0:00

Ո՞ւմ հետ էին պայքարում, ի՞նչ հանգամանքներում է կայացվել եռակողմ զինադադարով ամրագրված ժամկետից շուտ բնակավայրերը հանձնելու որոշումը, ո՞վ և ինչպե՞ս է տվել նոր ճանապարհի շուրջ նախնական համաձայնությունը, որի մասին խոսում էին Հայաստանի ու Արցախի առաջնորդները` մինչ այս պահը հստակ չէ:

Էլ ավելի անորոշ է, թե ինչպես է Արցախն առաջիկայում էլեկտրաէներգիա ու գազ ստանալու, և ինչպես է ապահովելու Ղարաբաղի և Հայաստանի կապը առաջիկա ամիսներին, երբ հայկական կողմում դեռևս անավարտ`գրունտային ճանապարհը ձյունով ծածկվի:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG