Այսօր ժամը 10-ի դրությամբ իրադրությունը Հայաստանի արևելյան սահմանագոտում, ուր տեղակայված հայկական դիրքերի վրա նախորդ օրը լայնածավալ հարձակում էին գործել Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները, հարաբերականորեն կայուն է, կրակի դադարեցման պայմանավորվածությունը հիմնականում պահպանվում է, հաղորդում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։
Հաղորդագրության համաձայն՝ հայկական կողմն ունի 1 զոհված և 13 գերեվարված զինծառայող։ Եվս 24 զինծառայողի հետ կապը կորել է մարտական գործողությունների ընթացքում, և նրանց ճակատագիրն այս պահին անհայտ է։ Զինծառայողների հայտնաբերման ուղղությամբ ընթանում են ինտենսիվ աշխատանքներ։ Հակառակորդի վերահսկողության տակ է անցել երկու մարտական հենակետ, նշում է Հայաստանի ռազմական գերատեսչությունը։
Ռուսական կողմի միջնորդությամբ ընթանում են բանակցություններ՝ ստեղծված իրավիճակի հանգուցալուծման և գերեվարված հայ զինծառայողների վերադարձի շուրջ, նաև ասված է հաղորդագրությունում։
Ադրբեջանական կողմը հրադադարի մասին տեղեկացնելուց հետո այլ հաղորդագրություն սահմանային իրավիճակի վերաբերյալ չի տարածել։ Բաքուն մինչ այժմ հաղորդել է միայն իր 2 վիրավորված զինծառայողների մասին։
Հայաստանի արևելյան սահմանագոտում երեկ ինտենսիվ մարտեր էին՝ զրահատեխնիկայի, հրետանու ներգրավմամբ։ Պաշտոնական Երևանը շեշտում է, որ ադրբեջանական ուժերը ներխուժել են Հայաստանի ինքնիշխան տարածք, Բաքուն պնդում է, թե հայկական կողմն է «սադրանքի դիմել»։ Երեկոյան Ռուսաստանի միջնորդությամբ կրակը դադարեցվել է։