Մատչելիության հղումներ

Հայ սահմանապահները արգելում են հայկական համարանիշներով մեքենաներին երթևեկել Գորիս-Կապան ճանապարհի 21 կիլոմետրանոց հատվածով


Տաթև-Աղվանի ճանապարհի կառուցման ավարտին զուգահեռ ադրբեջանական կողմն այսօրվանից մաքսակետեր է տեղադրում Գորիս-Կապան ճանապարհի՝ իր վերահսկողության տակ գտնվող հատվածում:

Դա է պատճառը, որ Հայաստանի ԱԱԾ սահմանապահ ծառայողներն այսօրվանից հայկական համարանիշներով մեքենաներին արդեն արգելում են այս ճանապարհով երթևեկել:

Սահմանապահններն այսօր կեսօրին մեր նկարահանող խմբին ևս արգելեցին երթևեկել այս ուղղությամբ: Ասացին, թե կեսգիշերից է արգելքը դրվել, ադրբեջանական կողմը մաքսակետեր է կառուցում: Տարածքում արգելվում է նաև նկարահանումը:

Ադրբեջանցիները Գորիս-Կապան ճանապարհի 21 կիլոմետրանոց հատվածի վերահսկողությունը վերցրին 44-օրյա պատերազմից հետո, իսկ մոտ 2 ամիս առաջ այդ հատվածում ոստիկանական հենակետ տեղադրեցին և իրանցի վարորդներից ճանապարհն անցնելու համար սկսեցին տուրք պահանջել։ Հայաստանի քաղաքացիները, այդուհանդերձ, ԱԱԾ սահմանապահների ուղեկցությամբ մինչև երեկ օգտվում էին ճանապարհից:

Չնայած նրան, որ արդեն կառուցվել է այլընտրանքային Տաթև-Աղվանի ճանապարհը, այս ճանապարհից շարունակում են օգտվել իրանցի վարորդները բեռնափոխադրումներ իրականացնելու համար: Նրանց արգելված չէ անցնել ճանապարհի այս հատվածքով:

Դեռևս հայտնի չէ, թե արդյոք այդ ճանապարահատվածը հասանելի կլինի հայկական կողմին և արդյոք ադրբեջանական կողմն է խնդիրներ առաջացրել, թե հայկական կողմն է որոշել արգելել Հայաստանի քաղաքացիների երթևեկությունը:

XS
SM
MD
LG