Մատչելիության հղումներ

ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանելու համար դիտարկվում է դիվանագիտական պրակտիկայի բոլոր գործիքների կիրառումը․ ՀՀ ԱԳՆ


Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը պաշտպանելու համար դիտարկվում է միջազգային իրավունքի և դիվանագիտական պրակտիկայի բոլոր գործիքների կիրառումը, այսօր, պատասխանելով լրատվամիջոցների հարցերին, ասել է Հայաստանի արտգործնախարարության մամուլի քարտուղարը:

Վահան Հունանյանը մանրամասնել է՝ Հայաստանը անմիջական ու բազմամակարդակ կապի մեջ է դաշնակից Ռուսաստանի հետ։ Ընդգծելով վարչապետի և Ռուսաստանի նախագահի երեկվա հեռախոսազրույցը՝ նա ասել է, որ Նիկոլ Փաշինյանը Վլադիմիր Պուտինին է ներկայացրել իրավիճակը:

«Այս համատեքստում, երկու երկրների ղեկավարները քննարկել են հնարավոր համատեղ քայլերը, որոնց իրականացումն ամրագրված է երկկողմ իրավապայմանագրային հենքով և համահունչ է դաշնակցային հարաբերություններին», - ասել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղարը։

Հայաստանի արևելյան սահմանագոտում երեկ ինտենսիվ մարտեր էին՝ զրահատեխնիկայի, հրետանու ներգրավմամբ, կողմերը կորուստներ ունեն։ Պաշտոնական Երևանը շեշտում է, որ ադրբեջանական ուժերը ներխուժել են Հայաստանի ինքնիշխան տարածք, Բաքուն պնդում է, թե հայկական կողմն է «սադրանքի դիմել»։ Երեկոյան Ռուսաստանի միջնորդությամբ կրակը դադարեցվել է։

Հունանյանն այսօր ասել է, որ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունն արդեն իսկ տեղեկացրել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նախագահին ստեղծված իրավիճակի մասին:

ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանը երեկ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամների ուշադրությունն է հրավիրել վերջին օրերին Ադրբեջանի կողմից Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ զինված հարձակումների վրա՝ դրանք համարելով ՄԱԿ-ի կանոնադրության, միջազգային իրավունքի և2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթների խախտում։

Ընդգծելով, որ Ադրբեջանի ագրեսիվ գործողությունները վտանգում են իրավիճակի լիցքաթափմանն ուղղված միջազգային հանրության ջանքերը և լրջորեն խաթարում են տարածաշրջանում խաղաղության հեռանկարները՝ ՀՀ մշտական ներկայացուցիչը շեշտել է միջազգային դերակատարների կողմից հրատապ և արդյունավետ քայլերի անհրաժեշտությունը՝ հետագա սրացումը կանխարգելելու և Հայաստանի տարածքից Ադրբեջանի զինված ուժերի անվերապահ և ամբողջական դուրսբերումն ապահովելու նպատակով։

XS
SM
MD
LG