Ռուսաստանը Սյունիքում երեկ տեղի ունեցած մարտերից հետո հորդորում է Հայաստանին ու Ադրբեջանին շուտափույթ սկսել սահմանների դելիմիտացիա և դեմարկացիա։
«Վերջին իրադարձությունները ապացուցում են այդ գործընթացի կարևորությունը, այդ թվում՝ համապատասխան հանձնաժողովի աշխատանքի անհրաժեշտությունը՝ ռուսական կողմի ներկայացրած առաջարկների հիման վրա», - այսօր հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարության խոսնակը։
Զախարովան շատ հակիրճ անդրադարձել է նաև օգնության հարցով Մոսկվային դիմելու՝ Երևանի հայտարարությանը, ընդգծելով, թե այս համատեքստում Ռուսաստանը խորհրդակցություններ է անցկացնում Երևանի հետ և իր դաշնակցային պարտավորություններին լուրջ է վերաբերվում։
Ռուսաստանի արտգործնախարարության խոսնակը նաև ընդգծել է, որ Մոսկվան շարունակում ակտիվ աշխատանքը նաև որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդ, վերստին պնդել, որ Մոսկվան կարևորում է համանախագահների այցը տարածաշրջան և հավելել, թե նրանք Վիեննայում են և շարունակում են իրենց միջնորդական գործունեությունը։
Մարտերը հայ-ադրբեջանական սահմանին լրջորեն անհանգստացրել էին Կրեմլին․ Պեսկով
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղարն էլ այսօր հայտարարել է, թե հայ-ադրբեջանական երեկվա մարտերը հնարավոր է եղել կանգնեցնել Ռուսաստանի նախագահի միջնորդական ջանքերի շնորհիվ։ Կրեմլի խոսնակը միաժամանակ ակնարկել է, թե կողմերից մեկն առայժմ համաձայն չէ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հերթական եռակողմ հանդիպմանը։
«Հաստատ ինչ-որ փուլում նման եռակողմ շփումներ պետք կլինեն, բայց որպեսզի դրանք հնարավոր լինեն, անհրաժեշտ է երեք կողմերի համաձայնությունը և պատրաստակամությունը», - նշել է Դմիտրի Պեսկովը։
Ռուսաստանի նախագահի խոսնակը շեշտել է, թե սահմանին ռազմական գործողությունների վերսկսումը լրջորեն անհանգստացրել էր Կրեմլին, և ընդգծել, թե նախագահ Պուտինն է առաջին հերթին ակտիվ ջանքեր գործադրել կրակը դադարեցնելու համար։
Սրա հետ մեկտեղ, Կրեմլի խոսնակը նշել է՝ նման զարգացումներից խուսափելու համար անհրաժեշտ է, որ բոլոր կողմերն իրականացնեն ձեռք բերված եռակողմ պայմանավորվածությունները․ - «Իրավիճակը կայունացնելու միակ ճանապարհը եռակողմ պայմանավորվածությունների կատարումն է։ Մենք կարծում ենք, որ բոլոր երկրները նախ և առաջ պետք է ստանձնած պարտավորությունները կատարեն՝ դա հենց կլինի նման միջադեպերը կանխելու գրավականը»։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հայաստանը դիմում է Ռուսաստանին՝ «ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանելու կոչով»Երեկ պաշտոնական Երևանը՝ ի դեմս Անվտանգության խորհրդի քարտուղարի, հայտարարեց, թե դիմում է Ռուսաստանին դիվանագիտական ու ռազմական օգնության հարցով՝ 1997 թվականի պայմանագրի համաձայն։ Հայաստանը Ռուսաստանից ակնկալում է օգնություն տարածքային ամբողջականությունը վերականգնելու նպատակով, ասել էր Արմեն Գրիգորյանը։
Հայտարարությունից ժամեր անց հաղորդվեց, որ Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հեռախոսազրույցներ է ունեցել հայաստանցի և ադրբեջանցի գործընկերների հետ։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Սերգեյ Շոյգուն Հայաստանի և Ադրբեջանի գործընկերներին կոչ է արել դադարեցնել ռազմական գործողություններըԱվելի ուշ հայտնի դարձավ, որ հեռախոսազրույց է կայացել նաև Ռուսաստանի նախագահի և Հայաստանի վարչապետի միջև՝ հայկական կողմի նախաձեռնությամբ։ Կրեմլը բավական սուղ հաղորդագրություն էր տարածել՝ տեղեկացնելով միայն, որ «Պուտինն ու Փաշինյանը քննարկել են իրադրությունը, որը ստեղծվել է հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած մի շարք միջադեպերից հետո»։
Հայկական կողմը հայտարարել էր, թե զրույցի ընթացքում կրկին ընդգծել է, որ ադրբեջանական զինուժն ագրեսիայի է դիմել Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ, և ստեղծված իրավիճակում հույժ կարևորել է հայ-ռուսական ռազմավարական գործընկերությունը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Պուտինը հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակի շուրջ հեռախոսազրույց է ունեցել Փաշինյանի հետՀայաստանի արտգործնախարարությունն այսօր նոր մանրամասներ է հրապարակել զրույցից։ Նախարարության խոսնակը, մասնավորապես, ասել է, թե «այս համատեքստում, երկու երկրների ղեկավարները քննարկել են հնարավոր համատեղ քայլերը, որոնց իրականացումն ամրագրված է երկկողմ իրավապայմանագրային հենքով և համահունչ է դաշնակցային հարաբերություններին»։ Խոսնակը, սակայն, չի հստակեցրել՝ արդյոք պաշտոնական Երևանը նաև գրավոր դիմում է ուղարկել Ռուսաստանին։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանելու համար դիտարկվում է դիվանագիտական պրակտիկայի բոլոր գործիքների կիրառումը․ ՀՀ ԱԳՆ
«Երևանում Ռուսաստանից ավելին են ակնկալում»
Մինչ այդ, ռուսական մամուլը գրում է՝ Երևանում Ռուսաստանից ավելին են ակնկալում։
«Կսատարի՞ արդյոք Ռուսաստանը հայկական կողմին՝ Ադրբեջանի դեմ», - հարցնում է "Ведомости"-ն ու միանգամից պատասխանում՝ Մոսկվան կփորձի մարել սահմանային բախումները բանակցությունների միջոցով։
Ռազմավարությունների և տեխնոլոգիաների վերլուծության կենտրոնի փորձագետ Մաքսիմ Շեպովալենկոյի խոսքով՝ ՀԱՊԿ-ը, ակնհայտորեն, ամեն ինչ կանի, որպեսզի հայ-ադրբեջանական սահմանային այդ հակամարտության մեջ ներգրավված չլինի, իսկ Ռուսաստանը բոլոր ուժերը կներդնի այդ հարցի քաղաքական կարգավորման համար:
Հղում անելով ռազմական գերատեսչության իր աղբյուրներին՝ "Ведомости"-ն գրում է, թե Ադրբեջանը պատահական չէ հենց հիմա սրում իրադրությունը․ Մոսկվայի և Արևմուտքի ուշադրությունն այսօր կենտրոնացած է Ուկրաինայի և բելառուսա-լեհական սահմանին լարվածության վրա: Բայց կարծել, որ Ադրբեջանն իր առջև լայնածավալ ռազմական խնդիրներ է դնում, ինչպես նախորդ աշնանը, վաղաժամ է՝ խոսքը կարծես մարտավարական դիրքերի ամրապնդման մասին է, գրում է ռուսական հեղինակավոր պարբերականը;
Ռուսական մեկ այլ պարբերական՝ "Московский комсомолец"-ը, խոսել է ռազմական փորձագետ Ալեքսանդր Միխայլովսկիի հետ, ով կարծիք է հայտնել, թե Ադրբեջանը նոր պատերազմ կարող է սկսել ցանկացած պահի։
«Ես շատ կուզենամ սխալվել, բայց ամեն ինչ նման է նրան, որ Ադրբեջանը հայկական պաշտպանության թույլ տեղերն է փնտրում, որպեսզի մեկ հարվածով վերջնականապես լուծի Սյունիքի միջանցքի հարցը», - ասել է Միխայլովսկին։
Իսկ "Коммерсантъ"-ը, ի տարբերություն ռուսական մյուս, այդ թվում՝ պաշտոնական աղբյուրների, երեկվա իրադարձությունները որակում է որպես լայնամասշտաբ մարտեր։ Ռուսական պարբերականը գրում է, որ դրանք հիշեցնում էին անցած տարվա պատերազմը՝ հրետանու և զրահատեխնիկայի կիրառմամբ:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Էյվազլիի հատվածում Ադրբեջանի կողմից որևէ սահմանային հսկողություն չիրականացնելու գինը լինելու էր միջանցքային տրամաբանությունը․ Փաշինյան"Коммерсантъ"-ը հիշեցնում է, որ երեկվա մարտերին նախորդել էր ադրբեջանական մաքսակետերի տեղադրումը Սյունիքից Երևան ճանապարհին, որի որոշ հատվածներ անցնում են Ադրբեջանի տարածքով։ Ռուսական պարբերականը շեշտում է՝ դատելով այն հանգամանքից, որ այդ մաքսակետերը հայտնվել են ճիշտ այն պահին, երբ Հայաստանի իշխանությունները հայտարարեցին այլընտրանքային ճանապարհի կառուցումն ավարտելու մասին, կարելի է ասել, որ մաքսակետերի տեղադրումը նախապես համաձայնեցված էր Երևանի և Բաքվի միջև։