Մատչելիության հղումներ

Բաքվի գործողությունները հակասում են նոյեմբերի 9-ի համաձայնագրի դրույթներին․ Եվրախորհրդարանի պատգամավոր


Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Լաչինում, 16-ը օգոստոսի, 2021թ․
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Լաչինում, 16-ը օգոստոսի, 2021թ․

Երբ ամբողջ աշխարհի ուշադրությունը կենտրոնացած է ռուս-ուկրաինական հակամարտության վրա, իրավիճակը Լեռնային Ղարաբաղում վատթարանում է, հայտարարել է Եվրոպական խորհրդարանի Գերմանիան ներկայացնող պատգամավոր Լարս Պատրիկը։

«Ադրբեջանական զինուժը 2022 թվականի մարտի 24-ին հարձակվել է Փառուխ գյուղի վրա, իսկ 2022 թվականի մայիսի 28-ին խախտել հրադադարի ռեժիմը՝ մահացու վիրավորելով մեկ հայ զինվորի։ Դա տեղի է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կոշտ հայտարարությունից մեկ օր անց, ով ուժի կիրառումը ներկայացնում էր որպես միջազգային իրավունքի պահպանումն ապահովելու փորձ՝ պնդելով, որ «Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն ամբողջությամբ լուծված է», պահանջներ դրել Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ և օգտագործել կոշտ բառեր՝ ասելով, որ «ազգայնականները Հայաստանում չպետք է նայեն մեր կողմը, եթե չեն ուզում, որ իրենց գլուխները նորից ջարդվեն», - հայտարարությունում նշել է պատգամավորը։

Պատրիկը նկատել է՝ այդ գործողություններն ու հայտարարությունները բացահայտորեն հակասում են 2020 թվականի նոյեմբերի հրադադարի համաձայնագրի դրույթներին, ինչպես նաև 2022 թվականի մայիսի 22-ին Բրյուսելում Հայաստանի, Ադրբեջանի և ԵՄ-ի եռակողմ հանդիպումից հետո արված հայտարարության ոգուն։

Լեռնային Ղարաբաղում իրավիճակի սրացման հետ կապված նա հարց է ուղղել ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելին. - «Ի՞նչ կոնկրետ քայլեր է ձեռնարկում Արտաքին գործողությունների Եվրոպական ծառայությունը Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների վերսկսումը կանխելու և կողմերի միջև կառուցողական երկխոսությունը շարունակելու համար»:

Շփման գծում իրավիճակը լարված է օգոստոսի 1-ից։ Օգոստոսի 3-ին արդեն ՊԲ-ն հայտնեց, որ ադրբեջանական կողմը կիրառել է ականանետեր, նռնականետեր և հարվածային ԱԹՍ-ներ: Օրվա ավարտին հայկական կողմը հայտնեց երկու զոհի, 19 վիրավորի, ադրբեջանականը՝ մեկ զոհի մասին:

Շփման գծում լարվածության ֆոնին Ստեփանակերտը հայտնեց, որ Բաքուն պահանջել է Արցախ-Հայաստան երթևեկությունը նոր երթուղով կազմակերպել։ Բաքվի պահանջին Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն արձագանքեց` նշելով, որ Արցախը Հայաստանի հետ կապող երթևեկությունը Լաչինի միջանցքի փոխարեն այլ երթուղով կազմակերպելու Ադրբեջանի պահանջը լեգիտիմ չէ։ Բաքվի պահանջը եռակողմ հայտարարության կոպիտ խախտում համարեց նաև Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG