Մատչելիության հղումներ

Սա առիթ է, որպեսզի ՀԱՊԿ մոնիթորինգային խումբ տեղակայվի հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով․ Աղաջանյան


Կառավարությունը պետք է ջանք չխնայի, գործընթաց սկսի և հետևողական լինի, որպեսզի Հայաստանի ռազմավարական գործընկերները իրականացնեն իրենց կողմից ստանձնած պարտավորությունները, «Ազատության» «Հարցազրույց Կարլեն Ասլանյանի հետ» հաղորդման ժամանակ ասաց Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը։

Հայաստանի արևելյան սահմանագոտում երեկ ինտենսիվ մարտեր էին՝ զրահատեխնիկայի, հրետանու ներգրավմամբ, կողմերը կորուստներ ունեն։ Պաշտոնական Երևանը շեշտում է, որ ադրբեջանական ուժերը ներխուժել են Հայաստանի ինքնիշխան տարածք, Բաքուն պնդում է, թե հայկական կողմն է «սադրանքի դիմել»։ Երեկոյան Ռուսաստանի միջնորդությամբ կրակը դադարեցվել է։

Ընդգծելով, որ հակառակորդը որևէ պարագայում չպետք է մտածի, որ Հայաստանը հաշտվել է այս իրավիճակի հետ, ինչպես նաև հաշվի առնելով վերջին օրերին սահմանում տեղի ունեցող իրադարձությունները, Աղաջանյանը վստահ է՝ Հայաստանը պետք է ուղիղ խոսակցություն ունենա ռազմավարական դաշնակիցների հետ։

Մայիսին ադբեջանական զինված ուժերի` Հայաստանի տարածք ներխուժումից հետո Հայաստանը դիմել էր ՀԱՊԿ-ին, սակայն վերջինս բավարար ջանքեր չգործադրեց ճգնաժամի հանգուցալուծման ուղղությամբ․ պաշտոնական Երևանի դիմումից մեկուկես ամիս անց Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը հայտարարեց, թե Հայաստանի հարավում իրավիճակի սրումը «սահմանային միջադեպ է» և չի համապատասխանում կազմակերպության կանոնադրության դրույթներին։

Երեկ Հայաստանի ԱԽ գլխավոր քարտուղարը հայտարարեց, որ սահմանին վերջին օրերի իրադարձություններով պայմանավորված Հայաստանը դիմում է Ռուսաստանին՝ Հայաստանի տարածքային ամբողջականությունը պաշտպանելու կոչով՝ 1997 թվականից երկու երկրների միջև գործող պայմանագրի համաձայն։

Դիտարկմանը, թե ՀԱՊԿ-ն այն ժամանակ բավական բաց տեքստով ասաց, որ չի օգնելու, Աղաջանյանն այսպես արձագանքեց․ - «Նկատի ունեի մոնիթորինգային խմբի գործուղման անհրաժեշտության մասին, այս գործընթացը ևս ինչ-որ պահի ոչ այնքան պարզ պատճառով կանգ առավ։ Ես կարծում եմ, որ սա առիթ է, որպեսզի այս գործընթացը վերսկսվի և ՀԱՊԿ մոնիթորինգային խումբ տեղակայվի հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով, որպեսզի վերջիվերջո թե՛ միջազգային հանրությունը, թե՛ մեր գործընկերները ստանան այդ հարցի պատասխանը՝ արդյոք Հայաստանն է սադրանքների հեղինակը, թե՞՝ Ադրբեջանը վերջապես»։

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել ստորև

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG