Մատչելիության հղումներ

Երևանը Մոսկվայից դիվանագիտական և ռազմական օգնություն է ակնկալում, դիմումը պատրաստվում է. ԱԽ քարտուղար


Երևանը Մոսկվայից դիվանագիտական և ռազմական օգնություն է ակնկալում, Ռուսաստանի մայրաքաղաքում ԱՊՀ պետությունների Անվտանգության խորհուրդների քարտուղարների հանդիպմանը, ըստ ռուսական «Կոմերսանտի», հայտարարել է Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարը։ Արմեն Գրիգորյանն ընդգծել է, թե նախապատրաստվում է Երևանի գրավոր դիմումը Մոսկվային։

Երեկ հենց Գրիգորյանն էր հայտարարել, թե Հայաստանը իր տարածքային ամբողջականությունը պաշտպանելու կոչով դեռ բանավոր ընթացակարգով դիմում է ռազմավարական դաշնակցին՝ հիշեցնելով 1997 թվականից երկու երկրների միջև գործող պայմանագիրը։

«Այժմ ադրբեջանական զինուժը գտնվում է Հայաստանի ինքնիշխան տարածքում։ Սա ագրեսիայի ակտ է։ 1997 թվականին Հայաստանն ու Ռուսաստանը պայմանավորվել են փոխադարձաբար օգնել միմյանց նման դեպքերում։ Այդ պատճառով մենք դիմեցինք Ռուսաստանին»,- «Կոմերսանտին» ասել է հայաստանցի բարձրաստիճան պաշտոնյան:

Ճշտող հարցին, թե Երևանը Մոսկվայից ինչպիսի՞ օգնություն է ակնկալում՝ ռազմակա՞ն, թե՞ դիվանագիտական, Գրիգորյանը պարզաբանել է` Երևանը կողմ է խնդրի դիվանագիտական ճանապարհով լուծմանը, բայց եթե դա անհնար լինի, ապա պետք է խնդիրը լուծել ռազմական ճանապարհով։

Հայաստանի արևելյան սահմանագոտում երեկ ինտենսիվ մարտեր էին՝ զրահատեխնիկայի, հրետանու ներգրավմամբ։ Պաշտոնական Երևանը շեշտում է, որ ադրբեջանական ուժերը ներխուժել են Հայաստանի ինքնիշխան տարածք, Բաքուն պնդում է, թե հայկական կողմն է «սադրանքի դիմել»։ Երեկոյան Ռուսաստանի միջնորդությամբ կրակը դադարեցվեց։

«Ռուսական կողմի ակտիվ մասնակցության շնորհիվ ռազմական գործողությունները դադարեցվեցին, սակայն խնդիրը չլուծվեց, քանի որ ադրբեջանական զինուժը շարունակում է մնալ Հայաստանի ինքնիշխան տարածքում»,- ռուսական «Կոմերսանտի» հաղորդմամբ՝ ամփոփել է Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարը՝ հղում անելով խորհրդային տարիների քարտեզներին։

Արմեն Գրիգորյանը երեկ ասել էր, թե Հայաստանը կարծում է, որ առաջին հերթին Ռուսաստանի և ՀԱՊԿ-ի միջոցով հնարավոր է ճգնաժամը լուծել, սակայն Հայաստանի իշխանությունները չեն բացառում նաև այլ գործընկերներին դիմելու սցենարը։

Անվտանգության խորհուրդների քարտուղարների հավաքի ընթացքում ՀԱՊԿ Գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը, ինչպես էլ ամիսներ առաջ, այնպես էլ այսօր հասցեական դիրքորոշում չի հայտնել հայ-ադրբեջանական սահմանի լարվածության մասին, միայն արձանագրել է, որ չնայած գործադրվող ջանքերին` կողմերի միջև լարվածությունը պահպանվում է։

ՌԴ Անվտանգության խորհրդի տարածած հաղորդագրության մեջ շատ մանրամասներ չկան։ Նշվում է միայն, որ հանդիպմանը մասնակցել է Ռուսաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը, Ադրբեջանի անվտանգության խորհրդի քարտուղար Ռամիլ Ուսուբովը և Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։

Ավելի ուշ Հայաստանի ԱԽ-ն հաղորդագրությամբ տեղեկացրեց, որ իր ելույթում Գրիգորյանը նշել է, որ Ադրբեջանը ոչ միայն չի պահպանում նոյեմբերի 9-ի եռակողմ պայմանավորվածությամբ ձեռք բերված հրադադարի ռեժիմը, այլև չի կատարում վերոնշյալ համաձայնությունների արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունները: Իսկ Ադրբեջանի կողմից իրականացված ռազմական գործողությունները Հայաստանը դիտարկում է Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ ուղղված քայլ։

Միևնույն ժամանակ Արմեն Գրիգորյանն ընդգծել է, որ Հայաստանը հավատարիմ է մնում խաղաղ կարգավորման գործընթացին և պատրաստ է սկսել սահմանագծման և սահմանազատման գործընթացը, սակայն սրա հետ մեկտեղ իր սահմաններից վճռականորեն հետ է մղելու ցանկացած ռազմական ագրեսիա:

Հայաստանի անվտանգության խորհրդի գրասենյակը հայտնում է, թե Պատրուշևը հույս է հայտնել, որ հայ-ադրբեջանական սահմանային լարվածությունը շուտ կլիցքաթափվի, և որ ռուսական կողմը պատրաստ է Հայաստանին և Ադրբեջանին տրամադրել համապատասխան աջակցություն հայ-ադրբեջանական սահմանի սահմանագծման և սահմանազատման համար:

Հաղորդակցման ուղիների ապաշրջափակման մասին խոսելիս Գրիգորյանն ասել է, որ Հայաստանը մեծ կարևորություն է տալիս փոխվարչապետների մակարդակով կազմված ձևաչափին և պատրաստ է ներդնել բոլոր ջանքերը նոյեմբերի 9-ին և հունվարի 11-ին ձեռք բերված համաձայնությունները անխափան իրականացնելու համար: Ռուսաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևի հետ աշխատանքային հանդիպմանն էլ հայաստանցի պաշտոնյան քննարկել է տարածաշրջանային անվտանգության մի շարք հարցեր։

Ռուսական աղբյուրների հաղորդմամբ` ԱՊՀ ԱԽ ղեկավարների հանդիպման շրջանակում նախատեված չէր որևէ շփում Հայաստանի և Ադրբեջանի անվտանգության խորհրդի քարտուղարների միջև։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG